Իրաքի հայկական համայնքը նեղ կացության մեջ է. Հարցազրույց Պարույր Հակոբյանի հետ
Սեպտեմբերի 19-20-ը տեղի ունեցավ ՀՀ Սփյուռքի նախարարության կազմակերպած Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովը, որին մասնակցեցին համահայկական կազմակերպությունների ղեկավարներ, անդամներ: Այս համաժողվի շրջանանկներում <<Հայերն այսօր>>-ի թղթակիցը զրուցել է Իրաքի Կեդրոնական վարչության ընթացավարտ ատենապետ Պարույր Հակոբյանի հետ:
– Ինչպիսի՞ն է Իրաքի հայ համայնքի այսօրվա իրավիճակը:
-Իրաքի գաղութը վերջին տարիներին բավականին նեղ կացության մեջ է, բնակիչների թիվը քաղաքական վայրիվերումների պատճառով նոսրացավ. եթե 40-50-ական թվականներին 40 հազար հայ էր ապրում այնտեղ, ապա այսօր տաս հազար հայություն է մնացել միայն: Արտագաղթը սկսել է 1958 թվականի հեղափոխությունից հետո, անշուշտ, ավելի դանդաղ կերպով. Սադամի իշխանության տարիներին ևս արտագաղթողներ կային, 2003 թվականից սկսած տեղի ունեցած պատերազմի պատճառով մինչ օրս արտագաղթը դեռևս մեծ թափով շարունակվում է:
Հայերը ավելի կենտրոնացած են Բաղդադում, Բասրայում, Մուսուլում և Քերքուկում: Այսօր Քուրդիստանի պայմանները համեմատաբար առավել բարենպաստ լինելու պատճառով, հայերը մյուս քաղաքներից գաղթում են դեպի հյուսիսայյին շրջաններ: Ինչ վերաբերում է հայկական կազմակերպությունների աշխատանքին, ասեմ, որ Հ.Ե.Ե.Միությունը, Հ.Բ.Ը.Միությունը շարունակում են իրենց գոյությունը պահպանել՝ կազմակերպելով մշակութային և մարդասիրական միջոցառումներ, իսկ ՀՄԸՄ-ը իրականացնում է մարզական զանազան ծրագրեր:
Բասրայում շատ քիչ հայեր են մնացել, գործում է հայկական եկեղեցին, իսկ Մուսուլի բոլոր հայերը, դժբախտաբար, քաղաքից հեռացել են: Բարեբախտաբար, տեղի եկեղեցին չի վնասվել, այնտեղ չկան նաև մարդկային կորուստներ, բայց մարդիկ իրենց տարիների կուտակածը, տուն-տեղը լքելով` հեռացել են ավելի ապահով վայրեր:
Այսօր Էրբիլում նոր գաղութ է կազմավորվում, և մյուս քաղաքներից գաղթող հայերը փորձում են հավաքվել եկեղեցու շուրջ` հիմնելով կիրակնօրյա դպրոց և կազմակերպելով ազգային տարբեր միջոցառումներ: Էրբիլում և Քերքուկում նոր եկեղեցիներ են կառուցվում: Նշեմ, որ Քերքուկում, ցավոք, շատ քիչ հայեր են մնացել…
– Ի՛նչ կպատմեք ազգային վարժարանների մասին, քանի՞ դպրոց է այսօր գործում ։
-Սադամի օրոք մեր ազգային վարժարանները պետականացված էին, 2003-ից հետո մենք առաջինը եղանք, որ կրկին ազգային վարժարան հիմնեցինք. սկզբում բավականին շատ աշակերտներ ունեինք. խանդավառված էինք նոր ծրագրերի մշակմամբ, բայց ամեն ինչ փոխվեց արտագաղթի պատճառով: Այս տարի Բաղդադի ազգային դպրոց է հաճախում 85 աշակերտ միայն: Մյուս հայաշատ քաղաքներում ոչ մի հայկական դպրոց չի գործում: Քուրդիստանի քաղաքներից Զախոյում հայկական մանկապարտեզ կա, Էրբիլում և Տհոքում կիրակնօրյա դպրոցներ ունենք, իսկ Բասրայի նախկին ազգային դպրոցում դասավանդվում է հայոց լեզու և կրոն:
-Իրաքահայությունը որքանո±վ է մասնակից Իրաքի քաղաքական կյանքին:
– Խորհրդարանում հայ չունենք, բայց Քուրդիստանի խորհրդարանում մեկ հայ կա, ով Քուրդիստանի կուսակցության անդամ է և հայության շահերն է պաշտպանում:
– Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծրագրեր նախատեսե±լ եք կազմակերպել Իրաքում:
– Կենտրոնական հանձնախումբ է նշանակված, հանձնախմբի նախագահը Իրաքի հոգևոր առաջնորդ` Տ. Ավագ արք. Ասատուրյանն է, ատենապետը ես եմ, ատենադպիրը՝ Մելքոն Մելքոնյանն է, գործող բոլոր հայկական միություններից ներկայացուցիչներ են նշանակված, Միջին Արևելքի ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնախմբերի խորհրդաժողովներին ենք մասնակցում: Իրաքի ներկա պայմաններում մենք չենք կարող քաղաքական բնույթի միջոցառումներ կազմակերպել: Մենք պատրաստվում ենք 100-րդ տարելիցը նշել հետևյալ ձևով` 10 հատ խաչքար ենք պատվիրել` զետեղելու բոլոր եկեղեցիներում, նկարիչ Անդրանիկ Օհաննեսյանը 100 կտավ պիտի պատրաստի և այդ առիթով ցուցահանդես պիտի կազմակերպենք՝ հրավիրելով հայ և օտար մտավորականների, ինչպես նաև` պետական այրերի: Իրաքահայ բանաստեղծ Արամ սրկ. Քեթենճյանը Հայոց ցեղասպանությանը նվիրված 100 քառյակ է գրելու, խորհրդաժողովներ պիտի կազմակերպենք` հրավիրելով նաև արաբ մտավորականների:
-Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած Հայաստան–Սփյուռք 5-րդ համաժողովը:
-Նման ժողովները մեծ առիթ են` համախմբելու Սփյուռքի հայությանը, ովքեր իրենց դժվարություններն ու ձեռքբերումներն են փոխանակում: Համաժողովի ընթացքում ներկայացվեցին Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ձեռնարկները, բարձրացվեց սիրիահայության հարցը, անդրադարձ եղավ Սփյուռքում հայապահպանության, հարցերին։ Ընդհանրապես, կարծում եմ, որ Հայաստանի անկախության ամենից լուրջ ձեռքբերումներից մեկը Սփյուռքի նախարարության ստեղծումն է: ժամանակին կար Մշակութային կապերի կոմիտե, որի գործունեությունը սահմանափակ էր, մինչդեռ այժմ Սփյուռքի նախարարությունը բավականին ծավալուն, նպատակահարմար և ազգանպաստ ծրագրեր է իրականացնում:
-Դուք Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ նախագահի կողմից պարգևատրվեցիք «Մովսես Խորենացի» հուշամեդալով, ի՞նչ կասեք այդ առիթով։
-Խորին շնորհակալությունս ՀՀ նախագահին և Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին. այս պարգևը անչափ հաճելի է ու միաժամանակ պարտավորեցնող: Հաջողություն եմ մաղթում նախարարության ազգանվեր և հայապահպան բոլոր ծրագրերին:
Զրուցեց Սոսե Ավագյանը