Թուրքիայի մեջլիսում հայտնված օրինագիծը հավասարության նշան է դնում Հայոց ցեղասպանության ու քրդերի կոտորածների միջև. թուրքագետ

Թուրքիայում մարդկության դեմ կատարված հանցագործությունների ընդունման և կատարվածի համար ներողություն խնդրելու օրինագիծը հայկական շահերի տեսանկյունից ոչ թե հայանպաստ է՝ այլ քրդամետ: Նմանատիպ կարծիք
նոյեմբերի 29­-ին հայտնեց թուրքագետ, «Եփրատ» կենտրոնի նախագահ Գեւորգ Պետրոսյանը: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը:

«Այստեղ հավասարության նշան է դրվում քրդերի կոտորածների հետ՝ Հայոց ցեղասպանության հետ մեկտեղ հիշատակում են նաև Դերսիմի, Չորումի, Սեբաստիայի և Մարաշի կոտորածները, որտեղ արդեն տուժողների դերում եղել են քրդերը և ալևինները: Սա միայն Հայոց ցեղասպանության ճանաչմանը միտված օրինագիծ չէ, այլ մի քանի կոտորածների և դեպքերի ճանաչումը միաժամանակ անցկացնելու փորձ է: Այսինքն` փորձ է արվում հավասարություն դնել այդ բոլոր դեպքերի միջև: Իսկ իրենց մասշտաբներով և էությամբ դրանք տարբեր հարթություններում են՝ Հայոց ցեղասպանությունը անհամեմատելի է քրդերի տեղային կոտորածների հետ», նշեց Գեւորգ Պետրոսյանը:

Թուրքագետը մանրամասնեց, որ որոշ քրդական քաղաքական գործիչների կողմից Հայոց ցեղասպանության փաստը շահարկելու հետ մեկտեղ, փորձ է արվում ճնշումներ գործադրել թուրքական պետության նկատմամբ: Եվ հետաքրքրական է, որ հաճախ ցեղասպանության պատասխանատվությունը քրդարդական որոշ շրջանակներ փորձում են իրենց վրայից հանել՝ դնելով այն միայն թուրքական պետության վրա:

«Եփրատ» կենտրոնի նախագահի գնահատմամբ՝ սա մեծ աղմուկ առաջ բերեց Թուրքիայում, քանի որ աննախադեպ քայլ: Այնուամենայնիվ, այն իր մեջ ներառում է որոշ ենթակետեր, որոնք մեզ համար կարող են հանդիսանալ ռիսկային: Օրեր առաջ Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ­HDP) կին պատգամավոր Սեբահաթ Թունջելը Թուրքիայի խորհրդարան է ներակայացրել մի օրինագիծ, որով առաջարկում է, որ երկրի Նախագահ Ռեջեփ Էրդողանը ներողություն խնդրի հայերից Հայոց ցեղասպանության համար: Ընդ որում, ներողությունը նա պետք է խնդրի պաշտոնապես ողջ Թուրքիայի Հանրապետության անունից: Առաջարկվող օրինագծի համաձայն` Թուրքիայի Նախագահը պաշտոնապես ներողություն պետք է խնդրի խորհրդարանի ամբիոնից: Իսկ հաջորդ օրը կոտորածի վայրերից մեկում Նախագահի կողմից պետք է ընթերցվի ներողություն խնդրելու տեքստը: Դրանից հետո առավելագույնը 1 տարվա ընթացքում պետք է ստեղծվի խորհրդարանական հանձնաժողով, որի առաջ պետք է բացվեն պետական բոլոր արխիվները:

Scroll Up