Մուշեղ Իշխան (Ճենտերեճյան)-100. Անանց արժեքներ

…Խունացած լուսանկարից նայող մանուկը՝ հազիվ 3-4 տարեկան է, փափլիկ ձեռքում խնձոր է պահել, իսկ աչքե՜րը… Մանկան տխու՜ր աչքեր, որբի՜ աչքի, հայի՛ աչքե՜ր… Հազիվ մեկ տարեկան էր այդ փոքրիկը, երբ բարբարոսաբար իր պատմական Հայրենիքից տարագիր եղավ, մութվեց ու բնաջնջման գաղտնի ծրագրի զոհը դարձավ Արարչագործ նախաստեղծ մի ողջ ժողովուրդ: Հրաշքով եղեռնից մազապուրծ եղած, Արևմտյան Հայաստանի գյուղերից ու քաղաքներից Դեր Զորի դժոխային անապատներից դեպի անհայտություն, մահվան երախ շարժվող միլիոնավոր հայերից քչերը ողջ մնացին ու   սփռվեցին աշխարհով մեկ:Անկարայի նահանգի Սիվրիհիսար գյուղաքաղաքում ծնված Մուշեղ  Իշխանը  (Ճենտերեճյանը)՝ ապագա մեծ  գրողը, դրամատուրգն ու գրաքննադատը, հրապարակախոսն ու մանկավարժը, պարտադրված գաղթի, կոտորածի ճանապարհներին կորցրած մորը գտավ միայն 37 տարի անց…

Բարի՜,  բարի՜ հայ մայրեր, ահա կ՛իյնանք ձեր առջև,

Օրհնեցեք մեզ սրտագին ձեր իսկ ձեռքով թառամող,

Որ չմարի կես ճամբուն աստղ ու հավատք մեր վերև

         Եվ ձեզի տանք, ձեր մահվան, հայ աշխարհեն ափ մը հող..

Մի դրախտավայր  Հայրենիք կորցրած  Ճենտերեճյանների բաժան-բաժան եղած  ընտանիքը, փոքրիկ Մուշեղին  որդեգրած ու խնամած հորեղբոր կինը  «ափ մը հող» գտան օտար ափերում: Մուշեղ Ճենտերեճյանն իր ուսումն սկեսեց  Դամասկոսի  Ազգային վարժարանից, 1935-ին շարունակեց Բեյրութի Հայ ճեմարանում,  1938-1940թթ. մասնակից եղավ  Բրյուսելի համալսարանի  գրականության և մանկավարժության  բաժնի դասընթացներին: Գիտելիքներով լեցուն խելացի հայորդին 1941-1951թթ. Բեյրութում խմբագրեց «Ազդակ» օրաթերթը, գրականություն դասավանդեց Բեյրութի Հայ ճեմարանում՝ մինչև իր կյանքի վերջ ստանձնելով նաև նույն ճեմարանի տնօրենի տեղակալի պարտականությունները:

«Մանկության վերջին լավագույն տարիներն  անցած են Դամասկոս: Արհեստ սովորելու ձախորդ  փորձերե ետք հաջողեցա ինքզինքս նետել Կիպրոսի Մելքոնյան վարժարան՝ աշակերտելով Հակոբ Օշականին: Ուսուցիչներեն միայն իր անունը կը հիշատակեմ, որովհետև իր անունին հմայքն էր զիս հոն քաշողը և իր գրական ըմբռնումներն ալ հետագային խոր ազդեցություն ունեցան իմ կազմավորմանս մեջ»,- իր հուշերում գրել է Մուշեղ Իշխանը:

…Լևոն Շանթ, Նիկոլ Աղբալյան, Նիկողայոս Ադոնց… Նրա ճանապարհին հանդիպած պայծառ դեմքերը ժամանակի լավագույն մտավորականներն ու մանկավարժներն էին, որոնցից ստացած գիտելիքների հսկայական պաշարի և ի վերուստ տրված շնորհալի գրչով էլ Մուշեղ Իշխանը ստեղծել է մոտավորապես 25 հատորներ՝ քնարական, հայրենասիրական, խոհական հրաշալի բանաստեղծություններ, թատերախաղեր, արձակ գործեր (վեպեր, վիպակներ, պատմվածքներ), գրականագիտական աշխատություններ, դպրոցական դասագրքեր, մամուլում սփռված բազմաթիվ հոդվածներ: Մուշեղ Իշխանի ստեղծած բարձրարժեք գրական ժառանգությունը նրան փառք ու պատիվ բերեց իր իսկ կենդանության օրոք, սակայն նրա երազանքն այդ փառքը չէր, այլ Մայր Հայրենիքը, Մասիսը (Ես Մասիսը չտեսա…), մայրը, ում այդպես էլ չհաջողվեց տեսնել հայրենի հողում:

Եվ ի՞նչ եմ ես առանց քեզի, Հայաստա՛ն.

Ծառեն ինկած գոս տերև,

Ժամանակեն խլված անդարձ ակնթարթ,

Թռիչքներու ոլորտին մեջ բեկյալ թև,

Վերջալույսի ճառագայթ

Հայաստա՜ն,

Միա՛կ հեքիաթն իրական

Մուշեղ Իշխանը դասական, վճիտ հայերենով գրել է համամարդկային և ազգային ամենաբարդ երևույթների մասին, սակայն այնքա՜ն պարզ , այնքան հասանելի բոլորի համար: Այդ բարձրարժէք մտավորականը, մեծ հայը, լավ մարդը, ծավալելով գրական ու հասարակական լայն գործունեություն, իր   հոգու խորքում անթեղել է անձնական ողբերգությունը՝ որբ մանկություն, հայրենի եզերքի հիշատակներ, միակ զավակի կորուստ ու  դարձել հայ մշակույթի, մանկավարժության ջահակիրներից: Նրա մտահոգության և անսահման կարոտի կիզակետը Հայրենիքն էր, որին կուզեր հասցնել իր ձայնը.

Ինչու՞ այսպես կուտամ արյունս անդադար

Օտար քարին ու հողին,

Ինչու՞ ես հոս կը թափառիմ ոգեվար:

Թափահարումն այս պահուս

Կըրնա հանձնել զիս քու ծաղկած դաշտերուդ.

Մինչ ես կ՛ապրիմ քեզմե դուրս՝

Քու աշխարհեդ հավերժությամբ մը բաժան

Նա՝ սփյուռքահայ մեծ գրողն ու հրապարակախոսը, մանկավարժը, դրամատուրգը մնաց իբրև հայի հոգու, հայ լեզվի, հայ մարդու և նրա չապրած գարունների, անկատար իղձերի գերազանց թարգմանը.

Հայ լեզուն տու՛նն է հայուն աշխարհիս չորս ծագերուն,

Ուր կը մտնե ամեն հայ իբրև տանտեր հարազատ,

Կ՛ստանա սեր ու սնունդ, սրտի հպարտ ցնծություն,

Եվ բորյանեն ու բուքեն հոն կը մնա միշտ ազատ:

… Այդ գեղեցիկ, երգեցիկ լեզվով էլ Մուշեղ Իշխանը մտավ Հայրենիքի դռներից ներս, ողողեց մեր գրականության, մշակույթի անդաստանը, նրա բանաստեղծությունները դարձան Արթուր  Մեսչյանի երաժշտությամբ գրված հրաշալի երգեր:Մուշեղ Իշխանը դարձավ հայ դպրոցի  հայերեն դասագրքերի «իշխաններից» մեկը. նրա անունով կոչվեց մայրաքաղաքի թիվ 5 դպրոցը, որը դարձավ գրողի երկրորդ տունը Հայրենիքում, և հենց այդ տունն էլ նշեց «տանտիրոջ»  100-ամյա հոբելյանը: Երևանի քաղաքապետարանի հոգածությամբ թիվ 5 դպրոցի տնօրեն Անահիտ Սարգսյանի, ուսուցչական կազմի, նախկին և ներկա աշակերտների ուժերով «Առնո Բաբաջանյան» համերգասրահում օրերս կազմակերպված գրական գեղարվեստա­կան միջոցառումը՝ հագեցած Մուշեղ Իշխանի պոեզիայի ասմունքով և արձակ գործերի բեմադրական հատվածներով, Մուշեղ Իշխանի աշակերտ, Համազգայինի Մելանքթոն Եւ Հայկ Արսլանյան Ճեմարանի տնօրեն Տիգրան Ջիմբաշյան ողջույնի և բարեմաղթանքի խոսքերով, երախտիքի մեծ տուրք էր գրողի հիշատակին: ՀՀ սփյուռքի նախարարի ուղերձը և սփյուռքահայ գրողների գրքերից մեծ գրողի 100-ամյա հոբելյանի առիթով դպրոցի տնօրենին հանձնեց ՀՀ սփյուռքի նախախարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը:

    …Գրողն այսպե՛ս է վերադառնում և այսպես է մնում Հայրենիքում: Ժամանակի անսանձ վազքում ամեն ինչ չէ , որ փոշիանում է. կան անան՛ց արժեքներ, որոնք բնության ու կյանքի ոչ մի օրենքի չեն ենթարկվում և ապրելու իրավունք են նվաճում անսահման, տիեզերածավալ հավերժի մեջ.100-ամյա հոբելյարը՝ Մուշեղ Իշխան Մեծ հայն այդ ծիրում է:

Կարինե  Ավագյան

unnamed (1) unnamed

Scroll Up