Վիրահայոց թեմի առաջնորդը և իրավական հարցերի բաժնի տնօրենը մասնակցեցին Վրաստանի նախագահի հետ հանդիպմանը

Նոյեմբերի 21-ին Վրաստանի նախագահի նստավայրում կայացավ Վրաստանի ժողովրդական պաշտպանին առընթեր կրոնական փոքրամասնությունների խորհրդի ներկայացուցիչների հանդիպումը Վրաստանի նախագահի հետ, որին մասնակցեցին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և Թեմի իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն Լևոն Իսախանյանը: Հանդիպմանը ներկա էին Վրաստանի ժողովրդական պաշտպան Ուչա Նանուաշվիլին և Վրաստանի նախագահ՝ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդական Սոֆիո Շամանիդին: Այս մասին հայտնում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վիրահայոց թեմից:

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին բարձր գնահատեց ժողովրդական պաշտպանի նախաձեռնությամբ, երկխոսության ձևաչափով հանդիպումը և նշեց, որ նման հանդիպումները կնպաստեն Վրաստանում հանդուրժողականության էլ ավելի զարգացմանը և Վրաստանի՝ եվրոպական երկրներին էլ ավելի մերձեցմանը:

Վրաստանի ժողովրդական պաշտպան Ուչա Նանուաշվիլին, կարևորելով երկրի ժողովրդական ուղիով առաջընթացին կրոնական փոքրամասնությունների մասնակցությունը նշեց, որ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները կօժանդակեն նրանց ընդգրկվածությանը երկրի կառավարման գործընթացին, ինչպես նաև տեղեկատվության փոխանակմանը և առաջացող հիմնախնդրների միասնական ուժերով լուծմանը:

Հընթացս հանդիպման, Վիրահայոց թեմի կողմից բարձրացվեցին եկեղեցիների վերադարձման,խորհրդային տարիներին բռնագրավված գույքի դիմաց փոխհատուցման հարցերը, ինչպես նաև հնչեց Ջավախքում և Ծալկայի շրջանում երկրի պետական լեզվի ուսուցմանը մեծ թափ հաղորդելու խնդիրը, որի լուծումը կնպաստի տեղի ոչվրացի բնակչության ինտեգրմանը վրաց հասարակությանը:

Կրոնական փոքրամասնությունների խորհրդի անդամների կողմից բարձրացված հարցերը Վրաստանի նախագահի և ժողովրդական պաշտպանի կողմից ընդունվեցին ըմբռնումով և միանշանակ որոշվեց երկխոսության ձևաչափով նման հանդիպումները դարձնել շարունակական:

Scroll Up