«Հալեպ, հարյուր տարի անց». արգենտինացի գրողի հոդվածը՝ Հայոց ցեղասպանության մասին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/09/01249.jpg)
Իսպանական հայտնի «Vegamediapress» կայքում սեպտեմբերի 28-ին լույս է տեսել արգենտինացի ականավոր գործիչ, գրող Մարիանո Սարավիայի հոդվածը «Հալեպ, հարյուր տարի անց» վերնագրով: Հոդվածում հեղինակը անդրադարձ է կատարում Հայոց ցեղասպանության թեմային և ցեղասպանությունից 100 տարի անց Սիրիայի հայաբնակ Հալեպ քաղաքում իրադարձությունների կրկնությանը: Այս մասին հաղորդում է Tert.am-ը:
Մասնավորապես հեղինակը նշում է, որ իր նպատակն է հոդվածում ներկայացնել նրանց մասին, ում մեղսակից անտարբերության և ցեղասպանին օժանդակելու պատճառով է, որ Թուրքիան ժխտում է իր կողմից 1915թ. իրականացրած հայերի կոտորածները: Իսկ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի մերժողական կեցվածքը պայմանավորված է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համար Թուրքիայի աշխարհաքաղաքական կարևորությամբ:
Հեղինակը շեշտում է այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի բոլոր նախագահները իրենց նախագահական քարոզարշավներում մշտապես խոսելով հայոց ցեղասպանության մասին, ցանկանում են ստանալ ԱՄՆ-ի ազդեցիկ հայկական համայնքի
օժանդակությունը, իսկ ստանձնելով նախագահի պաշտոնը, մոռացության են մատնում իրենց տված խոստումները և առաջնորդվում է միմիայն քաղաքական շահերով:
100 տարի անց ոչինչ չի փոխվել, իսկ հալեպաբնակ հայերը այսօր էլ ենթարկվում են խոշտանգումների և կոտորածների: Վերջին տասնամյակներում Հաֆեզ ալ Ասադի և Բաշար ալ Ասադի վարչակարգերի օրոք երաշխավորված էր
Սիրիայում բնակվող էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում նաև հայկական համայնքի անվտանգությունը, իսկ այսօր Իսլամական պետության ահաբեկիչները իրենց գործողությունների թիրախակետեր են դարձրել հայկական
Նոր գյուղը, Զվարթնոց եկեղեցին, ՀՕՄ-ի հավաքատեղին և բազմաթիվ հայկական թաղամասեր:
Եթե 100 տարի առաջ ցեղասպանության իրականացման համար մեղսակից էին Թալեաթ, Էնվեր, Ջեմալ փաշաները, Երիտթուրքերի և Աթաթուրքի կառավարությունները, ապա այսօր Իսլամիստ ահաբեկիչների գործունեությունը
ԱՄՆ-ի մեղսակցության արդյունք է: Ջորջ Բուշ Կրտսերի կողմից Իրաք ներխուժման և Սադդամ Հուսեյնին տապալման, իսկ այնուհետև Բարաք Օբամայի կողմից Սիրիայում անուղղակիորեն գործելու հետևանքով ի հայտ եկավ այս ահաբեկչական խմբավորումը: Իսկ Պենտագոնը իր աշխարհաքաղաքական խաղերի թիրախակետը դարձրել է Սիրիան և վերջինիս դաշնակիցներ Իրաքը և Ռուսաստանը: Բաշար ալ Ասադի վարչակարգը տապալալեու համար ԱՄՆ-ն պայմանավորվածություն է ձեռք բերել «Ալ Քաիդայի» ճյուղ կազմող Ալ Նուսրա ահաբեկչական խմբավորման հետ, իսկ վերջինիս զինելու և հովանավորելու համար օգտագործում է Սաուդյան Արաբիային և Թուրքիային: Իսկ օրեր առաջ
ԱՄՆ-ի կողմից Սիրիայի ռմբակոծության հետևանքները ամերիկացիները ներկայացնում են որպես կողմնակի վնասներ. դա այն է, ինչ մենք անվանում ենք անմեղ զոհեր: Իսլամիստ ահաբեկիչների զենքից մազապուրծ եղած հայերը, ինչպես և 100 տարի առաջ, թողել են իրենց բնակավայրերը և դարձել փախստականներ:
Ինչպես նշել է Ադոլֆ Հիտլերը դեռևս 1939թ. «Ո՞վ է այսօր հիշում Հայոց ցեղասպանության մասին»: Եվ իրոք, համայն աշխարհի անտարբերությունը և Թուրքիայի անպատիժ մնալը հանգեցնում է ցեղասպանության կրկնությանը:
Հայերի ցեղասպանության հերթական վայրը Հալեպ քաղաքն է: Ինչպիսի՜ճակատագրի հեգնանք 100 տարի անց: Ինչպես միշտ, մեղսակիցները չեն փոխվել: