Իսրայելի հայ համայնքը հարգել է Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը

Իսրայելի «Նոյյան տապան» հայկական մշակույթի կենտրոնից NEWS.am-ին հայտնել են, որ Յաֆա քաղաքի հայկական եկեղեցում սգո պատարագ է մատուցվել, որից հետո մեծահասակները եւ երեխաները 25 մոմ են վառել՝ որպես Սպիտակի աղետի 25 հազար զոհվածի հիշատակի խորհրդանիշ: Երեկոյան համայնք ներկայացուցիչների մասնակցությամբ ընթրիք է մատուցվել:

1988 թ. դեկտեմբերի 7-ին՝ ժ. 11:41-ին, Հայաստանը ցնցել էր Սպիտակի ավերիչ երկրաշարժը: Կես րոպեում ստորգետնյա հզոր ցնցումներն ավերել էին հանրապետության գրեթե ողջ հյուսիսը՝ ընդգրկելով շուրջ 1 մլն բնակչությամբ տարածք:  Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակում, ցնցումների ուժգնությունը հասել էր մինչեւ 10 բալի (12 բալանոց սանդղակից): Ստորգետնյա ցնցումները զգացվել էին նաեւ Երեւանում եւ Թբիլիսիում:

Ըստ պաշտոնական տվյալի՝ զոհվել էր շուրջ 25 հազար մարդ, 19 հազար մարդ հաշմանդամ էր դարձել, առանց տանիքի էր մնացել 530 000 բնակիչ: Երկրաշարժի հետեւանքով հիմնահատակ ավերվել էր Սպիտակ քաղաքը: Աղետն ավերել էր նաեւ  մերձակա գյուղերը, 21 քաղաք եւ ավան, 324 գյուղ,  ոչնչացրել Հայաստանի երկրորդ քաղաքի՝ Լենինականի (ներկայիս Գյումրի)  բնակարանային, սոցիալական եւ արտադրական  ֆոնդի 80%-ը: Մեծ ավերածություններ էին տեղի ունեցել նաեւ հանրապետության երրորդ քաղաքում՝ Կիրովականում  (Վանաձոր): Երկրաշարժը շարքից հանել էր երկրի արդյունաբերական ներուժի շուրջ  40%-ը: Այն ժամանակ Հայաստանին օգնության էին հասել ողջ ԽՍՀՄ-ը եւ  աշխարհը:

Scroll Up