Կովսականում կանանց զբաղվածության խնդրին ընդառաջ

Վերջերս «Արցախ ֆոնդ» ընկերության նախաձեռնությամբ Կովսական քաղաքում կազմակերպվել էր ձեռագործության տոնավաճառ: Տոնավաճառում ներկայացված էին սրբիչներ, գլխարկներ, բջջային հեռախոսների համար պայուսակներ, մուրաբաներ, չրի տեսականի, հուշանվերներ ու նկարներ: Եւ այդ ամենը պատրաստել էին կովսականցի կանայք:

Մեկ տարի առաջ «Արցախ ֆոնդ»‰ ընկերության անդամ Մարալ Մախսերեջյանի նախաձեռնությամբ Կովսականում հիմնադրվեց կանանց ձեռագործական ընկերակցություն, որի հիմնական նպատակն էր Կովսականում նվազեցնել զբաղվածության խնդիրը:
«Քաշաթաղի շրջանում կանանց զբաղվածության հարցի լուծմանը նպաստելու համար լիբանանահայ »Արցախ ֆոնդ» ընկերության նախաձեռնությամբ ուղիղ մեկ տարի առաջ Կովսականում հիմք դրեցինք կանանց ձեռագործական ընկերակցությանը,- Aparaj.am-ի հետ զրույցում նշեց «Արցախ ֆոնդ» ընկերության անդամ Մարալ Մախսերեջյանը,- ծրագիրը սկսել ենք 4 աշխատակիցներով, սակայն այսօր նրանց թիվն արդեն հասնում է 20-ի»:

Մարալ Մախսերեջյանը տեղեկացրեց, որ արդեն մեկ տարի է, ինչ կովսականցի կանանց ձեռքի աշխատանքները վաճառքի են հանվում արտասահման, հիմնականում` Լիբանան, շահույթը վերադաձվում է աշխատանքների հեղինակներին: Նրանց ստեղծագործություններն արդեն ճանաչում են գտել` արտադրված է Ղարաբաղում մակագրությամբ:

Լեռնուհի Իսոյանն այն կանանցից է, ով ընկերակցության հիմնադրման առաջին իսկ օրից աշխատում է մեծ եռանդով: Լեռնուհուն չի խանգարում անգամ հաշմանդամությունը. նա գործում եւ ասեղնագործում է մեկ ձեռքով. «Մեծ հույսեր եմ կապում մեր ընկերակցության հետ: Հույս ունեմ, որ մեր ձեռքի աշխատանքները կգնահատվեն մեր հայրենակիցների կողմից ու նրանք այն ձեռք կբերեն, իսկ դա մեզ համար մեծ ոգեւորության առիթ կհանդիսանա, որպեսզի մենք էլ ավելի մեծ եռանդով լծվեք մեր աշխատանքին»,- նշեց Լեռնուհի Իսոյանը:
Մարալ Մախսերեջյանի համոզմամբ՝ Կովսական քաղաքում գորգագործարանի շենքի շահագործումից հետո կանանց ընկերակցության աշխատակիցների քանակը կավելանա եւ ընկերակցությունում կաշխատեն 50-ից ավելի կանայք:

Ի դեպ, Կովսականում կազմակերպված ցուցահանդես – վաճառքի ավարտին սեղաններն արդեն դատարկվել էին եւ կանանց ձեռքի աշխատանքներից նմուշ անգամ չէր մնացել: Լիբանանահայ գործարարները մեծ ոգեւորությամբ ձեռք էին բերել բոլոր ձեռագործ աշխատանքները: Իսկ աճուրդի հանված նկարը, որի մեկնարկային արժեքը 80 ԱՄՆ դոլար արժեր, վաճառվեց 300 ԱՄՆ դոլարով:

Aparaj.am

Scroll Up