Ֆիլիպ Կալտենբախ. Նման վարքագիծը տեսանելի է դարձնում Ադրբեջանի ոչ այնքան ժողովրդավարական դիմագիծը

Ֆրանսիական Հանրապետության Սենատի անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախը Արցախի օրենսդիր ու գործադիր իշխանությունների, հանրային-քաղաքական եւ գիտակրթական ոլորտների  ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո ճեպազրույց է ունեցել «Արցախպրես»-ի թղթակցի հետ՝ անդրադառնալով արցախյան այցելության նպատակներին, հետագա համագործակցության հնարավորություններին և այլ հարցերի:

-Համագործակցության ինչպիսի՞ եզրեր եք տեսնում Արցախի և Ֆրանսիայի հանրապետությունների խորհրդարանների միջև։

-Փոխայցելություններն ու շփումները, որոնք արդեն գոյություն ունեն երկու խորհրդարանների միջև շատ կարևոր են ծանոթանալու տարբեր թեմաների շուրջ կողմերի  դիրքորոշումներին, և ինչը որ ավելի կարևոր է ճանաչելու, ինչպես նաև  բարեկամական կապեր հաստատելու միմյանց հետ, որովհետև նման ձևաչափերով հանդիպումները հեշտացնում են կապերի հաստատումը։

 -Ձեր այցի ընթացքում ի ՞նչ տեղաշարժեր եք նկատել Արցախում։

Ես տեսա ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտը շատ գեղեցկացած։ Շատ են նորակառույց շենքերն ու նորոգված ճանապարհները։ Առաջին հայացքից տեսանելի է այդ առաջընթացը։ Եվ հստակ է, որ 12 տարվա ընթացքում շոշափելի դրական տեղաշարժեր ու զարգացումներ են կատարվել այստեղ։ Վերջին շրջանում տեղի ունեցած փոփոխությունները, որոնք ես նկատում եմ,  կարելի է համարել Ստեփանակերտի վերածնունդ։

-Ադրբեջանը մշտապես Արցախի հյուրերին սպառնում է հանրահայտ «Սև ցուցակում» ընդգրկելով։  Ինչպե ՞ս եք գնահատում այդ վարքագիծը։

Ծիծաղելի է Ադրբջանի այդ վարքագիծը։ Սպառնալիքի միջոցով չէ, որ կարող ենք առաջընթաց և երկխոսություն իրականացնել և ըստ այդմ էլ խաղաղության հասնել։ Նման վարքագիծը, իմ կածիքով,  տեսանելի է դարձնում Ադրբեջանի ոչ այնքան ժողովրդավարական դիմագիծը, ինչպես նաև  ուղղված չէ երկխոսության կայացմանը։ Եթե համաձայն չեք զրուցակցի հայացքների հետ, ապա միշտ պետք է հանդիպել, զրուցել՝ նույնիսկ հակառակ տեսակետներ ունենալու պարագայում։ Միայն երկխոսության դեպքում կարելի է առաջընթաց արձանագրել։ Այսպիսի մի արտահայտություն կա, որ լավ է մի անգամ սեփական աչքերով տեսնել քան հազար անգամ լսել այն ինչ ուրիշներն են մատուցում։ Եվ մեր այցը պիտի դիտարկել նաև այս համատեքստում։ Ես այստեղ եմ, որպեսզի տեսնեմ իրականությունը և եթե հետևանքը պետք է լինի այն, որ Ադրբեջանը չպիտի ուզի, որպեսզի մենք այցելենք և տեսնենք, թե ինչպիսինն է իրենց իրականությունը, ապա ավելի վատ այդ երկրի համար։ Ես կողմնակից եմ փոխադարձ այցերի, երկխոսությանն ու  խաղաղությանը և դեմ եմ սպառնալիքների լեզվով խոսելուն և այս համատեքստում դեմ եմ նաև նման վարքագծին։

Scroll Up