Տեղի ունեցավ պոլսահայ երգչուհի Սիպիլի «Սեր» ձայնասկավառակի շնորհանդեսը (լուսանկարներ)
Սիպիլի երկրորդ ձայնասկավառակի թողարկումը ևս բարեգործական բնույթ է կրում: «Սեր» ձայնասկավառակի վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է Երևանի մանկապարտեզներից մեկին:
Ողջունելով երգչուհուն Հայաստանում գտնվելու առթիվ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես ասաց. «Սիրելի Սիպիլ, մենք միշտ ուրախ ենք քեզ տեսնել Հայաստանում, քեզ ստեղծագործական անսպառ վերելքներ ենք ցանկանում և նորանոր հաջողություններ: Այս օրերին, երբ Հայաստան-Սփյուռք համահայկական հինգերորդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել բազմաթիվ սփյուռքահայեր, ուրախ եմ, որ դու էլ ես մեզ միացել»:
Բարձր գնահատելով երգչուհու ազգանվեր գործունեությունը՝ օտար ափերում հայ մշակույթի պահպանման և տարածման համար, ՀՀ սփյուռքի նախարարը պարգևատրեց նրան նախարարության «Կոմիտաս» մեդալով:
Երգչուհին շնորհակալություն հայտնեց բարձր պարգևի համար և խոստացավ մինչև կյանքի վերջ հպարտությամբ այն կրել սրտին մոտ:
Երգչուհին իր մակագրությամբ ձայնասկավառակներ բաժանեց ներկաներին: