Հայրենիքում հայտնի գերմանահայ նկարիչ Օհաննես Թափյուլի նկարների ցուցադրության սպասումով
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/10/0241.jpg)
Հոկտեմբերի 14-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց գերմանահայ նկարիչ Օհաննես Թափյուլին և տարածաշրջանային փորձագետ Սարգիս Հացպանյանին:
Օհաննես Թափյուլին ՀՀ սփյուռքի նախարարին հայտնեց իր մեծ ցանկությունը՝ ցուցադրել իր աշխատանքները Հայրենիքում:
Բարձր գնահատելով արվեստագետի բացառիկ տաղանդը եռաչափ հարթությունում կտավներ ստեղծելու գործում՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Հիացած եմ Ձեր աշխատանքներով և ուրախ, որ ի վերջո Ձեր աշխատանքների մասին կիմանա հայաստանցի արվեստասեր հասարակությունը: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի 2015թ.՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին, Ձեր նկարները հավուր պատշաճի ցուցադրվեն Հայաստանում»:
ՀՀ սփյուռքի նախարարը բարձր գնահատեց նկարչի ցանկությունը՝ գալ ու հաստատվել Հայրենիքում և ստեղծագործություններից մի քանիսը նվիրել հայաստանյան պատկերասրահներին:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ գերմանահայ նկարիչը նշեց. «Ուրախ եմ, որ ստեղծվել է սփյուռքի խնդիրներով զբաղվող նախարարություն և մենք Հայաստան վերադառնալիս այլևս գիտենք, թե ում դիմենք և վստահ ենք, որ պիտի ստանանք բոլոր հարցերի պատասխանները»:
Քննարկվեցին կտավների ցուցահանդեսի կազմակերպմանը վերաբերող այլ հարցեր:
Օհաննես Թափյուլի ծնողները Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ լինելով՝ բռնի տեղահանվել են: Նկարիչը Գերմանիա է հասել 1965թ. առանց որևէ կարողության, փաստաթղթերի, սկզբնական ժամանակահատվածում քնել է կայարաններում, այգիներում, սակայն իր տաղանդի և աշխատասիրության շնորհիվ կարողացել է հիմնավորվել երկրում, ընդունվել և ավարտել Գերմանիայի գեղարվեստի ակադեմիան: Նկարչի աշխատանքները հիմնականում եռաչափ հարթությունում են:
«Դուք Ձեր նկարներում արտացոլել եք Ցեղասպանություն վերապրած Ձեր ծնողների վիշտը: Ցեղասպանությունը վերհիշելն ու ստեղծագործություններում վերապրելը մեր ժողովրդի գենետիկ հիշողությունն է, որ փոխանցվում է սերնդեսերունդ: Աշխարհի որ ծայրում էլ ապրելիս լինեն հայերը, անդրադառնում են և ոգեկոչում իրենց զոհերի հիշատակը, ձայն են բարձրացնում և իրենց բնակության երկրների իշխանություններին կոչ ուղղում՝ ընդունել 20-րդ դարասկզբին կատարված ոճրագործությունը», – նշեց ՀՀ սփյուռքի նախարարը:
Սարգիս Հացպանյանը նշեց, որ դեռևս 1985թ. ապրիլի 24-ին Բեռլինում բացվել է Օհաննես Թափյուլի նկարների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված յուրաքանչյուր աշխատանքի շրջանակը երիզված է եղել սև ժապավենով՝ ի նշան հայ ժողովրդի մեծ վշտի: Հաջորդ օրը այս մասին գրել են Գերմանիայի գրեթե բոլոր թերթերը:
Քննարկվեցին սփյուռքում հայ մշակույթի պահպանման ու տարածման հետ կապված հարցեր: