Դերսիմի ջարդերի ոգեկոչման հավաք Ստամբուլում
1938 թվականին Դերսիմում տեղի ունեցած ջարդն ու կատարված սպանդները սկսել են հաճախակի օրակարգ մտնել, հակառակ նրա, որ տասնամյակներ շարունակ այս թեման լռության է մատնված եղել: Հարցը օրերս կրկին արծարծվեց, երբ Թուրքիայի Հանրապետական կուսակցության փոխկուսակցապետ Սեզկին Թանրըքուլուն հրապարակավ ներողություն խնդրեց Դերսիմի պատահարների համար: Նրա այս հայտարարությունը պառակտում առաջացրեց կուսակցության ներսում, նույն կուսակցությունից Ալի Րըզա Էոզթյուրքն էլ ասաց. «Ես ներողություն եւ այլն չեմ խնդրում, լավ է, որ զարկել ենք»: Այս մասին հաղորդում է horizonweekly.ca-ն:
Դեմոկրատ Հապեր լրատվական կայքի աշխատակից Հրանտ Գասպարյանը տեղեկացնում է, որ Գալաթասարայի հրապարակում օրերս կազմակերպվել է հանրահավաք ՝ Դերսիմի դեպքերի ընթացքում մահապատժի ենթարկված շեյխ Սեյիտ Րըզայի ու ընկերների սպանության 77-րդ տարելիցի առթիվ: Հանրահավաքի ընթացքում հնչեցին կարծիքներ, որ Դերսիմի դեպքերի կապակցությամբ ներողություն խնդրելը բավարար չէ, պետք է անհրաժեշտը կատարվի ու պետք է բացվեն արխիվները:
Հանրահավաքին մասնակից բազմաթիվ միությունների շարքում էր նաև Դերսիմի հայերի միությունը:
Դերսիմի Միությունների անունից ելույթ ունեցավ Հաթուն Էսենը, նշելով, որ Սեյիտ Րըզայի ու մահապատիժի ենթարկված նրա մյուս ընկերների թաղված տեղերը նույնիսկ գաղտնի են պահվում: Այնուհետև, խոսքը ուղղելով Անգարայի իշխանություններին, Էսենն ասաց. «Եթե անկեղծորեն ներողություն պետք է խնդրեք, եթե ձեր նպատակը կեղծիք ու խաբեություն չէ, ուրեմն հրապարակե՛ք, թե որտեղ են թաղված սպանվածների դիերը: Բացե՛ք արխիվները, արեք ամենը, որպեսզի այս հողերի վրա եւս մեկ անգամ ցեղասպանություն չիրագործվի»:
Ցեղասպանության տարիներին դերսիմցիները ապաստան են տվել ավելի քան 40 հազար հայերի: Դերսիմում ապաստանած շատ հայեր ալեւի են դարձել` յուրացնելով դերսիմցիների ապրելակերպը:
1938-ին, թրքական ճնշումների դեմ ծառացան Դերսիմի ցեղախմբերը` Սեյիտ Ռիզայի գլխավորությամբ: Ըստ դերսիմցի ժամանակակից մտավորականների՝ 1938-ի հեղափոխության ժամանակ դերսիմցիների կողքին զենք են վերցրել դավանափոխ եղած հազարավոր հայեր, իսկ ապստամբության տխուր վախճանին հաջորդող քեմալական բանակի ջարդերի ընթացքում` դերսիմցիների կողքին սպանվել եւ ջարդվել են նաեւ հայեր:
Այսօր, եւրոպացի մի շարք պատմաբանների կողմից ընդունված է այն տեսությունը, որ 1937-38 թթ. քեմալական ուժերի կողմից կոտորվել են 70 հազար դերսիմցիներ եւ հայեր: