«Հայ գրքի տպագրությունը Ամստերդամում 17-րդ և 18-րդ դարերում». դասախոսություն Ամստերդամում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/11/0196.jpg)
Նոյեմբերի 16-ին «Աբովյան» մշակութային միության ակումբում’ Ամստերդամի Սուրբ Հոգի հայկական եկեղեցու 300-ամյակի տարեթվի շրջանակներում, պատկերների ցուցադրմամբ տեղի է ունենալու դասախոսություն «Հայ գրքի տպագրությունը Ամստերդամում 17-րդ և 18-րդ դարերում թեմայով»: Դասախոսությամբ հանդես է գալու Խաչիկ Պալըգճեանը, ով ուսումնասիրություններ է կատարում այդ ուղղությամբ: Այս մասին հայտնում է «Նիդերլանդական Օրագիր»-ը՝ վկայակոչելով Աբովյան մշակութային միության պաշտոնական կայքը:
Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցին հիմնադրվել է սրանից 300 տարի առաջ` 1714 թվականին, այդ ժամանակվա հայ վաճառականների կողմից: Այսօր արդեն գործող Եկեղեցու վարչությունը 2014-2015 թթ. հայտարարել է հոբելյանական տարի: Հոբելյանի առաջին միջոցառումը տեղի ունեցավ օրերս’ 2014 թվականի նոյեմբերի 9-ին, եկեղեցու խորանի վերանորոգված Սուրբ Սեղանի օծումով:
Եկեղեցու հիմնադրումից ավելի քան 50 տարի առաջ, շուրջ 1650 թվականին, Ամենայն հայոց կաթողիկոսի կարգադրությամբ Ամստերդամ են գալիս հայ հոգևորականներ` հայերեն գրքեր հրատարակելու նպատակով: Նրանց ջանքերով 1658-1669 և 1685-1718 ժամանակահատվածներում տպագրվել են տասնյակ հայերեն գրքեր, այդ թվում, առաջին հայերեն տպագիր Աստվածաշունչը: Հետևաբար’ 17 և 18-րդ դարերի Ամստերդամի հայ գաղութի կարևոր առանձնահատկությունը, եկեղեցու հիմնադրումից բացի, հանդիսանում է հայերեն գրքերի տպագրությունը:
Խաչիկ Պալըգճեանը, ով ծնվել է Իստամբուլում 1955 թվականին, խոր ուսումնասիրություններ է կատարել հոլանդական և հայկական արխիվներում 17 և 18-րդ դարերի Ամստերդամի հայկական գաղութի մասին և հատկապես այդ ժամանակվա հայ գրքերի տպագրության թեմաներն արծարծել: 2013 թ. նա հրատարակել է մի մենագրություն Ամստերդամի վերջին տպագրիչ Առաքել Տեր Առաքելենցի մասին (տե՛ս նաև գրքի շապիկը ներքևում):
Պատկերներով հարուստ այս դասախոսության ընթացքում Խաչիկ Պալըգճեանը կանդրադառնա, ի թիվս այլոց, իր նոր հայտնաբերած նյութերին` Ամստերդամում 17 և 18-րդ դարերում հայ գրքի տպագրության պատմության ընթացքին: