Ֆրանսիայի Աժ Սոցիալիստական կուսակցության խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուն անհրաժեշտ համարեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը մինչև Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/09/13.jpg)
Սեպտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներ Վահրամ Բաղդասարյանի, Արմեն Ռուստամյանի եւ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային Ժողովի Սոցիալիստական կուսակցության խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակության անդամների համատեղ մամլո ասուլիսը:
Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներ Վահրամ Բաղդասարյանը եւ Արմեն Ռուստամյանը կարեւորեցին ֆրանսիացի գործընկերների այցը Հայաստան, որին նախորդել է Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը Նյուպորտում, որտեղ այլ հարցերի հետ մեկտեղ քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:
Վահրամ Բաղդասարյանը գոհունակությամբ ընդգծեց, որ եւ նախագահների հանդիպման ընթացքում, եւ խորհրդարանականների հետ հանդիպումների շրջանակում կարեւորվել է երկու երկրների եւ խորհրդարանների միջեւ համագործակցության հետագա խորացումն ու ընդլայնումը: ՀՀԿ խմբակցության ղեկավարը կարեւորեց այն հանգամանքը, որ Ֆրանսիայի իշխող քաղաքական մեծամասնության ղեկավարը դատապարտում է Ադրբեջանի ընդգծված քաղաքականությունը, որը խանգարում է խաղաղ բանակցություններին: Վահրամ Բաղդասարյանը ողջունելի համարեց ֆրանսիացի գործընկերների այն հայտարարությունը, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղը ապագայում պետք է դառնա խնդրի կարգավորման բանակցային կողմ:
Արմեն Ռուստամյանը եւս կարեւորելով ֆրանսիացի սոցիալիստների այցը Հայաստան, նշեց, որ նրանք մշտապես հանդես են եկել Հայ դատի պաշտպանությամբ եւ Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ գործուն քայլեր իրականացրել: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը բարձր գնահատեց ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ, «Հումանիտե» թերթի հիմնադիր, Սոցիալիստական կուսակցության հիմնադիր Ժան Ժորեսի՝ 20-րդ դարի սկզբից իրականացրած հայանպաստ գործունեությունն ու Հայոց ցեղասպանության դատապարտմանն ուղղված նրա ջանքերը:
Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Սոցիալիստական կուսակցության խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուն անհրաժեշտ համարեց Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը մինչ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հարցին, պատվիրակության ղեկավարը համոզմունք հայտնեց, որ այն պետք է խաղաղ կարգավորում ստանա: