Ռոբերտո Մալխասյան. «Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչել նաև իրավական տեսանկյունից»
Օրերս Հայաստանում էր Պողոս Արզումանյան հիմնադրամի անդամ, միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան, փաստաբան, արգենտինահայ պրոֆեսոր Ռոբերտո Մալխասյանը, ում ընդունեց նաև ՀՀ սփյուռքի նախար Հրանուշ Հակոբյանը:
Ներկայացնում ենք «Հայերն այսօրի» թղթակցի հարցազրույցը հայ անվանի իրավաբանի հետ:
– Պարո´ն Մալխասյան, ծնվել եք Սալոնիկում, բայց արդեն 55 տարի է` ապրում եք Բուենոս Այրեսում: Ի՞նչ գործունեություն եք ծավալում Արգենտինայում:
– Բուենոս Այրեսի Ազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետում դասավանդում եմ՝ մարդու իրավունք, միջազգային իրավունք և Հայոց ցեղասպանության իրավական հարցեր առարկաները: Շաբաթական երկու օր դասախոսություն եմ կարդում «Հայոց ցեղասպանության իրավական ասպեկտները» թեմայով: Ուսանողների թվում կան նաև բազմաթիվ օտարերկրացիներ: Դասախոսության նպատակն է արգենտինացիներին առավել ճանաչելի դարձնել Հայոց ցեղասպանության իրավական ասպեկնտները և հասնել նրան, որպեսզի նրանք սկսեն լրջորեն ուսումնասիրել Հայոց ցեղասպանությունը:
– Պարո´ն Մալխասյան, մի փոքր պատմեք Արգենտինայի հայ համայնքի մասին:
– Արգենտինայի հայ համայնքը շատ կազմակերպված է, ապրում է ակտիվ հասարակական-քաղաքական կյանքով: Ամեն կերպ փորձում ենք աջակցել դպրոցներին և եկեղեցիներին:
Արգենտինացիները մեր ազգանունի «յան»-ը տեսնելով հարցնում են` հա՞յ ես ու շարունակում` օ՜, հայերը շատ լավ մարդիկ են, շատ աշխատասեր և ազնիվ: Սա է հայերի անունը, դիրքը:
Արգենտինայի հայերը շատ զորավոր են հատկապես կաշվի և բամբակի առևտրում: Կան նաև շատ բժիշկներ, փաստաբաններ: Միասնական համայնք է, միասնական` Առաքելական Եկեղեցիով ու լեզվով:
– Պարո´ն Մալխասյան, առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:
– Նախատեսվում են Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված կոնֆերանսներ, համաժողովներ, կլոր սեղան- քննարկումներ:
Պողոս Արզումանյան հիմնադրամի միջոցով ազգանպաստ ծրագրեր ենք իրականացնում. կարիքավոր գյուղերին տրամադրում ենք դրամական օգնություն, ինչպես նաև աջակցում ենք Երևանի «Արգենտինյան Հանրապետություն» հայկական դպրոցին:
Աշխատանքներ են տարվում Հայաստանի և Արգենտինայի միջև մշակութային կապեր հաստատելու և զարգացնելու ուղղությամբ:
Զրուցեց Տաթև Մնացականյանը