Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

Կատարված մեծածավալ աշխատանքների շնորհիվ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհի երթևեկությունը օգոստոսի 30-ին ՝ժամը 13:30-14:00-ի սահմաններում, վերականգնվել է:

Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնում են, որ թեթև մարդատար ավտոմեքենաներին Վերին Լարս սահմանային անցակետով թույլատրում են մաս-մաս հատել սահմանը: Ճանապարհը բացելուց հետո` մեկ ժամվա ընթացքում, շուրջ 150 ավտոմեքենաներ արդեն հատել են սահմանը:

Ճանապարհի շահագործումը նախատեսված էր ավելի վաղ, սակայն օգոստոսի 28-29-ը տեղացած անձրևների հետևանքով գետի հունը բարձրացել էր՝ հեղեղելով ճանապարհի ծածկը և դրանով իսկ խոչընդոտելով աշխատանքների ընթացքը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնական կայքից:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Scroll Up