Տորոնտոյում «Հայաստան» հիմնադրամի գալա-երեկոյի ընթացքում հանգանակված գումարը կուղղվի Արցախի զարգացմանը

Կանադայում ՀՀ դեսպանության հովանու ներքո հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարեկան գալա- ճաշկերույթը: Երեկոյի գլխավոր բանախոսն է եղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ելույթ է ունեցել Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը:

Դիմելով ներկաներին՝ նա շնորհավորել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի հիմնադրման 22-րդ հոբելյանը, անդրադարձել հիմնադրամի գործունեությանը Հայաստանում ու Արցախում՝ ընդգծելով Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործում աշխարհասփյուռ հայության ներգրավման կարևորությունը:

Դեսպան Եգանյանը հյուրերին է ներկայացրել նաև հայ- կանադական երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը:

Երեկոյի ընթացքում հավաքագրված ավելի քան կես միլիոն դոլարի նվիրատվությունները կուղղվեն Արցախի զարգացմանն ուղղված մի շարք կարևոր ծրագրերի իրագործմանը:

Scroll Up