ՀՀ ՊՆ. Ուղղաթիռի խոցման հետեւանքները շատ ցավոտ են լինելու Ադրբեջանի համար

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից արցախյան ուղղաթիռի խոցումը եւ ստեղծված աննախադեպ լարման հետեւանքները ադրբեջանական կողմի համար շատ ցավոտ են լինելու եւ մնալու են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին: Այս մասին հայտնում է mediamax-ը:
«Արցախի սահմանին ադրբեջանական կողմից աննախադեպ սադրանք է տեղի ունեցել, որը հանգեցրել է նաեւ իրավիճակի լարման: Անմիտ են ադրբեջանական կողմի այն հերյուրանքները, թե իբր հայկական ուղղաթիռները գրոհ են իրականացրել իրենց դիրքերի ուղղությամբ եւ իրենց պատասխանել են: Ուղղաթիռի բեկորների ուսումնասիրությունը թույլ կտա հաստատել, որ ուղղաթիռը զինված չի եղել: Իրավիճակի այս լարումը ադրբեջանական կողմից շարունակվում էր, երբ ուղղաթիռը արդեն ընկած էր: Ավելին` ադրբեջանական կողմի կրակահերթը նաեւ թույլ չէր տալիս, որ անգամ օդաչուներին մոտենան»,- Facebook-ի էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
ՄԻ-24 ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը: ՊՆ խոսնակը նշել է, որ ուղղաթիռի անձնակազմի ճակատագրի մասին տեղեկություններ կհայտնեն ավելի ուշ: