Կիրո Մանոյան. «Հուսանք, որ սա կլինի առաջին քայլը, բայց ոչ միակը…»

Հայաստան-Սփյուռք համաժողովին ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը «Հայերն այսօրի» թղթակցի հետ զրույցում այսպես է մեկնաբանել Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Առաջինի հայտարարությունը՝ Սիսի կաթողիկարանը հետ պահանջելու մասին.

«Կարծում եմ, որ Վեհափառի արած հայտարարությունը պետք է տեղադրել այն նախաձեռնության մեջ, որը երկու կաթողիկոսները միասնաբար ասացին դեռ մեկ տարի առաջ: Թեև ճիշտ է, որ որոշ բաներ կարող են առանձին նախաձեռնել: Հայտարարության խորհրդանշական արժեքը բավականին մեծ է, բայց կարծում ենք, որ այն ավելի ընդգրկուն պետք է լինի: Իսկ Վեհափառն այնպես ներկայացրեց, որ եթե ի նպաստ եղավ՝ լավ, եթե ի նպաստ չեղավ՝ նորեն լավ: Կարծում եմ այդքան պարզ պետք չէ լինել. սա իմ անձնական կարծիքն է:

Դատարանով հարցեր լուծելը շատ բարդ հարց է: Եկեղեցին շատ կալվածներ կարող է ունենալ, բայց սեփականության թուղթը կարող է և չունենալ: Անկախ ամեն ինչից, ողջունելի է այս հայտարարությունն այն իմաստով, որ արդեն նախաձեռնություն է: Հայտարարությունը մեկ տարի առաջ կատարվեց և պետք էր, ինչ-որ բան տեղից շարժվեր: Հուսանք, որ սա կլինի առաջին քայլը, բայց ոչ միակը»:

Scroll Up