Ֆրանսիան հավատարիմ է ԼՂ հակամարտության դիվանագիտական կարգավորման հանձնառությանը

Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, լիովին նվիրված է հակամարտությանը քաղաքական և դիվանագիտական լուծում գտնելու գործին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը:
Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ամենօրյա ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը նշել է, թե ֆրանսիացի քաղաքապետերի այցը Լեռնային Ղարաբաղի տարածք մեծ անհանգստություն է առաջացրել որոշ շրջանակներում և հարցրել Ֆրանսիայի պաշտոնական դիրքորոշումը խնդրի առնչությամբ: «Ֆրանսիայի տեղական իշխանությունների նախաձեռնությունը, որի մասին դուք նշեցիք, չի փոխում Ֆրանսիայի պաշտոնական դիրքորոշումը: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր` Ֆրանսիան լիովին նվիրված է հակամարտությանը քաղաքական և դիվանագիտական լուծում գտնելու գործին»,- ասել է խոսնակը` միաժամանակ հիշեցնելով, որ Երևան և Բաքու կատարծ այցի ժամանակ` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը իր հայ և ադրբեջանցի գործընկերներին առաջարկել է աշնանը հանդիպում կազմակերպել Փարիզում` քննարկելու սառեցված հակամարտության կարգավորման հնարավոր ուղիները:
Մինչ փարիզյան հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպել են օգոստոսի 10-ին Սոչիում` ՌԴ նախագահի հրավերով եւ սեպտեմբերի 4-ին Ուելսում` ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ: