Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թուրքական հատվածի կառուցումը հերթական անգամ խափանվել է

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղութուրքական հատվածի շինարարությունը դադարեցվել է:

Ինչպես հայտնում է Haqqin.az-ը թուրքական ԶԼՄ-ների վրա հղումով, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թուրքական հատվածի կառուցման մրցույթում հաղթած ընկերությունը պարտավորվել էր կատարել նախագծով սահմանված 110 մլն մանաթի (մոտ 140 մլն դոլար) բոլոր աշխատանքները: Սակայն ընկերությունն այդպես էլ չկատարեց աշխատանքների ամբողջ ծավալը: Լրացուցիչ ծախսերով նախագծի համար անհրաժեշտ գումարը հասավ 165 մլն մանաթի (մոտ 2010 մլն դոլար): Այնուամենայնիվ, շինարարական աշխատանքներն այդպես էլ չկատարվեցին:

PanARMENIAN.Net-ի փոխանցմամբ՝ 2012-ին երկաթուղու թուրքական հատվածի կառուցման կապալառու դարձան երկու այլ ընկերություններ: Հայտարարվեց, որ շինարարությունն ավարտին հասցնելու համար հարկավոր է սկզբնական հաշվարկները 12 անգամ գերազանցող գումար: Թուրքիայի կառավարությունը խզեց պայմանագրերն այդ ընկերությունների հետ: Այսօրվա դրությամբ երկաթուղու թուրքական հատվածի կառուցման համար ներդրվել է արդեն մոտ 204 մլն մանաթ և կատարվել է աշխատանքների նախատեսված ծավալի ընդամենը 39 տոկոսը:

Թուրքիայի տրանսպորտի նախարարության հաշվարկներով, աշխատանքներն ավարտին հասցնելու համար հարկավոր է ևս մոտավորապես 200 մլն մանաթ՝ մոտ 255 մլն դոլար: Նախագիծը պատրաստի այլընտրանք ունի՝ Գյումրի-Կարս երկաթուղին, որը կապում է Հայաստանն ու Թուրքիան, սակայն չի գործում թուրքական կողմից իրագործվող շրջափակման պատճառով: Հայ-թուրքական հաշտեցման փորձը «ֆուտբոլային դիվանագիտության» ընթացքում նույնիսկ կասեցրեց մի քանի տարով ԲԹԿ իրականացումը, քանի որ Գյումրի-Կարսի ապաշրջափակման դեպքում, բոլոր աշխատանքներն անիմաստ էին դառնում: Ավելի վաղ հայտարարվեց, որ նախագծի 8 տարվա գոյության ընթացքում ծախսվել է 2,8 մլրդ դոլար նախատեսված 422 մլն դոլարի փոխարեն, իսկ աշխատանքները կատարվել են 31 տոկոսով:

Scroll Up