Կարինե Խոդիկյան. դիմանկար. ինքն իր հետ եւ իր մասին
Տե՛ր Աստված, կյանքը նոր է սկսվում
Ամեն օրը ապրում եմ նոր կյանքի զգացումով: Երիտասարդ տարիներին այս զգացումը չունեի, նույնիսկ եղավ մի ժամանակ, երբ արթնանում էի «համաշխարհային թախիծը» ուսերիս: Բայց ժամանակի ընթացքում սկսում ես գնահատել կյանքը, օրվա տարբեր անակնկալները, որոնք եթե իրենց հետ բերում են դառնություն ու հիասթափություն, բայց նաև`հաճելի պահեր, ինչպես ընտանեկան ջերմությունը և հարազատիդ ժպիտը: Քնելուց առաջ օրվա հետ «հաշիվներս փակում եմ», հիշում եմ` այդ օրը ինչ է եղել. թեկուզ ակամա, բայց մեկին ցավ եմ պատճառել, սխալ խոսք եմ ասել կամ ինչ-որ բան այն չեմ արել… մտածում եմ` վաղը կամ մեկ ուրիշ օր հարկավոր է ուղղել, հարթել: Իսկ առավոտյան ասում եմ. «Տե՛ր Աստված, փա´ռք քեզ, կյանքը նոր է սկսվում»:
Ես ու իմ «Ես»-ը
Ինքնակերության լավագույն դասական օրինակ եմ: Բայց դժգոհող չեմ: Քչով բավարարվող եմ, թեև եթե շատը լինի, հիանալիորեն կվայելեմ նաև այդ շատը: Դա նույնպես պիտի կարողանաս՝ շատը վայելել, քչով բավարարվել: Երբ հարազատներիս, մտերիմներիս ու ընկերներիս հետ եմ, ինքս ինձ հետ շատ հաշտ եմ: Իմ անհաշտությունը սկսվում է, երբ մենակ եմ մնում: Գուցե դա է պատճառը, որ շատ եմ սիրում ու գնահատում իմ մենակությունը: Այնտեղ եմ ստեղծել իմ «տարածքը», որը միայն իմն է, և ոչ մեկին, անգամ ամենահարազատին, թույլ չեմ տալիս մտնել այդտեղ: Բայց այդ տարածքում տեղի ունեցող մակընթացություններն ու տեղատվությունները, տանելն ու բերելը, մուտքն ու ելքը դառնում են այն գրվածքը, որը ընթերցողի սեղանին է: Հետաքրքիր է, չէ՞, ոչ մեկին թույլ չեմ տալիս մտնել այդ տարածք, բայց այնտեղ կատարվածի մասին ամեն ոք կարող է իմանալ ստեղծագործություններիս միջոցով: Իմ «ես»-ի հետ հաշտ եմ այնքանով, որ ապրում եմ այնպես , ինչպես պիտի ապրեմ նաև ա՛յս պահին: Հաշտ եմ ինքս ինձ հետ այնքանով, որքանով անհաշտ եմ իրականության, շրջապատում կատարվող աբսուրդի հետ:
Արտաքին ու ներքին աշխարհի օրենքները
Իմ «տարածքում» կա, մնացել է մանկությունիցս եկող չարաճճիությունը: Եթե իրական կյանքում կատարվող դեպքերն ինձ չեն զարմացնում, քանի որ «մեծավարի» մտածում եմ, որ այդպես էլ պետք է լինի, իմ աշխարհում ամեն ինչի վրա զարմանում եմ. դեռ չեմ դադարել զարմանալուց: Եթե ապրած տարիներս կարող են հարց տալ` սեր կա՞ առաջին հայացքից, ապա իմ «տարածքում» հաստատ գիտեմ, որ կա, ինչպես և՛ սիրո ցավ կա, և՛ բաժանումի ծանրություն, և՛ համբույրի գլխապտույտ: Ապրում եմ իրական կյանքի օրենքներով` համակերպվելով կամ չհամակերպվելով: Իսկ իմ «տարածքում» ես եմ տերն ու տիրակալը, ունեմ իմ օրենքները, ինչին ուզում` հավատում եմ, լինում է այնպես, ինչպես ես եմ ուզում, սակայն անգամ այստեղ երբեմն պատահում է՝ չեմ ուզում, բայց լինում է: Երբեմն իմ կերպարները դուրս են գալիս իմ «հսկողութունից» և սկսում իրենց օրենքներով ապրել: Երբ կերպարները սկսում են ինձ չլսել, հասկանում եմ` պիեսը կստացվի :
Իմ գործերում այնպիսին եմ, ինչպիսին ուզում եմ լինել
Կոնկրետ ստեղծագործություն, որտեղ ես եմ, չկա: Բայց որևէ մեկը, եթե կարդա գործերս, կծանոթանա իմ կերպարի հետ: Մի պիեսում ազատ, անկանխատեսելի եմ, մեկ այլ տեղ՝ արկածախնդիր… Իմ գործերում այնպիսին եմ, ինչպիսին ուզում եմ լինել: Ընտանիքս այն հանգրվանն է, որից հեռու ինձ չեմ պատկերացնում, բայց իմ պիեսում կինը կարող է տնից փախչել, հեռանալ՝ թեկուզ ժամանակավոր, մի քանի օրով:
Սեր մերձավորի հանդեպ
Կյանքի ամենամեծ գաղտնիքը սերն է մերձավորի հանդեպ: Ես կարող եմ սիրել: Գալիս է մի ժամանակ, երբ հանգիստ կարողանում ես ասել այդ մասին. Ես գիտեմ սիրո համն ու գինը, որը շատ ծանր է, բայց նաև` հրաշալի: Գիտեմ `ինչ է որդիական սերը, ծնողի, ընտանիքի, ինչպես նաև ընկերների նկատմամբ սերը: Իմ հերոսները ևս գիտեն սիրել: Սերը նաև հոգածություն է ու պատասխանատվություն: Քանի դեռ կյանքում պետք ես մեկին, չպետք է մտածել կյանքի իմաստի մասին. այն արդեն իմաստավորված է: Ամենամեծ երջանկությունը` դու պետք ես դիմացինին, թեև որքան շատ են նրանք, այնքան դժվար է քեզ համար, բայց միևնույնն է, դա հրաշալի է: Քանի դեռ գոնե մի մարդ քո կարիքն ունի, կյանքը և՛ իմաստ ունի, և՛ գույն:
Աստվա՞ծ, ճակատագի՞ր, թե՞ թուղթ ու գիր
«Էդիպ արքան» հազարամյակների միջով անցած գործ է և ժամանակին գրվել է ճակատագրի նկատմամբ մեծ հավատով, ինչպես Նարեկացին «Ողբն» է գրել` հավատալով Աստծուն: «Էդիպ արքան» 12 տարեկանում եմ կարդացել, անասելի տպավորվեցի, ու երևի այդտեղից է ճակատագրին «փոքր դոզայով» տուրք տալը: Դրան գումարած՝ տատիս խոսքը. «Ինչ ուզում է լինի՝ ճակատին գրված է»: Իմ մեջ կա ժամանակ առ ժամանակ ճակատագրին «ռևերանս» անելու զգացողությունը: Աստծո ներկայությունը օգնում է ապրել: Բայց ես նաև գիտեմ, համոզված եմ, որ գրականությունը «թուղթ ու գիր» է:
Վախենում եմ
Երբ գիտես, որ մեկը քո բարեկամը չէ, ինչ հարված էլ հասցնի, պատրաստ ես դրան: Վախենում եմ, երբ ամենամոտիկ մարդը թիկունքից է հարվածում: Ավելի դաժան բան չկա:
Մահիցս դեռ չեմ վախենում
Կարծում եմ` մահը գիտի, որ այստեղ գործեր ունեմ, իմ հարազատներին այստեղ դեռ պետք եմ, նաև մի քանի բաներ ունեմ գրելու: Մահ-ին հարգում եմ: Երբեմն իմ գրականության մեջ մահի հետ խաղ եմ անում: Ինչպե՞ս կլինի մահվան հետ իմ հանդիպումը… Մի բան եմ ուզում. թող անսպասելի չլինի: Գոնե մի քանի ակնթարթ իմանամ, որ այդ ճանապարհին եմ, քանի որ մինչև անդին անցնելը հոգուս հետ մի քանի հարցեր ունեմ:
Դժոխք, դրախտ կամ սեր ու կյանք
Երջանկությունը հոգու հաշտ վիճակն է: Երբ ապրում ես այնպես, ինչպես ուզում ես: Երջանկությունը սիրո բերկրանքն է: Ե´վ այն, և´ այս աշխարհում կա դժոխք և դրախտ: Կյանք, որ նման է դժոխքի, և դրախտ, որ սիրո բաժինն է:
Ազատություն
Ազատությունը… երբ անում եմ այն, ինչ չեմ կարող չանել:
Պատրաստեց Լիանա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ