Air Armenia-ի թռիչքները կատարվելու են ըստ չվացուցակի. Ռոսավիացիայի հետ ունեցած խնդիրը կարգավորվել է
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/09/01137.jpg)
Ռուսաստանում Air Armenia-ի ներկայացուցչությունը կատարել է համապատասխան վճարումները և ավիաընկերության բոլոր թռիչքները կատարվելու են ըստ չվացուցակի: Այս մասին PanARMENIAN.Net-ի հետ զրույցում ասաց ավիաընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Սիրական Համբարձումյանը` հավելելով, որ վճարումների արդյունքում ռուսական կողմից ստացվել է հեռագիր առ այն, որ ավիաընկերության բոլոր չվերթները կսպասարկվեն առանց սահմանափակումների:
Սեպտեմբերի 11-ին «Ռուսաստանի Դաշնությունում օդային երթևեկության կազմակերպման պետական կորպորացիա» ձեռնարկությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի սեպտեմբերի 21-ից պետք է դադարեցներ Air Armenia ավիաընկերության աէրոնավիգացիոն սպասարկումը ՌԴ օդային տարածքում:
«Տևական ժամանակ է, ինչ Պետկորպորացիան հետաձգել է հայկական ավիափոխադրողի համար ՌԴ տարածքում աէրոնավիգացիոն սպասարկման համար վարձի գանձումը: Չնայած, որ Air Armenia-ին բոլոր հնարավորությունները տրվել էին պարտքերը մարելու համար, ավիաընկերության ղեկավարությունը գործուն միջոցներ չձեռնարկեց պարտքային բեռը թեթևացնելու համար: Այժմ Air Armenia-ի ժամկետանց պարտքը կազմում է մոտ 400.000 դոլար, ընթացիկը՝ ավելի քան 700.000 դոլար»,- նշվում էր հաղորդագրության մեջ:
Սակայն Սիրական Համբարձումյանը պարզաբանել էր, որ Ռոսավիացիայի հետ կապված խնդիրը զուտ տեխնիկական է և չվացուցակի վրա որևէ կերպ չի անդրադառնալու: «Վերջին շրջանում մեր կողմից իրականացվող փոխանցումները չեն հասնում հասցեատիրոջը: Պատճառը պարզ է` ԱՄՆ-ի և ԵՄ կողմից իրականացվող պատժամիջոցները»,- նշել էր ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավարը: