ՌԴ պետական վերլուծական ինստիտուտի տնօրենի գրքի շնորհանդես` Երևանում

Հոկտեմբերի 29–ին ժ. 14:00-ին ՀՀ-ում ՌԴ դեսպանությունում տեղի կունենա Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի տնօրեն Լեոնիդ Ռեշետնիկովի «Վերադարձ Ռուսաստան: Երրորդ ճանապարհ կամ հուսահատության փակուղիներ գրքի» հայերեն տարբերակի շնորհանդեսը:
Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտը պետական գիտա-վերլուծական հաստատություն է, որի տնօրենը, համաձայն ՌԴ նախագահի հրամանագրի, 2009-թ ապրիլից պատմական գիտությունների թեկնածու, գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Ռեշետնիկովն է:
Նրա «Վերադարձ Ռուսաստան: Երրորդ ճանապարհ կամ հուսահատության փակուղիներ գիրքը» մեկ տարվա ընթացքում հրատարակվել է ռուսերեն, սերբերեն և բուլղարերեն լեզուներով: Գրքի հայերեն տարբերակը լույս է տեսել «Ռուս-հայկական համագործակցության գրադարան» մատենաշարի շրջանակում:
Հեղինակը իբրև Ռուսաստանի ազգային գաղափար առաջարկում է երրորդ ուղին` վերադարձը ռուսական ուղղափառ քաղաքակրթությանը, որի արժեքները ոչնչացվել են 1917 թ.: Ըստ Ռեշետնիկովի` «…1917 թ. փլուզվեցին ռուս ժողովրդի պետական և հոգևոր հենարանները, տեղի ունեցավ նրա ազգային ավանդական կոդի լուրջ ջարդվածք, որը վերջնականապես փշրվեց հետագա իրադարձություններից»: «…Բոլշևիզմը համաշխարհային պատմության մեջ առանձնահատուկ երևույթ է: Ոչ մի ռեժիմ, ո՛չ առաջ, ո՛չ հետո չի առաջացրել այդ աստիճանի աստվածամարտություն և ատելություն ազգայինի նկատմամբ: Բոլշևիզմի հիմքը եղել է հակաբարոյականությունը»:
Գրքի երևանյան շնորհանդեսը համատեղ կազմակերպում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը, «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը և Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտը (մասնակցության հայտերը կարելի է ներկայացնել 58-25-21, 091 00-46-64 հեռախոսահամարներով): Դրան կհաջորդի նաև Առաջին Աշխարհամարտի 100–ամյակին նվիրված «Մոռացված հաղթանակներ. Մեծ պատերազմի կովկասյան ճակատը» միջազգային գիտաժողովը, որը տեղի կունենա հոկտեմբերի 30–ին Գյումրիում:
Ավելացնենք, որ Լ. Ռեշետնիկովի գիրքը «Ռուս-հայկական համագործակցության գրադարան» մատենաշարի առաջին հայերեն հրատարակությունն է: 2012-2014 թթ. մատենաշարի շրջանակում Մոսկվայում ռուսերենով լույս են տեսել հետևյալ գրքերը. Ստանիսլավ Տարասով «Առասպելներ ղարաբաղյան հակամարտության մասին», Կիմ Բակշի «Արցախի հոգևոր գանձերը», Անտոնիա Արսլան «Ասք Մշո ճառընտիրի մասին», Ռաֆայիլ Զինուրով «Հայաստան. հազարամյակների ուղի…», «Հայաստան-Իրան: Պատմություն, մշակույթ: Փոխգործակցության ժամանակակից հեռանկարները: Հոդվածների ժողովածու», Ալեքսանդր Կռիլով «Սիբիրյան 29-րդ և 67-րդ հրաձգային գնդերը գերմանական ճակատում 1914-1918 թթ. (արխիվային նյութերի հիման վրա)»: