Ամերիկահայ բարեգործ Հրաչ Թուֆայանը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով

Հոկտեմբերի 16-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկահայ գործարար, բարեգործ, Հրաչ Թուֆայանին, տիկնոջը՝ Սյուզան Թուֆայանին՝ «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի պատվո նախագահ Գաբրիել Ջամբարջիի ուղեկցությամբ:

ՀՀ սփյուռքի նախարարը բարձր գնահատեց Հրաչ Թուֆայանի հայապահպան բարեգործական գործունեությունը ինչպես Ամերիկայի հայ համայնքում, այնպես էլ՝ Հայրենիքում:

«Ձեր ծնորղները Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ են եղել և հիմնավորվելով Եգիպտոսում՝ զբաղվել են հացի արտադրությամբ:  1963թ. տեղափոխվելով Միացյալ Նահանգներ՝ Դուք ԱՄՆ-ում հաջողությամբ շարունակել եք Ձեր ծնողների գործը՝ հացի արտադրությունը, որն այսօր հայտնի է ողջ երկրում «Թուֆայան» անվամբ ապրանքանիշով:

ՀՀ սփյուռքի նախարարը կարևորեց այն հանգամանքը, որ գործարարն իր կապիտալն օգտագործում է հայ մշակույթի պահպանությանն ուղղված բազմաթիվ ծրագրերում:

«Ձեր հովանավորությամբ ԱՄՆ-ի Օրլանդո քաղաքում կառուցվել է Սբ. Հարություն եկեղեցին, Էջմիածնում՝ «Հրաչ և Սյուզան Թուֆայան» անվամբ հայորդաց տունը, որտեղ սոցիալապես անապահով քաղաքացիների համար գործում են անվճար ճաշարաններ, Արարատի մարզի Զանգակատուն գյուղում կառուցվել է մանկապարտեզ, կրթաթոշակներ եք տրամադրվում Զանգակատուն գյուղի առաջադեմ երիտասարդներին, – նշեց ՀՀ սփյուռքի նախարարը՝ հավելելով, – բազմաթիվ են Ձեր բարեգործական նախաձեռնությունները, որոնք բոլորն էլ նպաստում են մեր երկրի կառուցմանն ու զարգացմանը»:

Նախարար Հրանուշ Հակոբյանն ուրախությամբ ընդգծեց, որ Հրաչ Թուֆայանի թոռն այսօր շարունակում է իր պապի գործը և ՀՕՖ-ի հետ միասին Դիլիջանի պետական մանկական հակատուբերկուլյոզային առողջարանում հիմնել է հացի փոքր արտադրություն:

Հայաստանում և Սփյուռքում բարեգործական գործունեություն    ծավալելու, հայապահպանության  գործում առանձնահատուկ  ծառայությունների, Ամերիկայի հայ համայնքի գիտական, կրթական, մշակութային խնդիրների լուծման գործում ունեցած մեծ ավանդի համար նախարար Հրանուշ Հակոբյանը Հրաչ Թուֆայանին պարգևատրեց  ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով:

Նախարարը նաև կարևորեց տիկին Սյուզան Թուֆայանի մասնակցությունը ամուսնու բոլոր ձեռնարկումներում, ինչն իր անխուսափելի ներդրումն է բերել գործի հաջողությանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և պարգևի համար՝ Հրաչ Թուֆայանը նշեց. «Անչափ հուզված եմ, ինձ համար մեծ անակնկալ էր նախ այն, որ այսչափ քաջածանոթ եք իմ գործունեությանը, ապա նաև՝ «Պողոս Նուբար» մեդալին արժանանալը: Այն միշտ ինձ մոտ պիտի լինի և հիշեցնի ՀՀ սփյուռքի նախարարության և անձամբ Ձեր մասին, տիկին նախարար»:

Հանդիպմանը քննարկվեցին Ամերիկայի հայ համայնքում հայապահպանությանը, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք կապերի մերձեցմանն  ուղղված մի շարք ծրագրեր:

4 3 1

Scroll Up