Կրթօջախները պահելը սիրիահայ համայնքի թիվ մեկ խնդիրն է

Սիրիայի տարածքում ռազմական գործողությունները շարունակվում են: Լրատվամիջոցների հաղորդած տեղեկությունները երբեմն այն տպավորությունն են թողնում, թե ընդհանուր վիճակն ավելի հանդարտված կամ բորբոքված է: Իրականում, ինչպես նշում են տեղացիները, որոշ շրջաններում մարտերը հանդարտվում են, որոշներում՝ բորբոքվում: Սիրիայում ապրող մոտ 100 հազար հայերից 50 հազարն այսօր ապրում է երկրի առավել ապահով հատվածներում, հատկապես՝ ծովափնյա շրջաններում: Ոչ ճշգրիտ վիճակագրությամբ 30 հազարից ավելին լքել են Սիրիան:

Մեդիամաքս-ը փորձել է առաջին ձեռքից տեղեկանալ այդ երկրում տիրող իրավիճակին եւ հայերի խնդիրներին ու զրուցել է այս օրերին Հայաստանում գտնվող Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո Հայոց թեմի առաջնորդ Տ. Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանի եւ Մայր Աթոռի Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի հետ:

Կյանքը հայաշատ քաղաքներում

«Ամռանից սկսած Դամասկոսում եւ արվարձաններում պետական ուժերի եւ զինյալների միջեւ ծանր մարտեր են ընթանում, զինյալները ռմբակոծում են բնակելի շրջանները»,- ասում է Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը: Նրա խոսքով, զինյալները պարբերաբար փորձում են ներթափանցել Դամասկոսի կենտրոն եւ արվարձաններ, ուր նաեւ քրիստոնեական թաղամասն ու հայկական եկեղեցին են:

«Այս իրավիճակում եկեղեցական, մշակութային, կրթական եւ առօրյա կյանքը կազմակերպելը դժվարանում է»,- նշում է Դամասկոսի թեմի առաջնորդը:

Հալեպում իրավիճակը պարբերաբար սրվում է: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո Հայոց թեմի առաջնորդ Տ. Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանի փոխանցմամբ, այս տագնապի ընթացքում Հալեպի մայր գաղութը ստիպված է եղել ինքնակազմակերպվել:


Լուսանկարը՝ Reuters

«Սիրիահայերն իրենց ուժերին ապավինած են աշխատում, բայց նաեւ համահայկական օժանդակություններ էին անհրաժեշտ եւ եղան: Հալեպը վատ մագլցումների սկզբնավորության առաջ է, բայց հորիզոնին երկխոսության ճանապարհով լուծումների հնարավորություններ են երեւում, այդպես են արտահայտվում գոնե»,- հավելում է արքեպիսկոպոսը:

Սիրիայի մյուս հայաշատ քաղաքի՝ Հոմսի հայկական թաղամասը ռմբակոծված է եւ կիսաքանդ, իսկ քրիստոնյաներն ու հայերը լքել են քաղաքը՝ տեղափոխվելով մոտակա քրիստոնեական ավաններ:

«Մենք այնտեղ դպրոց ունեինք՝ 200 աշակերտով: Այն փակված է, դժբախտաբար, եկեղեցում պատարագ չի կատարվում, լուրջ վերանորոգման կարիք ունի: Սակայն, ավելի անհրաժեշտ է ժողովրդին օգնելը, քան այդ եկեղեցին վերանորոգելը, թեեւ դա եւս կա մեր ծրագրերում»,- ասում է Դամասկոսի թեմի առաջնորդը:

Ինչ վերաբերում է Քեսապին, ըստ Արմաշ Սրբազանի, նյութական, բարոյական, քաղաքական բոլոր ջանքերն ուղղվել են քեսաբահայությանն աջակցելուն, որպեսզի նրանք կարողանային օր առաջ վերադառնալ. «Դպրոցական տարեմուտի տվյալներով, բնակչության 75-80 տոկոսը վերադարձել էին իրենց տներ, անցել առօրյա կյանքին»:

Սիրիահայ համայնքը

Արմաշ եպիսկոպոսը շեշտում է, որ մարդիկ, թողնելով Սիրիան, վերջնականակապես չեն արտագաղթել եւ հույս է հայտնում, որ ռազմական գործողությունները շուտ կավարտվեն, ու հայերը կվերադառնան: «Եթե չկարողանան, պետք է հարգենք այն մարդկանց, ովքեր այս կամ այն պատճառով այլ վայրերում հաստատվեցին: Մեզ քննադատում են՝ ասելով, թե մարդկանց հորդորում ենք եւ ստիպում, որ մնան Սիրիայում: Նման մտադրություն չկա: Հիմնական մարտահրավերն այսօր Սիրիայում մնացած ընտանիքներին օգնության հասնելն է, բայց նաեւ հարգում ենք այն մարդկանց որոշումը, ովքեր տնտեսական խնդիրների պատճառով, իրենց գոյությունը պաշտպանելու համար հեռանում են», – ասում է նա:

Շահան արքեպիսկոպոսի խոսքով, Սիրիայի հայ համայնքը մեծ վնասներ է կրել թե նյութական, թե բարոյական առումով. «Պատերազմը, դժբախտաբար, շարունակվում եւ երկարում է, չգիտենք՝ ուր կարող է հասնել: Վնասներ կրած տարածքներից սիրիահայությունը ստիպված էր հեռանալ, եւ դրանք արդեն դատարկված են: Սիրիաբնակ հայերը շարունակում են նեղություններ կրել: Մենք Ցեղասպանության 100-ամյակի շեմին ենք, սիրիահայ համայնքը, որ մոտ 1000 տարվա պատմություն ունի եւ Ցեղասպանությունից հետո նոր ընթացք ունեցավ, այսօր իսկապես լուրջ մարտահրավերների եւ դժվարությունների դիմաց է: Երկրում գործող բոլոր եկեղեցիները, կառույցները, միությունները, մեկ հոգի եւ մեկ սիրտ գաղափարով, միասնաբար աշխատում են անվտանգության, կենցաղային եւ կրթական խնդիրները լուծելու համար»:

Դպրոցները, եկեղեցիներն ու ակումբները

Սիրիահայ համայնքի կրճատման հետեւանքով, Արմաշ սրբազանի բնորոշմամբ, եկեղեցական ազգապատկան կառույցների պահպանությունը դժվարանում է:

«Ի վերջո, ո՞վ պիտի պահի դրանք եւ ո՞վ պիտի իրավատեր լինի: Սիրիայում մենք տեր էինք մեր բոլոր կրթական, մշակութային, կրոնական իրավունքներին: Հիմա դժվարանում է կրթական օջախների պահպանումը, որոշ դպրոցներ փակ են ռազմական թեժ կետերում գտնվելու պատճառով, որոշ դպրոցներ միացրել ենք իրար, քանի որ դասերի ժամերին ռազմական գործողությունները, դժբախտաբար, ակտիվանում են: Եղան երեխաներ, որոնք վիրավորվեցին եւ նահատակվեցին: Ինչ վերաբերում է եկեղեցական արարողություններին, պետք է նշել, որ ժողովուրդը հերոսաբար հաճախում է դրանց: Բայց նաեւ հաճախակի է լինում, որ առավոտյան ժամերին են սկսում մարտական գործողությունները, եւ մարդիկ փողոց դուրս գալ չեն կարողանում»,- պատմում է նա:


Լուսանկարը՝ Reuters

Շահան արքեպիսկոպոսը շեշտում է, որ այժմ ուշադրության կենտրոնում կրթական օջախները բաց պահելն է ու այդ իմաստով ամեն զոհողության գնում են: Ըստ նրա, որոշ եկեղեցիներ ստիպված են եղել փակել, քանի որ այրված կամ վտանգավոր հատվածներում են:

«Ազգային առաջնորդարանն անցնող օրերին ռումբերի թիրախ դարձավ, իսկ նախորդ շաբաթ մուտքի մոտ ընկած ականի հետեւանքով մեր պահակը նահատակվեց: Եկեղեցիներն ամեն դեպքում գործում են: Իհարկե, անբնական իրավիճակի մեջ բնական կյանք հնարավոր չէ, սակայն համայնքը տակավին աշխույժ է, գործում է վերակազմակերպված ձեւով, պատասխանատուների կրկնապատկված պարտավորություններով: Փորձում են օրվա կացությանը համապատասխան շարժվել, քանի որ եթե անվտանգությունը մեկ խնդիր է, մյուս մեծագույն հարցը տնտեսական տագնապն է: Ապրելը, ապրուստ ապահովելը բավական բարդ է: Այդուհանդերձ փորձում ենք նաեւ մշակութային կյանքը պահել»,- ավելացնում է Բերիո Հայոց թեմի առաջնորդը:

Ակնկալիքներ Հայաստանից 

Դամասկոսի հայոց թեմի առաջնորդն ասում է, որ հիմնական սպասելիքն այն է, որ համահայկական նվիրատվություններով օգնության ձեռք մեկնեն հայ ընտանիքներին. «Բայց այսօր ավելի լուրջ խնդիր ունենք, մեծ ընտանիքի՝ կրթական օջախների պահպանության խնդիրը: Մեր կրթօջախները գործում են աշակերտների վճարների հաշվին, իսկ ընտանիքներն այսօր ի վիճակի չեն վճարել: Մեր խնդրանքն է, որ Սփյուռքը, քույր գաղութները եկեղեցին եւ Հայաստանի Հանրապետությունը յուրահատուկ ուշադրություն դարձնեն ու աջակցեն, որպեսզի կարողանանք բաց պահել դրանք: Հավատում եմ, որ նաեւ կկարողանանք գաղութի ապագան ապահովել: Ապահովություն տալով հայ մանուկին՝ ապահովություն ենք տալիս նրա ծնողին եւ ընտանիքին»:

Ինչ վերաբերում է անվտանգությանը, Տ. Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը նկատում է, որ սիրիահայերն օրենքով իրավունք ունեն երկքաղաքացիություն ստանալու, եւ այդ գործընթացը լավագույն ձեւով ընթացքի մեջ է:

«Սիրիահայերը, մեծամասամբ, նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեն, հետեւաբար՝ օրենքով պաշտպանված են: Բայց գործնական պաշտպանվածությունը սիրիահայ ղեկավարությունն է, որ անում է՝ ժողովրդին ապահով վայրերում կենտրոնացնելով: Մեր Աստծուն ենք ապավինում, որ իր պաշտպանվածությունը տա մեզ: Զարմանալին այն է, որ պատերազմի ամբողջ տեւողության ընթացքում հայ զոհերը համեմատաբար ավելի քիչ են: Կանք, շարունակում ենք ապրել ու հիշում ենք մեր նահատակներին»,- ասում է Բերիո Հայոց թեմի առաջնորդը:

Մարի Թարյան

Scroll Up