«Հայորդյաց տան» բեմում «Գիքորն» էր
Դեկտեմբերի 7-ին Մոսկվայի «Հայորդյաց տան» դահլիճը լեփ-լեցուն էր։ Չնայած ներկայացումը կեսօրից հետո էր, սակայն այն չէր խոչընդոտել հանդիսատեսի հոսքին։ Բեմում «ամենայն հայոց բանաստեղծի»՝ Հովհաննես Թումանյանի՝ «Գիքորը» ստեղծագործության բեմականացումն էր։
Կրթօջախի հայոց լեզվի ուսուցչուհի Երանուհի Ղազարյանն իր չորրորդ դասարանի սաների հետ հանդիսատեսին ստիպեց քար լռությամբ, երբեմն քրքիջով, երբեմն արցունքով հետևել ներկայացմանը։ Մի կողմում Թիֆլիսի քաղաքային անհոգ կյանքն էր, մյուսում՝ որդուն չվճարվող, բայցև քաղաքի՝ «մարդ դարձնող» ապագա խոստացող աշխատանքի գիրկը նետող գյուղացի հոր նկարագիրն էր։ Որն ընդմիջվում, գուցեև միացվում էր թիֆլիսյան կենցաղին հատուկ պարով։ Իսկ պարի հարցում աջակցել էր «Վարդավառ» համույթի գեղարվեստական ղեկավար Մարգարիտա Գրիգորյանն իր տաղանդաշատ սաներով։
Հովհ․ Թումանյանի ծննդյան 145-ամյակին նվիրված «Գիքորը» ներկայացման մեջ իրենց խաղով փայլեցին ԷլենԴալլաքյանը, Բազազ Արտեմի դերում՝ ԷրիկԴալլաքյանը, Համբոյի դերում՝ ԱրտավազդՋուլհակյանը, Աղջիկ պարոնի և Գիքորի մոր դերում՝ ՄարիամՀովհաննիսյանը։ Հատկանշական է, որ «Գիքորին» մարմնավորել էր Էլեն Դալլաքյանը։
Երանուհի Ղազարյանի նպատակը բեմականության միջոցով կրթօջախի կրտսեր սաներին Թումանյանի մեծության և նրա գեղեցկագույն ստեղծագործություններից մեկին ծանոթացնելն էր։ Ծանոթությունը հաջողված էր․ ներկա փոքրիկները կլանված և հետաքրքրությամբ էին դիտում ներկայացումը, իսկ մեծահասակներից շատերը, այդ թվում նաև մանկավարժներ, լուռ արտասվում էին։ Հենց այդ ամենագլխավոր զգացմունքներն ամենահասարակ, բայցև անմոռանալի ձևով փոխանցելու կարողությունում էր Թումանյանի մեծությունը, իսկ այդ ամենը հմտորեն և դիպուկ ներկայացնելը խոսում է ուսուցչի վարպետության մասին։
Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1988թ․ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը, իսկ բեմում վարպետությամբ փայլող փոքրիկներն ապացուցեցին՝ հայ ազգին ծնկի բերել չի կարող ոչ մարդածին, ոչ բնական աղետը և ոչ մի գործոն չի կարող խոչընդոտել, որ հայ ազգն ունենա տաղանդով փայլող սաներ և խոստումնալից ապագա։
Արմինե Կարեյան, Մոսկվա