Վահագն Կարագաշյան. «Ունենք գիտակից սերունդ, որի մնայուն սևեռակետը հայրենիքն է…»
Սեպտեմբերի 19-20-ը Երևանում կայացած Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովին հրավիրված էր նաև Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Կարագաշյանը, որի հետ «Հայերն այսօրը» զրուցեց Համաժողովի, կանադահայ համայնքի առանձնահատկությունների և Կանադայում ծավալած քաղաքական աշխատանքների շուրջ:
– Պարո´ն Կարագաշյան, Հայաստան Ձեր այցի նպատակը Հայաստան-Սփյուռք 5-րդ և Լրագրողների 7-րդ համաժողովին մասնակցելն էր: Ձեր կարծիքով, ի՞նչ են տալիս նման համաժողովները:
– Համաժողովներն առիթ են ստեղծելու այն կամուրջը, որը գոյանում է Սփյուռքի և Հայաստանի լրագրողների միջև: Եթե ընդլայնենք ծիրը, ապա կամուրջը ստեղծվում է սփյուռքահայերի և Հայաստանի մեր հայրենակիցների միջև, որպեսզի այս ճանապարհով մենք ավելի մոտիկից ծանոթանանք միմյանց, մեր հարցերին, հիմնախնդիրներին, որպեսզի ավելի սերտորեն կապվենք և համագործակցենք:
– Իսկ նախորդ համաժողովները կարողացե՞լ են երկու ափերը միմյանց մոտեցնել:
– Այո, տարեցտարի այդ կամրջի միջոցով կապն ավելի ամուր և սերտ է դառնում, նոր կապեր են հաստատվում: Գոնե լրագրողների պարագայում, մենք կարողացել ենք ջերմ, մոտ ծանոթություններ հաստատել թե´ հայրենիքի, թե´ Սփյուռքի լրագրողների հետ, որոնց հետ 6-7 տարի առաջ որևէ կապ չկար, որևէ տեղեկություն չունեինք նրանց մասին: Այդ կացությունն այսօր լրիվ փոխված է, և սերտ համագործակցության մեջ ենք, բոլորս միմյանց ճանաչում ենք:
– Պարո´ն Կարագաշյան, այսօր կարևոր հիմնախնդիր է նաև սիրիահայերի հարցը: Հայստան-Սփյուռք համաժողովին այն քննարկվող թեմաներից մեկն էր: Սիրիահայերի օժանդակելու ուղղությամբ կանադահայ համայնքում ի՞նչ աշխատանքներ են տարվում:
– Ժամանակի առումով պետք է սիրիահայերի խնդրին մեծ կարևորություն տանք: Այս առումով համայնքում շատ մեծ աշխատանքներ են տարվում, որոնք սկսել ենք դեռևս երկու տարի առաջ: Ունենք Սիրիահայերի օժանդակության Կանադայի միացյալ մարմին, նվիրահավաքների միջոցով գումարներ ենք փոխանցում սիրիահայ ազգային իշխանություններին: Այդ աշխատանքները շարունակվում են առ այսօր և բավականին գումար ենք արդեն փոխանցել:
– Պարո´ն Կարագաշյան, լրատվամիջոցը ոչ միայն տեղեկատվություն տարածելու միջոց է, այլև` քարոզչություն: Սփյուռքում այդ ամենին գումարվում է նաև հայապահպանության առաքելությունը: Սփյուռքյան լրատվամիջոցներն որքանո՞վ են կարողանում այդ ամենն իրականացնել:
– Սփյուռքի մեջ լրատվամիջոցները շատ կարևոր կռվան են ո´չ միայն հայապահպանության համար: Այո՛, հայապահպանությունը կարևոր է և լրատվամիջոցները շատ ներգործուն դերակատարություն ունեն, բայց քարոզչական բառը շեշտելով` շատ ճիշտ նշում կատարեցիք: Քարոզչական գետնի վրա Սփյուռքի լրատվամիջոցները կարևոր դեր ունեն` դիմագրավելու պատմությունը նենգափոխելու և աղավաղելու թուրքական և ադրբեջանական քարոզչական արշավանքը: Եթե Սփյուռքի լրատվամիջոցներն աշխատանք չտանեն, թուրքական և ադրբեջանական քարոզչական արշավը շատ դյուրությամբ կարող է իր տեսակետները, գաղափարները, քարոզչությունը պարտադրել հատկապես Արևմտյան աշխարհին, իսկ մեր` Կանադայի պարագայում, Հյուսիսային Ամերիկայի ցամաքամասի տարածքում: Եվ մենք այդ գետնի վրա լուրջ աշխատանք և պայքար ենք տանում: Մեկ օրինակ բերեմ. տարիներ առաջ երբ ադրբեջանցիները քանդեցին Հին Ջուղայի խաչքարերը, մեր թերթը` «Հորիզոն» շաբաթաթերթն անմիջապես եռալեզու` հայերեն, ֆրանսերեն և անգլերեն, հատուկ հավելված հրատարակեց Հին Ջուղայի խաչքարերի, Նախիջևանի պատմության մասին և դեպքից մոտ 7-8 օր անց բաժանեց Կանադայի խորհրդարանի բոլոր անդամներին: Եվ 7 օրվա ընթացքում նրանք ընկալեցին, կարդացին հայկական կողմի տեսակետը: Այս քայլով մենք առիթ չտվեցինք ադրբեջանցիներին` իրենց տեսակետը պարտադրելու խորհրդականներին:
– Այդ աշխատանքների շնորհիվ է նաև, որ Կանադան տարբեր մակարդակներով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
– Այո, Հայոց ցեղասպանության ճանաչման առումով Կանադան աշխարհի միակ պետությունն է, որը պետականորեն ընդունված քաղաքականություն ունի Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Շատ երկրներ խորհրդարանի մակարդակով են ճանաչել, բայց Կանադան ճանաչել է կառավարական մակարդակով, երբ 2006 թվականի ապրիլին Կանադայի վարչապետը, խորհրդարանի ճանաչման բանաձևից երկու տարի անց, հայտարարություն կատարեց Հայկական ցեղասպանության ճանաչման մասին: Սեպտեմբերի 18-ին Կանադայում իր դռները բացեց Կանադայի մարդկային իրավունքների թանգարանը, որտեղ ներկայացված է տարբեր ժողովուրդների ցեղասպանությունը` հրեաների ողջակիզում, ռուանդացիների ցեղասպանություն, ուկրաինացիների սովամահություն (հոլոդոմոր), կանադացի բնիկ հնդիկների հանդեպ գործադրված բռնարարքներ և, անշուշտ, Հայոց ցեղասպանություն:
– Հաջորդ քայլը ո՞րն է լինելու:
– Հաջորդ քայլը պետք է լինի պահանջատիրության հարցը, այսինքն, պահանջատիրության այն ենթաբաժինը, որը վերաբերում է հատուցմանը: Բայց այս գործընթացն իր որոշակի թափը ունի: Մենք չենք կարող անմիջապես Կանադայի կառավարության մոտ գնալ և ասել` շնորհակալ ենք, դուք 2006 թվականին ճանաչեցիք Հայոց ցեղասպանությունը, հիմա եկեք հատուցման մասին խոսենք:
Այնպես չէ, որ Ցեղասպանության ճանաչումը կատարվել է, և մենք ձեռքներս ծալած պետք է նստենք ու ասենք, որ հաղթեցինք, Կանադան այլևս անելիք չունի: Մենք միշտ գործ ունենք այնտեղ: Չի կարող լինել մի պահ, որ մենք ասենք, որ մեր աշխատանքներն ավարտված են: Մենք այս ուղղությամբ աշխատում ենք, մինչև հասնենք հաջորդ հանգրվանին:
– Պարո´ն Կարագաշյան, խոսեցիք Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ Կանադայի կատարած քայլերի մասին: Դա առաջին հերթին համայնքի, պատասխանատու մարմինների ծավալած աշխատանքների շնորհիվ է: Փորձենք Ձեր միջոցով ծանոթանալ Կանադային հայկական համայնքի առանձնահատկություններին:
– Կանադայի համայնքի առանձնահատկությունն այն է, որ երիտասարդ համայնք է` հիմնված 60-ական թվականներին: Կանադայում հաստատվել են հունահայեր, եգիպտահայեր, սիրիահայեր. լիբանանահայեր, քիչ թվով` պարսկահայեր և Հայաստանից ժամանած հայեր:
Համայնքի մեկ այլ հետաքրքրական երևույթն այն է, որ նոր սերունդը հայախոս է, ի տարբերություն Արևմտյան երկրների համայնքների, որտեղ երիտասարդներն օտարախոս են: Սա շատ դրական երևույթ է:
Շատ կազմակերպված գաղութ ունենք, թեև տարբեր հատվածներ կան համայնքի մեջ, բայց բոլորն էլ շատ միասնական են: Ունենք եկեղեցիներ, դպրոցներ, որոնք շատ ժրաջան և աշխույժ առօրյայի մեջ են: Օրինակ` Մոնրեալի Սուրբ Հակոբ ազգային վարժարանն 1000 աշակերտ ունի, որը Սփյուռքի ամենամեծ վարժարաններից մեկն է:
Իսկ քաղաքական գետնի վրա հետաքրքրական երևույթ է վերջին տասը տարվա ընթացքում նոր սերնդի մասնակցությունը Կանադայի քաղաքական կյանքին: Անցյալ խորհրդարանական ընտրություններին մենք ունեցել ենք երկու հայ թեկնածու, որոնք հակառակ իրենց ծավալած լավ աշխատանքի, փոքր քվեների տարբերությամբ չկարողացան ընտրվել: Հաջորդ տարի վերըստին խորհրդարանական ընտրություններ են, որոնց դարձյալ հայ թեկնածուներ են մասնակցելու:
Ինչ վերաբերում է քաղաքական աշխատանքներին, որոնց քիչ առաջ անդրադարձանք, ամենից աշխույժ գործունեություն իրականացնողը Կանադայի Հայ դատի հանձնախումբն է: Օտտավայում գտնվող գրասենյակի միջոցով միշտ ներկայություն ենք Կանադայի քաղաքական բեմի վրա, որովհետև եթե ներկայություն չունենանք, վստահ եղեք, որ ադրբեջանցիները, թուրքերն իրենց տեսակետները կփորձեն պարտադրել կանադացի քաղաքական պաշտոնյաներին:
Սերտ համագործակցության մեջ ենք նաև Հայաստանի դեսպանատան, դեսպան Արմեն Եգանյանի հետ: Միասին համադրում և համակարգում ենք մեր քաղաքական աշխատանքիերը:
– Պարո´ն Կարագաշյան, Ձեր հարցազրույցներից մեկում դուք այն միտքն ենք հայտնել, որ Հայաստանից Կանադա տեղափոխված հայերը շաղկապվում են ո´չ թե հայկական, այլ` ռուսական համայնքին: Ինչո՞ւ, ո՞րն է պատճառը:
– Մենք միշտ գրկաբաց ենք ընդունում տարբեր երկրներից եկած մեր հայրենակիցներին, մենք համակեցության որևէ դժվարություն չունենք: Եթե հայը` պարսկահայը, հունահայը, սիրիահայը, լիբանանահայը, եգիպտահայը համերաշխ միասին ապրում են, նշանակում է, որ Կանադայում մենք որևէ հարց չունենք: Բայց երբ հայաստանցիներն են Կանադա ժամանում, մեկուսանում են և սկսում ռուսական համայնքի հետ սերտորեն շփվել: Կան ընտանիքներ, որոնք իրենց զավակներին հայկական վարժարան են ուղարկում, բայց մեծ է թիվն այն ընտանիքների, որոնք իրենց զավակներին պետական դպրոցներ են ուղարկում: Եվ այս փաստին ես որևէ բացատրություն չունեմ:
– Պարո´ն Կարագաշյան, Ձեր խոսքում շեշտեցիք, որ համայնքի երիտասարդները հայախոս են: Սա ողջունելի փաստ է, հատկապես հայրենիքից հեռու գտնվող համայնքների համար: Այլ համայնքներում, նույնիսկ Հայաստանին շատ մոտ, երիտասարդները դժվարանում են հայերեն խոսել կամ ընդհանրապես չեն խոսում: Ո՞րն է այս առումով կանադահայ համայնքի հաջողության գաղտնիքը:
– Դա մենք վերագրում ենք հետևյալ երևույթին: Ինչպես գիտեք, Կանադան երկլեզու պետություն է, պետական լեզուներ են` անգլերենը և ֆրանսերենը: Կանադայի 80 տոկոսը անգլիախոս է, բայց Քեբեկ նահանգն ունի ազգային ինքնության հարց, որովհետև ֆրանսախոս է: Այս երկու մշակույթների պայքարի մեջ Կանադայի փոքրամասնությունները, հատկապես Մոնրեալում, նախընտրում են պահել իրենց մշակույթը, լեզուն: Սա է մեկ բացատրությունը:
Ասեմ նաև, որ մեր ամենօրյա դպրոցներում հայերենի, հայոց պատմության, կրոնի դասավանդմանը, ինչպես նաև նոր սերնդի հայեցի դաստիարակությանը մեծ կարևորություն ենք տալիս: Այդ առումով նաև հիշեցնեմ, որ մեր վարժարանների երեխաները, հատկապես շրջանավարտները, ամեն տարի Հայաստան և Արցախ են այցելում, սա յուրօրինակ ավանդույթ է դարձել: Բացի դպրոցականներից, Կանադայի հայ պատանեկան, ՀՅԴ երիտասարդական, Կանադայի թեմի երիտասարդական միությունների անդամները, ՀՄԸՄ սկաուտները ևս Հայաստան և Արցախ են այցելում:
– Իսկ նրանք համայնքային կյանքին ներգրավվա՞ծ են:
– Կարող եմ հաստատել, որ ի պատիվ մեր նոր սերնդի, ազգային ոգով տոգորված երիտասարդներ ունենք: Նրանց մեջ ազգային ոգին այնքան զորավոր ձևով է ամրագրված, որ մենք վստահ ենք, որ ջահը, դրոշը շատ հանգիստ ձևով կարող ենք փոխանցել (ի վերջո, մի օր այդ օրը գալու է և դրոշակակիրներն իրենք պետք է դառնան): Ունենք գիտակից սերունդ, որի մնայուն սևեռակետը, համայնքի ամենօրյա հիմնախնդիրների կողքին, նաև հայրենիքն է` Հայաստանը, Արցախը, Արևմտահայաստանը, Ջավախքը: Հայրենիքը ամենօրյա ներկայություն է մեր սերնդի մեջ, ամեն մի վայրկյան` լինի երգով, գրքով, դասով, պատմությամբ, աղոթքով, եկեղեցիով, ամեն ինչով:
– Հաջորդ տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Հետաքրքիր է, «Հորիզոն» շաբաթաթերթն ինչ նոր ուղղություն է որդեգրելու:
– Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին «Հորիզոնի» գլխավոր ծրագրերից մեկն այն է, որ առաջիկա հոկտեմբերից մինչև հաջորդ տարվա հոկտեմբեր, յուրաքանչյուր համարի մեջ մենք պետք է ներկայացնենք Արմտյան Հայաստանի մեկ բնակավայրը` Մուշ, Սասուն, Ալաշակերտ, Վան և այսպես շարունակ, որպեսզի մեր ընթերցողները ավելի մոտիկից ծանոթանան մեր ժառանգությանը, թե ինչ ենք կորցրել, ծանոթանան կորուսյալ ծննդավայրին: Իսկ ինչ վերաբերում է «Հորիզոնի» հատուկ, բացառիկ թողարկմանը, որը լույս կտեսնի ապրիլին, Հայոց ցեղասպանության մասին իրենց հոդվածներով հանդես կգան հայ, օտար պատմաբանները, հոդվածագիրները: Հավելվածը դարձյալ եռալեզու է լինելու:
Զրուցեց Լուսինե Աբրահամյանը