Թեհրանում տոնել են ՀՅԴ 124-ամյակը

Նոյեմբերի 20-ին Թեհրանի Հ.Մ. «Արարատ» կազմակերպության «Կոմիտաս» սրահում տեղի է ունեցել ՀՅԴ 124-ամյակի տոնակատարությունը: Այս մասին հայտնում է Aparaj.am-ը:
Միջոցառմանը ներկա էին Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը, իսլամական խորհրդարանում իրանահայ զույգ պատգամավորները, ՀՅԴ Բյուրոյի անդամներ Վիգեն Բաղումյանը, Լեւոն Մկրտչյանը, Արցախի ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, մի շարք այլ հրավիրյալներ, հայրենակիցներ:
Բացման խոսքով հանդես եկավ Մելան Սէֆյանը, ով կազմակերպիչ հանձնախմբի անունից ողջունելով ներկաներին՝ ասաց. «Հայ ժողովրդի պատմության ամենաերկարակյաց ուղեւորներից մեկն այսօր նշում է իր հիմնադրման հերթական տարեդարձը: Տոնակատարութուններից բացի, տարեդարձները նաեւ հետ նայելու, ինքդ քեզ ու մյուսների արածն ու չարածը վերագնահատելու առիթներ են»:
Ապա բեմ հրավիրվեց օրվա բանախոս, ՀՅԴ Բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանը: Բանախոսն իր ելույթի ընթացքում ծանրացավ աշխարհաքաղաքական ներկա բարդ իրավիճակում Հայ Յեղափոխական Դաշնակցության առաքելությանը եւ որդեգրած ուղուն:
Այնուհետեւ հանդես եկավ Թ.Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը: Թեմակալ առաջնորդը, ողջունելով Հայ Յեղափոխական Դաշնակցության 124-ամյակը, ասաց. «Այսօր մեր ժողովրդի մի արժանավոր մասնիկը հավաքված է իր ե՛ւ սրտի խոսքը, ե՛ւ հարգանքը մատուցելու այն պատմակերտ ու գաղափարական կազմակերպությանը, որն անցնող 124 տարիների ընթացքում իր նվիրաբերող ծառայությամբ մեր ժողովրդին նվիրեց այն, ինչը ոչ մի քաղաքական կազմակերպություն չկարողացավ մինչ այդ տալ»:
Միջոցառումը հագեցած էր նաեւ գեղարվեստական մասով՝ ասմունքով , մեներգերով, պարային կատարումներով եւ այլն: