Հայաստանում հրատարակվել է Թուրքիայի Հանրապետության պատմության մասին առաջին հայերեն դասագիրքը
Հայ ուսանողներն ու ոչ մասնագիտական շրջանակներն այսուհետ կկարողանան Թուրքիայի Հանրապետության պատմության մասին տեղեկանալ հայ հեղինակների պատրաստած դասագրքի միջոցով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 20-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Թուրքիայի Հանրապետության պատմություն բուհական դասագրքի շնորհանդեսը: Դասագիրքը ԵՊՀ-ի և Գիտությունների ազգային ակադեմիայի համագործակցության արդյունքն է, որը Հայ լուսավորչական եկեղեցու հովանու ներքո տպագրվել է ամերիկահայ Ժիրայր Նիշանյանի հիմնադրամի հովանավորությամբ:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ մինչ այդ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժինը չի ունեցել Թուրքիայի պատմության վերաբերյալ հայերեն դասագիրք, կարևորեց այս աշխատության լույսընծայումը: «Ես արժեվորում եմ դասագրքի թողարկումը նաև քաղաքական առումով: Սա քաղաքական մեծ նշանակություն ունեցող քայլ է»,- ընդգծեց Սիմոնյանը:
Շնորհանդեսին ներկա ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ գրքի ստեղծումն ու հրապարակումը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և հայ նահատակների հիշատակին: «Սա քաղաքական տեսակետից լավագույն պատասխանն է բոլոր այն չկամ հարևաններին, որոնք տասնամյակներ, հարյուրամյակներ շարունակ նպատակ ունեին հասնել մի իրավիճակի, երբ հայ և հայերենով որևէ բան մոլորակի վրա չլիներ»,- ասաց նախարարը: Նա ողջունեց Հայաստանում տարեցտարի թուրքագիտության մակարդակի բարձրացումը` դա կարևորելով նաև Հայաստանի արտաքին քաղաքականության, ռազմավարության և ազգային անվտանգության մեխանիզմներ մշակելու համատեքստում: «Իհարկե, հայտնի խոսք կա, որ պատմությունը գրում են հաղթողները: Ես այս տեսակետից եմ ընկալում այս գիրքը, որովհետև Թուրքիայի Հանրապետության գոյության իմաստներից մեկը Հայաստանի չգոյությունը պետք է լիներ: Մեր պետության գոյությունը, մեր պետության ներսում ԵՊՀ-ի գոյությունը, հայ գիտնականի ու մտավորականի աշխատանքը ապացույցն է նրա, որ ես կարող եմ ընկալել այս դասագրքի լույս ընծայումը որպես «Պատմությունը գրում են հաղթողները» թեզի շարունակություն, որովհետև նման պայմաններում նման աշխատանքի ֆենոմենը ինձ համար հաղթած ժողովրդի մտավորականների գործունեության արդյունքն է»,- նշեց Աշոտյանը:
Գրքի համահեղինակ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ նման աշխատության հրատարակման կարիքն արդեն վաղուց կար: «Անկախ Հայաստանը պետք է ունենար և ունի իր ուրույն դասագրքաստեղծ քաղաքականությունը, որի հիմքում պետք է լինի ազգայինի, արդիականի և օբյեկտիվության միախառնումը: Սա ավելի կարևոր է, երբ հարցը վերաբերում է պատմությանը և երիտասարդ սերնդին պատմական օբյեկտիվ իրականության դասավանդմանը: ԵՊՀ-ում Թուրքիայի պատմություն դասավանդվում է տասնամյակներ շարունակ, սակայն մինչ այժմ դրա համար կիրառվել են խորհրդային, հնացած, որոշակի քաղաքական և գաղափարական կաղապարների մեջ գտնվող դասագրքեր և ուսումնաօժանդակ գրքեր: Այս և մի քանի այլ առումներով հայ գիտնականների կողմից գրված և պատմական օբյեկտիվ իրողություններն ու մեր ազգային տեսակետերը համակրող դասագիրքը, հիրավի, ունի գիտական, կրթական և գաղափարական նշանակություն»,- հայտարարեց Մելքոնյանը: Նա շտապեց ներկաներին ուրախացնել նաև այն նորությամբ, որ մինչև 2015 թվականի ապրիլը գիրքը ռուսերեն թարգմանելու և ռուսաստանյան կրթական համակարգում տարածելու առաջարկ է արդեն ստացվել Սանկտ Պետերբուրգից:
Գրքի շնորհանդեսին ներկա Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանն իր խոսքում ասաց, որ գիրքը հայ իրականության համար նույնքան կարևոր է, որքան հայ ժողովրդի պատմության դասագիրքը: «Մենք վեց-յոթ հարյուր տարի կողք կողքի ապրել ենք թուրք ժողովրդի հետ նույն տարածաշրջանում: Բարեբախտություն է սա, թե ողբերգություն, այլ հարց է, սակայն այստեղ դառը ճշմարտություն կա: Թուրքիայի Հանրապետության երկրորդ նախագահը` Իսմեթ Ինոնյուն, մի խոսք ունի, որտեղ ասում է «Ամենամեծ թշնամին ամենամոտ թշնամին է»: Այդ նույնը ես հետադարձ ուղղորդում եմ իրենց: Իրապես, մեր տեսանկյունից մեզ համար ամենամեծ թշնամին ամենամոտ թշնամին է այնքան ժամանակ, քանի դեռ չեք ճանաչում այդ երկիրն ու դրա պատմությունը»,- ընդգծեց Սեպուհ սրբազանը:
Նա համոզմունք հայտնեց, որ գիրքը կնպաստի հայերի շրջանում պատմական հիշողության պահպանմանը: ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ուրախությամբ նշեց, որ դասագիրքը գրված է հայկական տեսանկյունից, բայց բացարձակապես հայկական տեսակետը չի պարտադրում ուսանողին:
ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանն էլ փաստեց, որ նոր դասագրքի կիրառումը թույլ կտա դուրս
գալ նախկինում պարտադրված խորհրդաթուրքական հարաբերությունների մակընթացություններով և տեղատվություններով
պայմանավորված ուղերձներ պարունակող դասագրքերից: «Նոր ստեղծված դասագիրքը օբյեկտիվ դասագիրք է: Բայց այն նաև հաղթահարում է նախորդ դասագրքերի ողջ ոչ օբյեկտիվությունը»,- ընդգծեց Սաֆարյանը:
Նախարար Աշոտյանն առաջարկեց ԿԳՆ աջակցությունը դասագիրքը թուրքերեն թարգմանելու և սկզբնական շրջանում գոնե առցանց տարածելու գործում, որպեսզի թուրք երիտասարդությունը ծանոթանա սեփական պատմության այլընտրանքային տարբերակին: