Բուենոս Այրեսի Մխիթարյան վարժարանի սաները ՀՀ սփյուռքի նախարարությունում

Սերժ Սրապիոնյանը ջերմորեն ողջունեց հեռավոր Արգենտինայից հայրենիք եկած պատանիներին և աղջիկներին:

Նախարարի տեղակալը կարևորեց այն հանգամանքը, որ վարժարանը ստեղծվել և գործում է Վենետիկի Մխիթարյան միաբանության հովանու ներքո, ինչն արդեն վկայում է նրա բարձր որակների մասին: Սերժ Սրապիոնյանը բարձր գնահատեց հայ ինքնության, ազգային լեզվամտածողության պահպանման և սփյուռքահայ սերնդի հայեցի կրթության գործում վարժարանի անուրանալի դերակատարությունը: Նա ասաց. «Դուք տեսաք Հայաստանը և, հուսամ, սիրեցիք: Երբ վերադառնաք, պատմեք նրա մասին և խորհուրդ տվեք ձեր մտերիմներին՝ գալ Հայաստան, որտեղ տեսնելու և հիանալու շատ բաներ կան»:

Հայերենի բաժնի տնօրենուհի Ադրիանա Շուպարալյանը համառոտ ներկայացրեց վարժարանի գործունեությունը և նշեց, որ այն հիմնվել է 1956-ին: Ունի մանկապարտեզ, նախակրթարան և միջնակարգ բաժիններ: Դպրոցի աշակերտների թիվը վերջին հինգ տարվա ընթացքում` 2005-ին ուներ 273 աշակերտ, 2006-ին` 258, 2007-ին` 275, 2008-ին` 285, 2009-ին` 303: Նախակրթարան է հաճախում 139 աշակերտ, այնտեղ ուսուցանում են հայոց lեզու, հայոց  պատմություն, հայկական պար և երգ, երկրոդականում`  հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն, հայկական պար, մանկապարտեզ է հաճախում 80 երեխա, այնտեղ դասավանդում են հայոց լեզու, հայկական պար և երգ:  Ուսումն իրականացվում է Արգենտինայի  պետական և հայկական ծրագրերով:

Վարժարանի հովանավորներն են Տիարպէքիրեան, Շիրինեան և Եուրնէքեան բարերար ընտանիքները:

Վարժարանը ի սկզբանե ներառվել է պետական դպրոցների համակարգում: Դպրոցում նշում են ազգային բոլոր նշանավոր տոները և իսկ նախակրթարանի և երկրորդականի մեջ ամեն տարի կազմակերպվում են զանազան թատերական ներկայացումներ: Դասավանդվող հայագիտական առարկաներն են` հայոց լեզու, գրականություն, հայոց պատմություն, մշակույթ, կրոն, երաժշտություն: Կրթօջախում ուսուցումն իրականացվում է արևմտահայերենով:

 Վարժարանը հայեցի կրթության ու դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի համար 2009թ. հոկտեմբերի 4-ին պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Վերջում հյուրերը դիտեցին Արի տուն ծրագրի մասին պատմող ֆիլմ, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին ներկայացրին հայկական պարեր կատարելու իրենց հմտությունը և շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար:

1 2 5 6 7

Scroll Up