Հայաստանը 2015թ. կշարունակի տնտեսական աջակցություն ցուցաբերել ԼՂՀ-ին

Հայաստանի Հանրապետությունը 2015թվականին ևս կշարունակի տնտեսական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը միջպետական վարկ տրամադրելու համար ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված է շուրջ 45 միլիարդ 500 միլիոն դրամ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ՀՀ վարչապետը:

Նա ընդգծեց, որ արտաքին տնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված միջոցառումները միտված կլինեն տնտեսական մրցակցության բարձրացմանը և համաշխարհային տնտեսությանն ինտեգրման խորացմանը: «Անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկվեն Եվրամիության արտոնյալ առևտրային ռեժիմից օգտվելու շարունակականության ապահովման համար, ինչպես նաև առանցքային շեշտադրում կկատարվի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության քայլերի արդյունավետ իրականացման համար»,- նշեց Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ վարչապետի ելույթը ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում

Scroll Up