Ստամբուլի Բիլգի համալսարանից կմեկնարկի «Մի ժամանակ հայեր կային» միջոցառումների շարքը

Թուրքիայից ջնջված հայկական մշակույթի մասին հիշեցնելու նպատակով դեկտեմբերի 9­ին Ստամբուլի Բիլգի համալսարանում միջոցառում տեղի կունենա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, հանդիպումը կլինի առաջինը «Մի ժամանակ հայեր կային» խորագրով միջոցառումների շարքում:

«2015 թվականին ցեղասպանության 100-­րդ տարելիցը հարմար առիթ է պատմության հետ մեր առերեսման համար: Ամեն տարվա նման 100­րդ տարում էլ ապրիլի 24­ին Ցեղասպանության ժամանակ զոհվածներին կհիշատակենք Թաքսիմի հրապարակում»,­ ասվում է հայտարարության տեքստում:

Ընդգծվում է, որ օսմանյան պատմության մեջ կարևոր տեղ զբաղեցնող հայկական մշակույթը ջնջվել է և դրանով իսկ հնարավոր չի եղել, որ նոր սերունդներն էլ դրա հետ ծանոթանան:

Դեկտեմբերի 9-­ին նախատեսված միջոցառմանը ներկա են լինելու գրող, հրատարակիչ Մուրաթ Բելգեն, ով ներկաներին կպատմի «Օսմանյան կայսրությունից մինչև հանրապետություն. հայերը գրականության մեջ» խորագրով իր գրքի մասին:

Ստամբուլահայ տենոր Արթուր Բաղդասարյանն էլ կպատմի իր կողմից պատրաստվող «Հայկական երաժշտություն» գրքի մասին:

«Միասին կհաղթենք խտրականությանն ու ազգայնականությանը»,­ նշվում է հայտարարության վերջում:

Scroll Up