Արևադաշտ գյուղում ամերիկահայերի հովանավորությամբ նոր դպրոց կկառուցվի

Սեպտեմբերի 7-ին ԱՄՆ-ում՝ Արմեն և Սիլվա Գյուլնազարյանների բնակարանում, հայկական կրթական հաստատությունների նվիրատուների գնահատանքի երեկո է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է ԱՄՆ-ի «Ասպարեզ» օրաթերթը:
Երեկոյի ընթացքում 140.000 դոլարի նվիրատվություն է հավաքվել Հայաստանի Արագածոտնի մարզի Արևադաշտ գյուղում նոր դպրոց կառուցելու համար: Արևադաշտ գյուղը սահմանամերձ է Թուրքիային և ընդամենը մի քանի կիլոմետր է հեռու Սարդարապատի հուշահամալիրից:
Հայ կրթական հիմնարկության վարչության անդամ Փիթեր Բաղդասարյանը ներկայացրեց Արևադաշտ գյուղի վարժարանի ներկա անմխիթար վիճակը և շեշտեց նոր դպրոց կառուցելու անհրաժեշտությունը:
Երեկոյի ընթացքում մեծարվեց նաև Հայ կրթական հիմնարկությանը տարիներ շարունակ աջակցություն ցուցաբերած բարերար Ջորջ Ջորջորյանը, ով Հայաստանի և Արցախի կարիքավոր ուսանողներին օգնելու նպատակով` 250.000 դոլար գումարով հիմնադրամ է բացել: