«Հիշի՛ր, ապրի՛ր»․ «Գավիթը» ներկայացավ նոր բեմադրությամբ

Կար ու չկար։ ․․․ Ես ծնվել եմ 1921թ․․․․ Իմ ծնվելուց վեց տարի առաջ թուրքերը սկսեցին հրով ու սրով ոչնչացնել իրենց քաղաքացիների մի մասին՝ հայերին։ ․․․ Այս պիեսը Թովմասյան ամուսինների մասին է, ովքեր կարողացել էին փրկվել․ ես նրանց վկան եմ։

Հենց այս խոսքերով մեկնարկեց Ռիչարդ Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա» պիեսի բեմականացումը, որը՝ Երևանի Դրամատիկական թատրոնի ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը բեմադրել էր Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց Թեմի Մոսկվայի «Հայորդյաց տան» «Գավիթ» թատրոնի դերասանների մասնակցությամբ, նույն թատրոնի ռեժիսոր Համլետ Ղալեչյանի հրավերով, նկարիչ՝ Դավիթ Բաղդասարյանի օգնությամբ։ Սակայն, մոսկվաբնակ հանդիսատեսը այն գնահատելու հնարավորություն չէր ունենա, եթե չլիներ թեմակալ առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հավանությունն ու օրհնությունը։

Բեմում սեղանն էր՝ կոտորածից փրկված Սեդայի բերած սփռոցով, իսկ անկյունում Թովմասյանների՝ դեմքերը կտրած լուսանկարն էր։ Բեմականացման առաջին իսկ պահից հանդիաստեսը ականտես է լինում կոտորածից փրկված կենսախինդ Սեդայի և լուսանկարի օգնությամբ ամեն օր իր տոհմն ասես նորից գլխատող Արամի կերպարների հակասությանն ու ճակատագրերի նմանությանը։ Սեդային անցյալի հետ կապում էր մոր պատրաստած տիկնիկը, իսկ Արամին՝ ընտանիքի լուսանկարը։

Արամը՝ ինչպես պիեսի վերջում ինքնախոստովանությամբ պարզ է դառնում, անձամբ է կտրել լուսանկարի դեմքերը՝ հույսով, որ մի օր իր որդիների դիմանկարները կփակցնի կորցրած հարազատների դեմքերի փոխարեն, այն հարազատների՝ որոնք գլխատվել էին թուրքերի ձեռքով և որոնց «ներկայությունը» խելագարեցնում էր իրեն։ Ու մինչ Արամ Թովմասյանը պատրաստվում է երեխայի ծնունդին՝ գնելով անգամ մանկասայլակ՝ բժիշկները միաբերան փաստում են՝ Սեդան քաղցած մնալու պատճառով երեխա ունենալ չի կարող։ Մինչ Արամ Թովմասյանն ամեն օրը վերածում է ողբերգության, փայփայում ընտանիքից մնացած միակ կիսատ լուսանկարն ու հոր վերարկուն՝ Սեդան շարունակում է ապրել՝ չմոռանալով կոտորածը, բայցև ամեն օր «չմասնակցելով իր բարեկամների սպանությանը», ինչպես ակամա վարվում է ամուսինը։

Արամին և Սեդային երեք տարբեր տարիքում ներկայացրեցին վեց դերասաններ, ովքեր հանդիսատեսին ստիպեցին՝ թե՛ ծիծաղել, թե՛ լացել։ Զգալ կոտորածից փրկված հայ գաղթականի հոգեվիճակը, հավատալ նրա երազանքին և իհարկե՝ Սեդայի պես կենսախինդ կնոջից սովորել ապրել։ Կին, ով չհեռացավ անցյալից, բայցև չդարձավ նրա գերին և չշարունակեց ապրել անցյալով, ով չկարողանալով զավակ ունենալ՝ մայր դարձավ օտարազգի որբի համար։ Իսկ մինչ այդ Սեդան, լինելով ուժեղ կամքով և բնավորությամբ հայ կին, Արամին ապրել ստիպելու համար սեղանին գամեց մորից մնացած տիկնիկը, ինչպես խաչել էին իր մորը և ինչպես վարվել էր Արամը՝ «գլխատելով լուսանկարում պատկերվածներին»։ Դրանով նա ցույց տվեց, որ անցյալով ապրելը՝ ամեն օր սեփական գերեզմանը փորելուն հավասար է, իսկ տեսիլքներից ազատվելու համար պետք է ապրել սովորել։ Սեդայի «օրը լցնող» օտարազգի որբը Վինսենտն էր՝ հեղինակի նախատիպը, ով ականատես եղավ Թովմասյանների վեճին և միությանը, տան անկյունից Արամի ընտանիքի նկարի և նրա հոր՝ իրեն թաքցրած և փրկած վերարկուի տեղափոխմանը խորդանոց և իր տեղն ունեցավ նրանց նոր՝ խորհրդանշական լուսանկարում։

Հետաքրքիր զուգադիպությամբ ներկայացման պրեմիերան սեպտեմբերի 21-ին էր։ Մի կողմից արյան ու մաքառման գնով ձեռք բերված հայրենիքի անկախությունն էր, մյուս կողմից՝ հիշելու և ապրելու կոչը։

Գրիգոր Խաչատրյանը՝ ստանալով իր ընկերոջ՝ ռեժիսոր Համլետ Ղալեչյանի հրավերը, համաձայնվել է բեմադրել պիեսը, քանի որ, ինչպես մեզ հետ զրույցում ասաց՝ չի կարծում լինի մեկ հայ, ում նախնիներն առնչված չլինեն ողբերգության հետ կամ ով կարողանա անտարբեր լինել թեմային։

«Ինձ պիեսը հետաքրքրեց նրանով, որ այստեղ ողբերգությունն ավանդական ձևով չի ներկայացվում։ Մենք միշտ այլ կերպ ենք նայել այդ թեմային, սակայն այսօր նոր սերունդը պետք է նոր վերաբերմունք ունենա Ցեղասպանության հանդեպ, վերանայի ինքն իրեն և դադարի ողբերգությամբ ապրել։ Մենք պիեսի հիմնական ասելիքը դարձրեցին վերնագիր՝ «Հիշի՛ր, ապրի՛ր»»,- ասաց Գրիգոր Խաչատրյանը՝ հավելելով, որ փորձել է անել ամեն ինչ, որպեսզի ներկայացման մեջ իրեն տեսնի նաև օտարազգի հանդիսատեսը։

«Գավիթ» թատրոնի ռեժիսոր Համլետ Ղալչյանը ներկայացումը յուրօրինակ համազարկ համարեց՝ թե՛ այսօր շարունակվող ձուլման, թե՛ ազգայինից հեռացման համար։ Իսկ այն հարցին, թե ինչու անձամբ չբեմադրեց պիեսը, այլ հրավիրեց այլ ռեժիսորի՝ պատասխանեց․««Գավիթն» արդեն կայացած թատրոն է և հետաքրքիր էր տեսնել, թե դերասաններն ինչպես կաշխատեն այլ ռեժիսորի հետ։ Արդարության համար պետք է նշեմ, որ դերասաններն իրենց արդարացրեցին։ Ընդհանուր առմամբ գոհ եմ նրանց խաղից։ Ճիշտ է կային որոշակի թերացումներ, որոնք, եթե հաշվի առնենք պրեմիերայի գործոնը, կարելի է անտեսել»։

Հարկ է նշել, որ «Գավիթում» ընդգրկված են հայ երիտասարդներ, ովքեր արդեն իսկ եղել են մեծ բեմում, արժանացել հանդիսատեսի համակրանքին, ջերմ ծափողջույններին, իսկ այդ ամենը, իհարկե, կերպարի ճիշտ կերտման, ներկայացման և որպես դերակատար՝ հանդիսատեսին համոզելու շնորհիվ։ Մոսկվաբնակ հանդիսատեսը ներկայացմանը ներկա լինելու հնարավորություն կունենա հոկտեմբերի 12-ին՝ Վ․ Վիսոցկու կենտրոնում։

․․․ Կար ու չկար․․․ Բեմում ամեն ինչ կար՝ թե՛ գաղթի ճամփա, թե՛ կոտորած, թե՛ ապրելու կոչ, թե՛ հուսահատված և «ամեն օր մեռնող» տղամարդ և թե՛ կյանքի հարվածներին համառորեն դիմադրող և ապրելու ցանկությամբ լի կին, ով պարզապես որոշել էր ապրել՝ օրինակ դառնալով հազարավոր հայերի։

Արմինե Կարեյան, Մոսկվա

unnamed (1) unnamed (2) unnamed (3) unnamed

Scroll Up