Քոբանիի հայկական անցյալը
Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի թղթակից Սերդար Քորուջուն «Քոբանին 1915-ին» վերնագրով հոդված է հրապարակել: Հեղինակը գրում է, որ Քոբանին, որն այժմ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է, 1915թ. Հայոց Ցեղասպանության ժամանակ հայերի մահվան քարավանների վերջին կանգառն է եղել: Այսօր Քոբանիի վրա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակման հետեւանքով մահվան սպառնալիքի առաջ է կանգնած տեղի բնակչությունը: Քորուջուի հոդվածը որոշ կրճատումներով թարգմանաբար ներկայացնում ենք ստորև:
«Իսլամական պետություն» անունով խալիֆայություն հռչակված եւ աշխարհի ուշադրության կենտրոնում հայտնված «Իրաքի ու Շամի իսլամական պետության» (ISIS) թիրախում հայտնվել է քրդական Քոբանի բնակավայրը, որը սիրիական պետության մեջ արաբերեն կոչվում է Այն ալ Արաբ` «Արաբների աչք», «Արաբների աղբյուր»: Իսկ ամենամեծ մտահոգությունն այն է, որ այս տարածքը, որը 1915թ. ցավալի իրադարձությունների ականատես է եղել, նոր ցեղասպանության եզրին է կանգնած:
20-րդ դարասկզբին Այն ալ Արաբը կամ ինչպես տեղաբնակ քրդերն են անվանում` Քոբանին, 1912թ. շահագործման հանձնված Քոնիա-բաղդադ երկաթգծի կանգառներից մեկն էր: Վերջին շրջանում Քոբանիի` ուշադրության կենտրոնում հայտնվելու պատճառն այն է, որ Սեպտեմբերի 15ին ISIS-ը հարձակվեց YPG-ի (Սիրիայի քրդական զինուժ) վրա, որը տարածաշրջանում ռազմական մեծ ուժ է ներկայացնում:
Սիրիայում քաղաքացիական պատերազմից առաջ Քոբանին ուներ մոտ 200 հազ. բնակիչ, սակայն վերջին շրջանում դեպի հյուսիս շարժվող փախստականների հոսքի հաշվին շրջանում աճել է բնակչության թիվը:
ISIS-ն Այն ալ Արաբը ցանկանում է վերածել Այն ալ Իսլամի, այսինքն` «Իսլամական աչքի»: Իսկ YPG-ն Ռոժավայի տարածաշրջանում ինքնավարություն հռչակած ամենափոքր միավորն է: Քոբանին կարեւոր է նաեւ այն տեսանկյունից, որ Աբդուլլահ Օջալանը 1979թ. Հուլիսի 2ին Սուրուճից (Սիրիայի հետ սահմանին գտնվող թուրքական շրջան) անցել է հենց Քոբանի:
Այժմ շրջանի քուրդ ղեկավարները նախազգուշացնում են, որ եթե ISIS-ը գրավի Քոբանին, տեղի բնակչությունը ցեղասպանության վտանգի առաջ կկանգնի: Մեծ մտավախություն կա, որ կրկնվելու է այն, ինչ 1915թ. տեղի է ունեցել հայ նահատակների հետ:
Հայոց ցեղասպանության ժամանակ Հալեպում Գերմանիայի հյուպատոս Վալտեր Ռոսլերի` Գերմանիայի կայսրության կանցլեր Բեթման Հոլվեգին Քոբանիից (անվանում է Արաբ Փունար) ուղարկած զեկույցներում տեղեկություններ կան հայերի վերաբերյալ:
Վալտեր Ռոսլերն իր 1915թ. Օգոստոսի 13-ի զեկույցում պատմում է օգոստոսի 11-ին իրեն ուղարկված մի ավստրալացու գրառումների մասին. «Այդ գրառումներից հայտնի է դառնում, որ ցեղասպանության զոհ գնացած մարդկանց դիակները վառում էին: Ուրֆա-արաբ Փունար ճանապարհին մթության մեջ դիակ չէի տեսնում, սակայն իմ վարորդը, որն այս ճանապարհով անընդհատ գնում-գալիս է, ցույց էր տալիս դիակների այրման տեղերը, որովհետեւ մարդկային դիակները անմիջապես վառվում են», պատմել է Վալտեր Ռոսլերը:
Գրառումներում խոսվում է նաեւ աքսորյալների քարավանների մասին.
«Քարավանները տառապանքով ու լացուկոծով առաջ էին շարժվում: Երբ այս խեղճերը մարդկանց էին հանդիպում, ծնկի էին գալիս, օգնություն աղերսում կամ իրենց երեխաներին տալիս էին այդ մարդկանց: 56 աստիճան շոգին եւ առանց ջրի` քարավանի մեծ մասը ճանապարհին մահանում է. քարավաններից հետ մնացածների համար էլ մահը երաշխավորված է»:
1916թ. հունվարի 3-ի զեկույցում Ռոսլերը մանրամասն նկարագրում է, թե ինչպես են մահանում այդ շրջաններում (Քոբանի եւ հարակից շրջաններ) հաստատված հայերը:
«Նախորդ զեկույցներում բազմիցս նշել եմ` հայերի դիակները չեն թաղվել, թողնված են ճանապարհի այս կամ այն կողմում եւ վայրի գազանների կեր են դարձել: Ինձ լուրեր են հասել այն մասին, թե հիվանդ, հյուծված եւ անօթեւան մնացած հայերով ոչ ոք չի հետաքրքրվում. նրանք դեռ ողջ են, սակայն կասկածից վեր է, որ շուտով շների կեր են դառնալվ», նշել է Ռոսլերը:
Մեկ այլ ապացույց Արաբ Փունարում գտնվող տարեց եւ բացարձակ վստահելի գերմանացի մի ինժեներից, որը Յարաբ Նասա գնալիս տեսել է, թե ինչ է տեղի ունենում ճանապարհներին. «Այդ երկու բնակավայրերի արանքում ճանապարհին ընկած ու նեխած դիակները այնպիսի հոտ էին արձակում, որ ձիով անցնելիս մարդիկ դեմքը փակում են»:
Ուրֆայից դեպի սիրիական անապատներ տանող ճանապարհները ցեղասպանության զոհերի համար մահվան ճամփորդության վերջին կանգառը դարձան: Վերժինե Սվազլյանի գրքում ներկայացված է Ցեղասպանությունից փրկված` 1902թ. ծնված Սուրեն Սարգսյանի պատմությունը.
«Մեզ տարան Ուրֆա, այնտեղից էլ քշեցին անապատային ու ամայի մի վայր, որտեղ ընդամենը մի քանի ծառ կար: Այդ գիշեր անձրեւ եկավ եւ սառը քամի փչեց: Գիշերը հարյուրավոր մարդիկ մահացան: Գիշերը քրդերի բերեցին, որոնք մի մեծ փոս փորեցին: Քրդերը, որոնց ձեռքին պարաններ կային, մտան ժողովրդի մեջ: Հիվանդներին հարուածում էին, մահացածներին կամ կենդանի մնացածներին` ով որտեղ պառկած էր, պարաններով կապում էին եւ քարշ տալով տանում-գցում էին փոսը: Նույնիսկ կենդանի մարդկանց պարանոցին պարան էին անցկացնում, տանում էին ու փոսը նետում: Նրանք ուշադրություն չէին դարձնում այդ մարդկանց հարազատների հեկեկոցներին ու աղաղակներին: Այնտեղից կրկին տարան դեպի հարավ, քշեցին մի այլ ամայի վայր: Տիֆով վարակված կանայք գոռում էին` ջու՛ր տվեք», պատմել է Սուրեն Սարգսյանը:
Կոտորածի այդ վայրը տարիներ հետո հայերի համար այլ նշանակություն է ձեռք բերում: Հայ բնակչության համար տարածքում բացվում է երկու դպրոց` Խրիմյանի անվան նախակրթարան ու ՀԲԸՄ-ի Ավետիս Սարաֆյան նախակրթարանը: 1927թ. բացված Խրիմյանի անվան դպրոցը գործեց մինչեւ 1962թ.: 1950թ. բացված Հբըմի Ավետիս Սարաֆյան նախակրթարանն էլ 25 տարի գործեց:
Շատ ընտանիքներ նախքան Հայաստան գնալը բնակություն են հաստատում Քոբանիում:
նրանցից մեկը Ցեղասպանությունից փրկված` 1903թ. Ուրֆայում ծնված Նվարդ Պետրոս Աբլափությանն է: 1915թ. սպաննում են նրա հորն ու եղբորը, մնացածին, այդ թվում` Նվարդին, քշում դեպի Դեր Զօր: Նա այդ ժամանակն այսպես է բնութագրում. «Լացուկոծ, հեկեկոց, արցունքներ… կարծես Աստված բարկացել էր մեզ վրա, աքսորի էր քշում: Եղբայրս 7 տարեկան էր, մտրակի հարուածից մահացավ: Դեր Զօրի շրջակայքի գյուղերում էինք: Ոստիկաններն ում ձեռքին փող տեսնեին` վերցնում էին, ծեծելով` սպաննում: Երեխաներին նետում էին կրակը: Նրանք գոռում էին. «ոչ մի հայ բիճ կենդանի չենք թողնելվե»:
1931թ. Դեր Զօրում ամուսնացած Նվարդ Պետրոս Աբլափությանը Հայաստան գնալուց առաջ, 1915թ. վերապրածներից շատերի պես, հաստատվում է Քոբանիում, որը Արաբ Փունար էր կոչվում: «Շատ-շատ դժվարություններ տեսնելուց հետո գյուղից տեղափոխվեցինք Երեւան», պատմել է Աբլափությանը: