Բրատիսլավայում բացվեց «Հայաստան. քարերի գաղտնիքը» խորագրով ցուցահանդեսը (լուսանկարներ)
Նոյեմբերի 11-ին Սլովակիայի մշակույթի նախարարության սյունազարդ դահլիճում բացվեց «Հայաստան. քարերի գաղտնիքը» լուսանկարչական ցուցահանդեսը, որը կազմակերպել էին Հայաստանի, Սլովակիայի մշակույթի նախարարությունները, Չեխիայում եւ Սլովակիայում Հայաստանի դեսպանությունը։ Բացման հանդիսավոր արարողությանը ելույթ ունեցան Սլովակիայի մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Էմիլիա Կրժիկովան, Չեխիայում եւ Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը եւ Հայաստանի Ճարատարապետության Ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն, ճարտարապետության դակտոր, պրոֆեսոր Աշոտ Հայկազի Գրիգորյանը։ Ցուցահանդեսում ներկայացված են մոտ 50 վահանակ՝ 150 հայկական հուշարձանների լուսանկարներով։
Ինչպես հաղորդում է Չեխիայի «Օրեր» պարբերականը, միջոցառմանը ներկա էին նաեւ Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը, Հայաստանի մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանը, օտարերկրյա դիվանագետներ, մշակույթի եւ արվեստի գործիչներ, պատմաբաններ։
Ցուցահանդեսը կգործի մինչեւ նոյեմբերի 28-ը։ Ցուցահանդեսի համակարգողն էր Սլովակիայի մշակույթի նախարարության արտաքին կապերի բաժնի խորհրդական Լյուդմիլա Պալոնդերովան։