Եղիկ Ճէրէճեան. «Ծնվել ու մեծացել եմ շատ ազգային, հայրենասեր ընտանիքում…»

Լիբանանահայ հասարակական-քաղաքական գործիչ, պատմաբան, Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամ Եղիկ Ճէրէճեանը 17 տարի Լիբանանի խորհրդարանի անդամ է եղել, այժմ զբաղվում է պատմագրությամբ. պատմագրական 6 աշխատությունների հեղինակ է: Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ Եղիկ Ճէրէճեանի «Յաւերժի ճամբու կերտիչներէն» գրքի շնորհանդեսը:

Հրատարակված աշխատությունների, քաղաքական գործունեության շուրջ է «Հայերն այսօրի» հարցազրույցը Եղիկ Ճէրէճեանի հետ:

– Պարո´ն Ճէրէճեան, հաճա՞խ եք լինում Հայաստանում:

– Ամեն տարի երկու-երեք ամիս անցկացնում եմ Հայաստանում: Ունեմ սեփական բնակարան, ՀՀ քաղաքացիություն, այս առումով ես ինձ նաև հայաստանցի եմ զգում: Հայաստանում գտնվելու ընթացքում զբաղվում եմ ինձ շատ հոգեհարազատ գործով.  Ազգային գրադարանում կամ արխիվներում պատմական, արխիվային, տպագիր մամուլի ուսումնասիրություններ եմ կատարում: Ունեմ ծանոթություններ պատմաբանների, գրողների, մտավորականների շրջանում:

Այս տարի զուգադիպեց, որ Հայաստանում գտնվելու ընթացքում կայանալու է Հայաստան-Սփյուռք 5-րդ խորհրդաժողովը, որին ես նույնպես մասնակցելու եմ:  Իսկ համաժողովի նախօրեին` սեպտեմբերի 17-ին, տեղի է ունենալու նաև իմ «Յաւերժի ճամբու կերտիչներէն» գրքի շնորհանդեսը:

– Գիրքը հնչակյան գործիչների մասի՞ն է:

– Այո՛, գրքում ամփոփված են մի շարք հնչակյան գործիչների կենսագրություններ: Շատ գործիչների կենսագրություններ առաջին անգամ են հրատարակվում: Ճիշտ է, տարբեր ժամանակներում եղել են նրանց մասին առանձին ակնարկներ, փոքրիկ հուշեր, թերթերի մեջ հոդվածներ, բայց ես փորձել եմ այդ բոլորը համադրել կենսագրական ձևաչափի մեջ և առաջին անգամ ներկայացնել հանրությանը: Անշուշտ, կան նաև գործիչներ, որոնք ծանոթ են հանրությանը, պարզապես նրանց կենսագրության շատ կարևոր էջեր, փաստեր ինչ-ինչ պատճառներով ուշադրության չեն արժանացել կամ վրիպել են ուշադրությունից: Իմ կատարած պրպտումների ժամանակ հայտնաբերեցի այդ նյութերն ու հավելեցի նրանց կենսագրությունների մեջ, որպեսզի այն առավել ամբողջական լինի և ժողովուրդը այդպես ճանաչի նրանց:

– Իսկ առաջի՞ն անգամ է Հայաստանում կազմակերպվում Ձեր գրքի շնորհանդեսը:

– Սա իմ վեցերորդ գիրքն է, իսկ շնորհանդես առաջին անգամ է Հայաստանում կազմակերպվում: Բայց մամուլում միշտ էլ իմ տպագրած գրքերի մասին անդրադարձ եղել է:

– «Յաւերժի ճամբու կերտիչներէն» աշխատությունը Ձեր 6-րդ գիրքն է: Իսկ նախորդ գրքերն ի՞նչ թեմաներով են:

– Դարձյալ պատմագրական աշխատություններ են, բացի մեկ գրքից, մյուսները հայերեն են: Ցեղասպանության 85-ամյակին ես և լիբանանցի արաբ պատմաբան Սալահ Զահրադինը համահեղինակեցինք մի ժողովածու, որի վերնագիրը հայերենով այսպես է հնչում` «Հայկական ցեղասպանությունը մի ճիչ է` ուղղված մարդկության խղճին»: Գրքում ամփոփեցինք արաբ հեղինակների, քաղաքական գործիչների, մտավորականների տեսակետները, վերլուծումները Հայկական ցեղասպանության մասին: Գիրքը մեծ տարածում գտավ ոչ միայն Լիբանանում, այլև տարբեր երկրներում:

– Պարո´ն Ճէրէճեան, Դուք ծնվել և ապրում եք Լիբանանում, 17 տարի (1992-2009թթ.) Լիբանանի խորհրդարանի անդամ եք եղել: Ձեր կյանքը լավագույն օրինակն է այն մարդու, ով ինտեգրվել է տվյալ երկրի հասարակությանը, բայց միաժամանակ չի հեռացել ազգային ինքնությունից: Կխնդրեի, որ Ձեր անձնական փորձից ելնելով ասել, թե ինչպե՞ս է հնարավոր այդ հավասարակշությունը պահել:

– Իմ օրինակը երկու երես ունի, որովհետև նույնիսկ Լիբանանի մեջ գործած կամ գործող ուրիշ հայ խորհրդարանականների հետ բաղդատած, իմ մեջ ազգայինը և հայկականը շատ ավելի շեշտված է, քան մյուս գործընկերներինս: Որոշ չափով կյանքի պայմաններն են պատճառ հանդիսացել. ծնվել ու մեծացել եմ շատ ազգային, հայրենասեր ընտանիքում: Հաճախել եմ հայկական դպրոցներ, բարձրագույն կրթությունս ստացել եմ Հայաստանում, ավարտել եմ Երևանի պետական բժշկական համալսարանը: Իմ երիտասարդ տարիները, որոնք մարդու կյանքի ամենագեղեցիկ տարիներն են, անցկացրել եմ Հայաստանում: Տիկինս նույնպես Հայաստանում է ուսանել, այստեղ ենք մենք ծանոթացել, թեև երկուսս էլ Լիբանանից ենք: Բնական է, որ այդ բոլորն ինձ կապել են Հայաստանի հետ, ապրել եմ Հայաստանով: Սկսած երկրաշարժի ողբերգությունից` մաս եմ կազմել օգնություն հասցնելու աշխատանքներին, Ղարաբաղի ազատագրական պայքարի ընթացքում փորձել եմ թիկունքի աշխատանքներին մասնակցել, մեր կռվող տղաներին օգնություն հասնել և այլն: Սա իմ անձնական օրինակն է:

Իսկ ընդհանրապես, Լիբանանի խորհրդարանի հայ անդամներն ինտեգրվելով երկրի կյանքին, մի քիչ ավելի հայ են, քան այլ երկրներում ապրող հայ պատգամավորները: Աշխատանքի բերումով ծանոթացա Ուրուգվայի հայ երեսփոխանի հետ, ով հայերեն մի բառ անգամ չէր իմանում: Նա Ուրուգվայի Սոցիալիստական կուսակցության անդամ էր և այդ ճանապարհով էր հասել խորհրդարան: Ֆրանսիայում մենք ունեցանք նույնիսկ ծագումով հայ վարչապետ, ով ազգային պատկանելիությամբ հայ էր, բայց ամբողջապես ինտեգրված էր, ֆրանսիացի էր դարձել: Նման օրինակներ կան նաև ուրիշ երկրներում:

Մեր պարագայում մի փոքր այլ է: Լիբանանն ունի համայնքային կառուցվածք, և ամեն մի համայնք ունի որոշակի քանակով պատգամավորական աթոռներ: Հայ համայնքին տրվում է 6 պատգամավորական տեղ, բայց ընտրությանը միայն հայերը չեն մասնակցում: Այս դրվածքն էլ մի կողմից օգնում է, որ հայ պատգամավորները, ինտեգրվելով հանդերձ, իրենց մեջ հայկականությունը, հայկական ոգին կարողանան շարունակել և պահել: Յուրաքանչյուր պատգամավոր իր ֆունկցիաներից զատ, օրենսդրական աշխատանքին զուգահեռ իր համայնքի ներկայացուցիչն է պետության մոտ: Որևէ մեկ հարցի պարագայում պատգամավորներն են, որ պետական օղակներում պաշտպանում են իրենց համայնքի շահերը:

– Կարծում եմ` պաշտպանում են ոչ միայն համայնքի շահերը, այլև օժանդակում են Հայաստանի հետ հարբերությունների զարգացմանը: Այս ուղղությամբ կատարված աշխատանքների մասին կցանկանայի, որ խոսեիք:

– Ես առաջին անգամ պատգամավոր եմ ընտրվել 1992 թվականին: Հայաստանն անկախացել է 1991-ին և բնական է, որ Լիբանան-Հայաստան ոչ մի պաշտոնական հարաբերություններ չկային: Պետք էր սկսել միջպետական կապեր հաստատել, դեսպանատներ հիմնադրել, միջպետական համաձայնագրեր կնքել, միջկառավարական հանձնախմբեր ստեղծել և շատ այլ աշխատանքներ իրականացնել: Պատահեց այնպես, որ հենց այդ շրջանում ես ընտրվեցի պատգամավոր: Մի կողմից հայ էի և Հայաստանը շատ էի սիրում, նվիրված էի Հայաստանին, մյուս կողմից լիբանանցի պատգամավոր էի: Այսինքն, ես իմ մեջ երկու կողմն էլ խտացնում էի և փորձում էի իմ հնարավորությունների սահմանում արագացնել, դյուրացնել աշխատանքները, որովհետև երկկողմանի շահագրգռվածություն ունեի:

Այդ շրջանում մաս եմ կազմել լիբանանյան բոլոր պաշտոնական պատվիրակություններին: Երբեմն թարգմանչի դեր եմ կատարել, երբեմն լիբանանցի պաշտոնյաների համար էքսկուրսավարի դեր եմ ստանձնել ու Երևանը ցույց տվել, ցանկանում էի, որ աշխատանքները դյուրասահ ընթանան:

– Դուք ատամնաբույժ եք: Հետաքրքիր է, մասնագիտությամբ զբաղվե՞լ եք:

– Այո՛, երբ վերադարձա Լիբանան, անմիջապես իմ աշխատանքին անցա, ունեի իմ անձնական կլինիկան: Իսկ ընկերային կյանքը սիրել եմ դեռ դպրոցից: Երիտասարդ տարիքից երիտասարդական շարժումների մեջ էի, անդամագրվեցի Հնչակյան կուսակցությանը, պատասխանատու պաշտոններ տրվեցին ինձ:

Երբ 1992 թվականին Լիբանանում պատգամավորական ընտրություններ պետք է լինեին, Բեյրութի շրջանից Հնչակյան կուսակցությունն իմ թեկնածությունն առաջարկեց, հետո 4 անգամ վերընտրվեցի: Սկզբում փորձեցի համատեղել աշխատանքս և քաղաքական գործնեությունը: Կարճ ժամանակ անց համոզվեցի, որ երկուսն էլ տուժում են, որովհետև երկուսն էլ ամբողջական ժամանակ պահանջող աշխատանքներ են և դժվար էր համատեղել: Քանի որ մխրճվել էի քաղաքակական կյանքի մեջ, փորձեցի առժամանակ թողնել ատամնաբուժությունը և քաղաքականությամբ զբաղվել: Երկարեց այդ ժամանակը, տևեց 17 տարի և վերջնականապես ատամնաբուժությունը թողեցի: Իսկ այժմ արդեն տեսական քաղաքականությամբ եմ զբաղվում:

– Իսկ գիտական աշխատանքով ե՞րբ սկսեցիք զբաղվել, ինչո՞ւ հետաքրքրեց այդ ոլորտը:

– Վերջին տարիներին ժամանակ ունեցա ավելի խորունկ այդ հարցերով զբաղվելու: Իսկ պատմագրություն սիրել եմ շատ վաղուց: Դպրոցական տարիներից շատ էի սիրում կարդալ: Ընթերցումները գեղարվեստական գրականությունից կամաց-կամաց թեքվեց դեպի պատմական գրականությունը: Միշտ լսում էի Ցեղասպանության, հայ-թուրքական հարաբերությունների մասին և մեջս հետաքրքրություն առաջացավ այդ թեմաների շուրջ, սկսեցի գրքեր կարդալ: Ամեն մեկ հարցում, որ մեջս արթնանում էր, փորձում էի այդ մասին ավելին իմանալ: Այս բոլորի հանդեպ հետաքրքրասիրությունն ինձ ավելի մխրճեց պատմագրության մեջ, որը և դարձավ իմ հոբբին:

– Եվ վերջին տարիների Ձեր հիմնական աշխատանքը:

– Այո՛, օրվա մեծ մասը ես այդ աշխատանքներին եմ տրամադրում:

– Զրույցի վերջում ի՞նչ կցանկանայիք հավելել:

– Միակ ցանկությունս է, որ Հայստանն ավելի լավ պայմաններ ունենա, տնտեսական կացությունը, ժողովրդի կյանքը բարելավվի, Ղարաբաղի հարցն իր արդար լուծումը ստանա, մեր Հայոց բանակը նահատակներ չունենա, խաղաղություն լինի. սա իմ ազգային երազանքն է:

Զրուցեց Լուսինե Աբրահամյանը

Scroll Up