Շուշան Պետրոսյան. «Տղաս բանակ պետք է գնա…»

Այսօր երգչուհի Շուշան Պետրոսյանի ծննդյան օրն է, այս առիթով «Հայերն Այսօր»-ը զրուցել է վաստակավոր արտիտի հետ՝ օրը առավել տոնական դարձնելու հույսով:

-Շուշա՛ն, ինչպիսի՞ն  էր  Ձեզ համար 2014 թվականի ամառը:

-Աշխատանքային եռուզեռի մեջ անցավ այս տարվա ամառը, ինչպես նախորդ տարիների ամառները, գարունները և այլն: Ամռան գրեթե մեծ մասն անցկացրի Մարտակերտում. Մարտակերտ քաղաքի 1934 թվականին կառուցված Մշակույթի տունն եմ վերանորոգում, որը ժամանակ և պատերազմներ հաղթահարած շինություն է: Մշակույթի տունը կվերածվի մշակույթի կենտրոնի, ուր կգործեն բազում խմբակներ, կինոթատրոն, սրճարաններ: Ցանկությունս շինությանը նոր կյանք հաղորդելն էր: Այժմ Մարտակերտի Մշակույթի տունը հառնում է: Աշխատանքի զգալի մասը կատարված է, շուտով այն կհասնի իր տրամաբանական ավարտին: Մարտակերտում աշխատանքներն ավարտելուց հետո, նախաձեռնությունը շարունակական բնույթ կկրի. Մարտակերտի շրջանն ունի 41 գյուղ, և ուշադրության կենտրոնում են Հաթերք, Վաղուհաս՝ Մարտակերտի շրջանի երկու մեծ գյուղերի մշակույթի տները: Կօգնեմ մշակույթի տներին այն ամենով, ինչով որ կարող եմ: Ասեմ, որ գերնպատակս այս քայլերով սահմանամերձ գյուղերում գտնվող բնակիչների առօրյան գունավորելն է, մշակութային կյանքը զարգացնելը: Ուզում եմ, որ վստահ լինեն՝ իրենց կողքին կան մարդիկ, ովքեր գնահատում և փորձում են հնարավորինս ծառայել իրենց: Առհասարակ ես նախընտրում եմ խոսքը գործի վերածել:

Երբևէ  մտածե՞լ եք, թե հայտնի լինելու համար ինչ  «գին եք վճարել»:

-Նախ  ասեմ՝  ամբողջ տարիների ընթացքում երբեք գերնպատակս չի եղել աշխատել հայտնի դառնալու համար, ամեն ինչ ինքնաբերաբար է ստացվել: Ուստի որևէ «գին չեմ վճարել», պարզապես ազնիվ եմ եղել երաժշտության և հայրենիքիս անդավաճան մնալու մեջ: Երգովս ծառայել եմ ժողովրդիս և արժանացել նրա սիրուն, իսկ դա արտիստի համար մեծ ձեռքբերում եմ համարում:

-Զգացողություններ, որոնք  կուզեիք նորից վերապրել, կա՞ն արդյոք:

-Այո՛, դա  երգելն է, շատ կուզեի երկար ժամանակ տրամադրել երգելուն, ինչը վերջին ժամանակահատվածում չի ստացվում: Իհարկե, լինում են համընդհանուր համերգներ, որոնց ընթացքում ելույթ եմ ունենում և հագուրդ տալիս երգելուս կարոտին: Երգն իմ կյանքն է, թռիչքս է  և հոգուս պոռթկումը:

-Չէի”ք ասի, թե մայրիկից՝ հայ ազգի սիրելի երգչուհի Արաքս Մանսուրյանից, ստացած ամենաթանկ խորհուրդը ո՞րն է եղել:

-Իհարկե շատ թանկ խորհուրդներ եմ ստացել ծնողներիցս, որոնք մինչև հիմա հիշում եմ  և անվերապահորեն կատարում: Մայրիկիս տված խորհուրդը մեկ բառ է, որ ձևավորել է ինձ որպես երաժիշտ և երգարվեստում միշտ հայ է պահել՝         Կոմիտասն է: Մայրս միշտ ասում է. «Ուզում ես ծարավդ հագեցնել՝ Կոմիտաս լսիր, մաքուր օդ ես ուզում՝ Կոմիտաս լսիր, ամեն քայլափոխի Կոմիտասի երաժշտությունը թո՛ղ քեզ հետ լինի»: Մայրիկիս պատգամը կյանքիս ուղեկիցն է:

Հայրիկիս պատգամը շատ նկարելն էր, գրքեր կարդալը, աշխատասեր լինելը, կերպարվեստում տեղի ունեցող իրադարձություններին հետևելը: Ինձ համար բարձրարժեք են շատ ծնողներիս պատգամները:

Շուշա՛ն, կպատմե՞ք Ձեր երեխաների մասին, ինչպիսի՞նն են նրանք և ի՞նչ աշխարհայացք  ունեն:

-Սովորական երևանցիներ են մեծանում՝ իրենց հետաքրքրություններով և չարաճճիություններով: Մեծ տղաս՝ Գրիգորը, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի երրորդ կուրսի ուսանող է, գեղանկարիչ պետք է դառնա: Արդեն հաշվառված է զինկոմիսարիատում բանակ գնալու համար, երկու տարի հետո կհամալրի հայոց բանակի շարքերը: Ավելորդ է ասել, որ դրական եմ տրամադրված այն փաստին, որ տղաս բանակ պետք է գնա, քանի որ դա օրինաչափ եմ համարում. ինչպես յուրաքանչյուր հայ տղա, նա նույնպես իր պարտքը կատարելու է հայրենիքի համար: Ասեմ նաև, որ Գրիգորիս փոքր հասակից հետս միշտ սահմանամերձ զորամասեր համերգների եմ տարել:

Իսկ փոքր տղաս՝ Գագիկը, այս տարի արդեն առաջին դասարան գնաց: Այնքան պատրաստակամորեն ու առանց տրտնջալու է առավոտներն արթնանում,  ուղևորվում դպրոց, որ ասես մի քանի տարի է, ինչ դպրոցական է: Շատ հետաքրքրասեր տղա է, փորձում է ամեն ինչ իմանալ և հասկանալ: Անցյալ տարի նրան էլ տարա Արցախ, շատ տպավորված էր, և գործուղման գնալիս միշտ խնդրում է, որ իրեն հետս տանեմ:  Իմ այս զբաղվածության մեջ զավակներիս անշուշտ փորձում եմ անմասն չթողնել մշակութային իրադարձություններից: Մեծիս հետ կարող ենք գրքեր քննարկել, ֆիլմեր դիտել: Բոլորովին վերջերս Գագուլիկիս տարել եմ Վերդիի «Աիդա» օպերային ներկայ լինելու, ու պատկերացրեք՝ մի շնչով, առանց ձանձրույթի ունկնդրեց ամբողջ գործողությունը, ուրախությունս անչափ էր:

Օպերայի հին աշխատողներից մեկը, տեսնելով ինձ ու որդուս, մոտեցավ ինձ և ասաց. «Այ քեզ բան, պատմությունը կրկնվում է. Շուշա՛ն ջան, քեզ հիշեցի, այս տարիքում բոլոր ներկայացումներին ներկա էիր»:

Այն արտիստներից եք, ովքեր հնարավորություն են ունեցել բազում անգամներ շփվել սփյուռքահայերի հետ: Ձեր դիտարկմամբ ինչպիսի՞ սփյուռքահայություն ունենք:

-Մայրական կողմից ես արևմտահայ եմ և իմ կայացման, ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել արևմտահայ մշակույթը: Իհարկե, բացի այս կամ այն երկրում ապրող հարազատներից, համերգային շրջագայություններից ձեռք բերված նոր ծանոթություններից, ունեմ շատ սփյուռքահայ ընկերներ, որոնք, իուրախություն ինձ, տեղափոխվել են հայրենիք ու ապրում են մեր կողքին: Գլուխ եմ խոնարհում այն սփյուռքահայերի առջև, ովքեր օտար ափերում պահպանում են հայ մշակույթը և իրենց երեխաներին այնտեղ որպես հայ են մեծացնում: Շատ եմ սիրում քեսապահայերին: Կյանքիս ընթացքում բախտ վիճակվեց մի քանի անգամ լինել դրախտավայր, զարմանահրաշ Քեսապում՝ երբեմնի Կիլիկյան Հայաստանում: Առաջին անգամ այնտեղ եղա 1997թվակաին, երբ ընկերներիս հետ հյուրախաղերով Սիրիայում էի գտնվում: Հայտնվելով Քեսապում՝ պարզապես սիրահարվեցի այդ գողտրիկ հրաշքին, բնակիչներին… շատ լավն են ազնվաբարո քեսապցիները՝ հայրենասեր, պահպանողական, սրտաբաց, ջերմ ու անկեղծ: Մեծ տղայիս հետ երկու ամառային արձակուրդներն այնտեղ անցկացրինք: Վերջին անգամ Քեսապում եղա 2007-ի ամռանը հայրիկիս և Գրիգորիս հետ, Գագուլիկիս էի սպասում, և նա կարող եմ ասել շնչել է Քեսապի մաքրամաքուր օդը: Այն արհավիրքը, որն այս գարնանը պատուհասեց քեսապցիների գլխին, անասելի վիշտ ու ցավ էր ինձ համար: Եղերական օրերին կարծես այդ քաոսը հարազատներիս հետ էր տեղի ունենում: Եվ հիմա գիտեմ, վստահ եմ, որ ոտքի կկանգնեն, որ նորից հնարավորություն կունենամ մեկնել Սիրիա, Քեսապ, նորից կլինեմ Միջերկրականի ափին՝ Կիլիկիո ափերից:

Այս տարի այցելեցիք նաև Ծաղկաձորի «Արի տուն» ճամբար, որտեղ գտնվում էին ՀՀ սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն»-2014 թվականի ծրագրի մասնակիցները: Սփյուռքից ժամանած պատանիներին և աղջիկներին հանդիպելիս ի՞նչ տպավորություն ունեցաք:

-Նախ ասեմ, որ բարձր եմ գնահատում ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծումը: Ոչնչից հինգ տարվա ընթացքում  նախարարություն ստեղծել, կարելի էր միայն տիտանական, քրտնաջան, ազնիվ  աշխատանքի շնորհիվ: Այսօր աներկբա կարելի է հաստատել, որ սփյուռքի նախարարությունն արդեն կայացած կառույց է, որն իր նպաստն է բերում հայենիք-սփյուռք կապերի զարգացման, ամրապնդման, հզորացման ազգանվեր գործում:

Այո՛, երկու անգամ այցելեցի «Արի տուն» ճամբար, հանդիպեցի ծրագրին մասնակից սփյուռքահայ երեխաներին, զրուցեցի նրանց հետ, հարցուփորձ արեցի տպավորություններից Հայաստանից, որից հետո տարբեր երգեր կատարեցի նրանց համար: Հուզական էր շատ տեսնել նրանց համախմբվածությունը. ասես հարազատներ՝ քույր-եղբայրներ լինեին: Վերջում էլ քոչարի պարեցին, որին բոլորս միացանք:

Անխոս, ՀՀ սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագիրը հայրենիք-սփյուռք ամրակուռ կամուրջ է:

Շուշա՛ն, ընթերցողներին կհետաքրքրի, թե ծննդյան տարեդարձին ինչպե՞ս եք պատրաստվում և ի՞նչ միջավայրում եք անցկացնում այդ օրը:

-Ծննդյանս օրվան հատուկ չեմ պատրաստվում: Հարազատներս ավելի շատ են ոգևորվում ու միշտ ինչ-որ անակնկալ պատրաստում այդ օրը: Երեխաներս են իրենց անակնկալներով ուրախացնում: Անցյալ տարի ծննդյանս օրը Գրիգորս իր կրթաթոշակի գումարով գեղեցիկ վզնոց էր գնել, նվիրել, որն էլ հպարտությամբ կրում եմ, իսկ Գագուլիկս նկարներ է նկարում և այնպիսի թրթիռով նվիրում…դա տեսնել է պետք: Հիշեցի, թե ես ինչպես առաջին կրթաթոշակս ստացա, և մայրիկիս ծննդյան օրվա կապակցությամբ հովհար նվիրեցի:

Եվ այս ջերմ զրույցի վերջում կխնդրեմ ասեք, թե Ձեր կյանքը ո՞ր երաժշտությանը կամ երաժշտական ելևէջներին կնմանեցնեք:

-Կյանքս հարուստ է ներկապնակի բոլոր գույներով: Այս պահին կնմանեցնեմ Սերգեյ Ռախմանինովի «Вокализ» ստեղծագործությանը և Սթիվի Ուոնդերի «Songs in the key of life» ձայնասկավառակին: Այս ձայնասկավառակի ստեղծագործություններում կյանքիս բոլոր գույները առկա են:

-Շուշա՛ն, Կարծում եմ ծննդյան տոնը բոլորիս համար մտորելու, խորհելու և տրտմելու առիթ է տալիս. կարծես ինքնահաշվետվության առաջ ենք կանգնում, մտածում ենք կիսատ մնացած, արած-չարած գործերի մասին, ընկնում հիշողությունների գիրկը և վերհիշում մեր անցած-գնացած օրերը, որոնք այլևս հետ չենք բերի… հուսով եմ, որ մեր զրույցը միայն ժպիտներ պարգևեցին ձեզ և զերծ պահեցին նման զգացողություններից: «ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐԻ» անունից շնորհավորում ենք Ձեր ծննդյան տարեդարձը՝ մաղթելով առողջություն, ընտանեկան ջերմ ու խաղաղ օրեր, ինչպես նաև ստեղծագործելու մեծ վերելքներ…

-Շնորհակալ եմ

Զրուցեց Գևորգ Չիչյանը

Scroll Up