The New York Times-ի անդրադարձը հայկական ուղղաթիռի խոցմանը
Ամերիկյան The New York Times պարբերականն անդրադարձել է Ադրբեջանի կողմից արցախյան օդուժի ուղղաթիռի խոցմանը, ինչը, աղբյուրի գնահատմամբ, «հետագա լարվածություն է վիճելի տարածքի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև լուծում չգտած պատերազմի ընթացքում»: Այս մասին հայտնում է Artsakhpress-ը:
Աղբյուրը մեջբերում է հայկական և ադրբեջանական մամուլի հրապարակումները, պաշտոնական հայտարարությունները, մատնանշում, որ դրանք հակասական են: Մատնանշվում են Ադրբեջանի հերքումները, թե այդ Բաքուն է խոչընդոտում մուտքն ուղղաթիռի կործանման վայր՝ կրակի տակ պահելով դա: Նաև այլ հերքումներ, թե հատուկ գործողություն է տեղի ունեցել՝ մարմինները դուրս բերելու համար, թե ադրբեջանցի զինվորներ են զոհվել գործողության ժամանակ:
Ուղղաթիռի կործանման միջադեպն աղբյուրը գնահատում է որպես «շատ լուրջ լարվածություն 25 տարվա հակամարտության ընթացքում»:
Նշվում է նաև, որ ամռանը գրանցված հրադադարի խախտումը նոր թափ էր հաղորդել Լեռնային Ղարաբաղի հարցում միջազգային միջնորդական ջանքերին: Այդ շարքից նշվում են Սարգսյան – Ալիև – Պուտին և Սարգսյան – Ալիև – Օլանդ հանդիպումները:
Հայաստանի ու Արցախի առնչությամբ նշվում է, որ զոհված օդաչուները զինվորական պատիվներով հուղարկավորվելու են «Հայաստանի զինվորական գերեզմանատանը՝ Եռաբլուրում», նրանք հետմահու պարգևատրվել են արցախյան արիության մեդալներով:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը, ինչի հետևանքով զոհվել է ուղղաթիռի 3 հոգանոց անձնակազմը՝ մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը, լեյտենանտ Ազատ Սահակյանը:
Նոյեմբերի 22-ին հաղորդվել է, որ ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության և մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:
Նախօրեին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում կայացել է ուղղաթիռի 3 հոգանոց անձնակազմի հոգեհանգստյան արարողությունը։