Ջեմալ-փաշայի թոռը կներկայացնի Հայոց ցեղասպանության մասին իր գիրքը
Հասան Ջեմալը՝ Հայոց Ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Ջեմալ-փաշայի թոռը, դեկտեմբերի 11-ին Երեւանում կներկայացնի իր «1915. Հայոց ցեղասպանություն» գրքի հայերեն տարբերակը: Այս մասին տեղեկացնում է mediamax.am-ը:
Հանդիպումը Հասան Ջեմալի հետ կկայանա դեկտեմբերի 11-ին, ժամը 17:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում՝ Սիվիլիթաս հիմնադրամի «Սարն ի վեր» նախագծի շրջանակում:
Հասան Ջեմալը հայտնի լրագրող եւ գրող է։ Նա եղել է «Ջումհուրիյեթ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, «Սաբահ» եւ «Միլլիյեթ» օրաթերթերի սյունակագիրը: Հասան Ջեմալի լրագրողական աշխատանքում ծավալուն տեղ է գտել քրդական հարցը: Իր հոդվածների եւ հարցազրույցների համար Հասան Ջեմալն արժանացել է թուրքական կառավարության սուր քննադատությանը:
2012 թ. Հասան Ջեմալը տպագրել է իր «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը, որտեղ նկարագրել է իր անձնական փոխակերպումը մարդուց, որը մերժում էր Հայոց ցեղասպանությունը, մարդու, որն ընդունում է այն:
Օսմանյան կայսրության ռազմա-ծովային նախարար Ջեմալ-փաշան Հայոց Ցեղասպանության երեք հիմնական կազմակերպիչներից մեկն էր: 1922 թվականի հուլիսի 25-ին Պետրոս Տեր-Պողոսյանը եւ Արտաշես Գեւորգյանը սպանեցին Ջեմալ-փաշային Թիֆլիսում՝ «Նեմեզիս» օպերացիայի շրջանակում: