Արցախի պետական ու Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանները կհամագործակցեն

Ստեփանակերտում Արցախի պետական համալսարանի և Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանի միջև ստորագրվել է Համագործակցության հռչակագիր: Այս մասին «Արցախպրես»-ին հայտնեցին ԱրՊՀ մամլո ծառայությունից։

Հռչակագիրը ստորագրել են ԼՂՀ-ում՝ ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը և Բելգիայում՝ Լյուվենի կաթոլիկ համալսարանի ռեկտոր Ռիկ Տորֆսը։

Ստեփանակերտում Լյուվենի կաթոլիկ համալսարանը ներկայացնում էր համալսարանի պատվավոր ռեկտոր, պրոֆեսոր, Եվրոպա-Հայաստան խորհրդատվական կոմիտեի անդամ Բերնար Կուլին։

Ստորագրման արարողությանը ներկա են եղել նաև ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսը, Եվրոպական խորհրդարանի պատգամավորի քաղաքական խորհրդական, միջազգային իրավունքի ու եվրոպական հետազոտությունների դոկտոր Յանիս Խարալամպիդիսը և Եվրոպայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարամպետյանը։

«Մեր համալսարանի միջազգային գործակցության պատմությունը հարստանում է ևս մեկ էջով. դա Արցախի և Բելգիայի համալսարանների միջև հռչակագրի ստորագրումն է, որը նոր խթան կհանդիսանա համալսարանի գիտա-կրթական զարգացմանը: Այսօր մենք ունենք երկու տասնյակից ավելի միջազգային պայմանագրեր, բայց սա եվրոպական համալսարանի հետ առաջին պայմանագիրն է, որը հնարավորություն կտա ընդլայնվելու և գործունեություն ծավալելու նաև այդ տարածաշրջանում», – նշել է ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը:

Բ. Կուլին իր հերթին ընդգծել է, որ Լյուվենի համալսարանը աշխարհի ամենահին համալսարաններից է և եզակիներից, որտեղ գործում է 200 տարվա պատմություն ունեցող հայագիտության ամբիոն. «Համոզված եմ, որ կկարողանանք համագործակցություն հաստատել ամենատարբեր բնագավառներում: Հռչակագիրը հնարավորություն է, որպեսզի Արցախը և Արցախի համալսարանը ճանաչելի դառնան Եվրոպայում: Այն, որ Արցախում կա այսպիսի համալսարան, արդեն իսկ խոսում է այն մասին, որ տեղի իշխանությունները կարևորում են կրթությունը»:

Էլենի Թեոխարուսը և Յանիս Խարալամպիդիսը ընդգծել են, որ ԼՂՀ-ն մեկուսացումից դուրս բերելու լավագույն տարբերակը կրթությունն է:

Հանդիպման ավարտին Յանիս Խարալամպիդիսին և Բերնար Կուլիին շնորհվել են Արցախի պետական համալսարանի պատվավոր դոկտորի և պրոֆեսորի կոչումներ՝ գիտության և կրթության ոլորտում ակնառու նվաճումների, Արցախի պետական համալսարանի և Լյուվենի կաթոլիկ համալսարանի միջև գիտական կապերի հաստատման համար:

Scroll Up