Արթուր Աբրահամը` Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ

Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ:

Գերմանական «BoxSport» ամսագրի ժյուրիի եւ ընթերցողների միջեւ անցկացված քվեարկության արդյունքում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հավաքել է 1053 ձայն՝ առաջ անցնելով Վլադիմիր Կլիչկոյից (775 ձայն) եւ Յոհան Պաբլո Էրնանդեսից (763 ձայն): Մեր հայրենակիցն այս անվանակարգում հաղթում է արդեն 6­րդ անգամ:

Արթուր Աբրահամի մարզիչը՝ Ուլի Վեգները, հաղթող է ճանաչվել «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում. նա այս
անվանակարգում հաղթում է արդեն 12­րդ անգամ:

Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է 1980 թվականի փետրվարի 20­ին, Երեւանում` Ներքին Չարբախում:

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բնակվում է 2003 թվականից: ՀՀ քաղաքացի լինելուց բացի` 2005 թվականից ունի նաեւ Գերմանիայի քաղաքացիություն: Դեռ վաղ մանկությունից աչքի է ընկել սպորտի հանդեպ մեծ սիրով: Մանկության տարիներին ՀՀ­ում զբաղվել է հեծանվասպորտով` դառնալով այս մարզաձևի Հայաստանի պատանիների բազմակի չեմպիոն: 2003 թվականից հանդես է գալիս գերմանական «Զաուերլանդ իվենթ» փրոմոութերական կազմակերպության ներքո, մարզիչն է անվանի Ուլի Վեգները, մենեջերը` Վիլֆրիդ Զաուերլանդը:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտում իր մարզական կարիերայի ընթացքում ունեցել է 45 մենամարտ, որոնցից 41­ում հաղթել է` համաշխարհային դասակարգման աղյուսակներում գրավելով առաջատար հորիզոնականներ: 5 տարի (2006, 2007, 2008, 2009, 2012) Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ: Հայոց բանակում ծառայած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը Հայաստանի զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» շքանշանակիր է (2007թ. հունիսի 1):

2011 թվականի սեպտեմբերի 16-­ին` ՀՀ անկախության 20­-ամյակի միջոցառումների շրջանակում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1­ին աստիճանի մեդալով:

2013 թվականի հունվարի 9­ին պարգեւատրել է ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով:

Scroll Up