Այսօր Գարեգին Սրվանձտյանցի ծննդյան օրն է

Բանասեր, բանահավաք, ազգագրագետ, հասարակական գործիչ, մանկավարժ Գարեգին Սրվանձտյանցը ծնվել է 1840թ. նոյեմբերի 17-ին, Կ. Պոլսում: Կրթություն է ստացել Վանում, Վարագա վանքի Ժառանգավորաց դպրոցում, որտեղ էլ հետագայում ուսուցիչ է կարգվել: Սրվանձտյանց – մեծ հայրենասերն իր ողջ կյանքն անմնացորդ նվիրել է հայրենյաց գործին, գրել է ազգային-ազատագրական պայքարին նվիրված հոդվածներ, աշխատել է «Արծվի Վասպուրական» թերթում` որպես խմբագրի տեղակալ, այնուհետև` «Արծվիկ Տարոն» երկշաբաթաթերթի խմբագիր: Նա, կատարելով գլխավոր խմբագրի պարտականությունները, նաև մշտապես գրել է բազմաբնույթ հոդվածներ, որոնցում արծարծել է հայ ժողովրդի, նրա անցյալի ու իր ապրած ժամանակաշրջանի կարևոր իրադարձություններին առնչվող տարաբնույթ հարցեր` ելակետ ունենալով հարազատ ժողովրդի հանդեպ տածած անմնացորդ սերն ու նվիրումը:

«Վարդ» կեղծանունով Սրվանձտյանցը թղթակցել է նաև Թիֆլիսի և Զմյուռնիայի մի շարք թերթերի: Երկար տարիներ հայ մանուկների սիրելի դասագիրքը եղել է Սրվանձտյանցի «Նոր ընթերացարան»-ը, որը հետագայում հենք է ծառայել նոր ստեղծվող այլ դասագրքերի համար: Սրվանձտյանցի կյանքի ու գործունեության կարևոր մասն են կազմում Մ. Խրիմյանի հետ որպես քարոզիչ ու նվիրակ կատարած շրջագայությունը Հայոց աշխարհի տարբեր գավառներում: Հենց այդ շրջանում էլ Սրվանձտյանցը հավաքել ու գրի է առել հայկական ժողովրդական բանահյուսության արժեքավոր կտորներ:

1867-ին նա վարդապետ է ձեռնադրվել, 1886-ին օծվել է եպիսկոպոս: Մշտապես կատարել է քարոզչական-հայրենասիրական աշխատանք, որի համար հալածվել է, պաշտոնազրկվել: Մեր հասարակությանն առավել հայտնի է նրա անունը որպես «Սասնա ծռեր» էպոսի «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» պատումի առաջին գրի առնող: Այդ պատումը, որը Սրվանձտյանցը գրի է առել Մշո Առնիստ գյուղի բնակիչ Կրպեից, տպագրվել է նրա «Գրոց ու բրոց» ավանդությունների ու զրույցների ժողովածուում: «Հնոց և նորոց» ծավալուն ու բազմաբովանդակ ժողովածուն (այն բաղկացած է գրավոր և բանավոր աղբյուրներից գրի առած զրույցներից, հանելուկներից, առակներից, հեքիաթներից, գեղջկական երգերից, ասացվածքներից, մեր պատմիչների մասին պատմություններից), հիրավի, գրական, պատմական մի բարձրարժեք հուշարձան է, որն ազգանվեր գործչի, մտավորականի ծավալած գործունեության  գլուխգործոցը կարելի է համարել:

Դժվար է պատկերացնել, որ ընդամենը 52 տարի ապրած մարդը կարող էր այդպիսի հսկայածավալ, բեղմնավոր գործունեություն ծավալել` մանկավարժ, հոգևորական, բանահավաք, ազգագրագետ, խմբագիր, լրագրող, քարոզիչ, ազգային-ազատագրական պայքարի մարտիկ…

Իր ապրած ժամանակաշրջանի և հնոց տարեգիրը եղավ նա` ազգի ու ազգայինի նվիրյալը` Գարեգին Սրվանձտյանցը:

Կարինե  Ավագյան

Scroll Up