Ստեփանավանի հրապարակում բացվել է Սոս Սարգսյանի արձանը

Ստեփանավանի քաղաքային հրապարակում բացվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայ մեծանուն դերասան Սոս Սարգսյանի արձանը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մշակութային, հասարական գործիչներ:
Հայկական կինոյում եւ թատորոնում բազմաթիվ փայլուն դերեր մարմնավորած Սոս Սարգսյանի հայրենի քաղաքում տեղակայված արձանի հեղինակն է ճարտարապետ Դավիթ Մինասյանը:
Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը հանդիսավոր արարողության ընթացքում նշեց, որ մեծանուն դերասանն իսկական մարդու ու հայրենասերի կարծրացած, կատարյալ օրինակ էր բոլորիս համար, ով իր հավերժ ներկայությամբ կշարունակի օրինակ ծառայել թե իր հայրենի հողում մեծացող մատաղ սերնդի, եւ թե համայն աշխարհում ապրող յուրաքանչյուր հայի համար:
«Մենք մշտապես հայացք ենք ուղղում դեպի պատմության խորքերը՝ մեր մեծագույն գործիչների լույսից օգտվելու եւ դրանով առաջնորդվելու համար: Սակայն պետք է հիշենք, որ ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում` հենց մեր կողքին է ապրում իսկական հայը, իր ազգի իրական նվիրյալը, ուղղակի պետք է կարողանանք, պետք է սովորենք տեսնել միմյանց: Սոս Սարգսյան հայը մեր ազգի հավաքական կերպարն էր՝ իր բոլոր լուսավոր ու
լավագույն կողմերով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց հոգեւորականը:
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը, հիշեցնելով, որ Սոս Սարգսյանը երկար տարիներ ղեկավարել է կրթօջախը, նշեց, որ մեծ դերասանի ներկայությունը այսօր առավել նկատելի է հենց նրա բացակայության պայմաններում:
Մարդ, հայ մարդ, ով մարմնավորում էր մեր «մենք»ը, մեր հավաքականությունն ու միասնականությունը: «Սոս Սարգսյանն այնքան նման է մեր լեռնաշխարհին, դարերի խորքից իրենց խոսքն ասած մեր գրիչներին, ծաղկողներին, մագաղաթ պատրաստողներին, շինականին: Հայկական մշակույթի լեգենդը կարողացավ իր անհատական արժանիքներով ու իր մարմնավորած փայլուն կերպաներով՝ Ձորի Միրոյով, Նահապետով, Համբոյով արտացոլել հային՝ իր ողջ գունապնակով, կարողացավ աշխարհին ներկայացնել մի ամբողջ ազգ»,- նշեց Դավիթ Մուրադյանը:
Միջոցառման ժամանակ ներկայացվեցին հակիրճ դրվագներ անվանի դերասանի կերտած դերերից: