Մաստրիխտում հարգանքի տուրք են մատուցել ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/12/unnamed-43.jpg)
Դեկտեմբերի 7-ին Սպիտակի աղետալի երկրաշարժի 26-րդ տարելիցի կապակցությամբ Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքի Սուրբ Կարապետ եկեղեցում Հոգեհանգստյան կարգ և մոմավառություն կատարվեց` ի հիշատակ երկրաշարժի զոհերի:
Սուրբ Կարապետ եկեղեցու ծխական խորհուրդը այդ մասին դեռ նախօրոք էր տեղեկացրել, այդ պատճառով բազմաթիվ մարդիկ էին եկել իրենց հարգանքը մատուցելու այլ բնակավայրերից:
Երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակման արարողությունն սկսվում է քահանա Տ․Մաշտոց Բաղդասարյանի և Արտակ Մանուկյանի մատուցած պատարագով: Թեև 26 տարի է անցել այդ ահասարսուռ օրվանից, այնուամենայնիվ շատերի հոգիներում տակավին թարմ էին դեկտեմբերի 7-ի կորուստն ու ցավը, վիշտն ու մորմոքը, փլուզվող շենքերի տեսարաններն ու տխուր պատկերները, որոնց հետևանքների վերացման համար էլի մաքառել է պետք:
Հոգեհանգստի կարգին հաջորդում է այս թեմայով բանաստեղծությունների ընթերցումը, որից հետո Սոնա Հովհաննեսը ցուցադրում է «Անիի ավերակները» իր նոր կտավը: Շնորհալի նկարչուհու ձեռքի գործերից է տեղի Սուրբ Կարապետ եկեղեցու խորանի պատկերի նկարազարդումը: Ի դեպ, եկեղեցու ծխական խորհուրդը’ Լևոն Սարգիսի գլխավորությամբ, ակտիվ քայլեր է ձեռնարկում Սուրբ Կարապետ եկեղեցու շենքը գնելու և լրիվ հայ համայնքին ծառայեցնելու ուղղությամբ:
Դեկտեմբերի 7-ին, Սպիտակի աղետալի երկրաշարժի 26-րդ տարելիցին նվիրված միջոցառումն ավարտվեց մոմավառությամբ’ առ աղոթք Աստված անմեղ զոհերի հոգիների:
«Նիդերլանդական Օրագիր»