Պարգևատրվեցին «Թարմ գաղափարներ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակներում» համաժողովի հաղթողները

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ առաջարկվել է աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում միաժամամակ 1.5 միլիոն աղավնի բաց թողնել, որոնք կխորհրդանշեն Հայոց ցեղասպանության
1.5 միլիոն զոհերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունից, առաջարկն արվել է «Թարմ գաղափարներ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում» խորագրով համաժողովի հաղթողների պատվոգրերի հանձման հանդիսավոր արարողությունը մասնակից երիտասարդներից մեկի կողմից: Այս գաղափարը հնարավորություն կունենար գրանցվելու Գինեսի ռեկորդների գրքում:

Առաջարկների թվում են եղել նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից շրջիկ ցուցահանդեսների հիմնումը, որոնք կներկայացվեն ամբողջ աշխարհում, գրքերի և տեղեկատվական նյութերի թարգմանությունն այլ լեզուներով և տարածումը:

«Փաստարկ» ծրագրի շրջանակում սա երկրորդ մեծամասշտաբ միջոցառումն է եղել: ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը շնորհավորել է համաժողովի հաղթողներին և շնորհակալություն հայտնել վերջիններիս հետաքրքրության համար` նշելով, որ հենց երիտասարդներն են այսօրվա պահանջատերերը:

Համաժողովի հաղթող է ճանաչվել Երևանի պետական բժշկական համալսարանի չորրորդ կուրսի ուսանողուհի Տիգրանուհի Ղարագյոզյանը: Տիգրանուհին նշել է, որ ծրագրի մասին տեղեկացել է համացանցից: «Շատ հակիրճ փորձել եմ ներկայացնել իմ գաղափարները, քանի որ երբևէ հնարավորություն չեմ ունեցել խոսելու այս թեմայի շուրջ: Մասնագիտությամբ բժիշկ եմ և Հայոց ցեղասպանությամ մասին արտահայտվել եմ միայն ընտանեկան քննարկումների ժամանակ: Երբ իմացա «Փաստարկ» ծրագրի մասին, շատ ուրախացա և ներկայացրեցի 6 կետ, որոնք անհրաժեշտ եմ համարում իրականացել 2015-ին ընդառաջ: Հետագայում նույնպես մեծ հաճույքով կմասնակցեմ նմանատիպ միջոցառումների` անկախ այն բանից, թե դրանք կլինե՞ն մրցութային: Կարծում եմ, սա յուրաքանչյուր հային հուզող թեմա է, և պետք է բոլորս թեկուզ մեր փոքր լուման ներդնենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքում»,- նշել է առաջին մրցանակակիրը:

Միջոցառման կազմակերպիչները խոստացել են, որ մասնակիցների ծրագրերը կհանձնվեն խնդրով զբաղվող համապատասխան մարմիններին:

Scroll Up