Բոլոր ճանապարհները տանում են դեպի Հայրենիք
Բոլորս ճամփորդներ ենք այս աշխարհում և շատ հաճախ զգում ենք մեր անցնելը կյանքի և ժամանակի հարաբերությամբ, մեր հեռանալը որոշ բաներից, մեր մոտենալը ինչ-որ ուրիշ իրերի և երևույթների։ Ամեն մեկս մեր կյանքում պարբերաբար հետադարձ հայացք ենք ձգում մեր սկզբին, մեր անցած ուղուն, մեր արմատներին···
Դեռևս մեր մանկության, արդեն շատ հեռավոր կամ առայժմ բավականին մոտիկ, կայարաններում մենք հանդիպում ենք նախասիրությունների, որոնք հետզհետե դառնում են համոզմունքներ, հրապույրների, որ վերածվում են համակրանքի, գայթակղությունների, որ մի օր կայունանում են որպես սեր, ակնածանք, սրբություն··· և մեր կյանքում անկասկած երբևէ ստեղծվում է մի միջավայր, ուր մենք կարողանում ենք կոնկրետ ու համարձակ խորհել այս ամենի մասին և ըմբռնել շատ հասարակ ու պարզ իրողություններ, այն դառնում է երբեմն նոր ու կարևոր սկիզբ, խաչմերուկ՝ հեռացող ու վերադարձող ճանապարհների։
«Արմատ» հայկական դպրոցն արդեն 7 ուսումնական տարի շարունակ փորձում է դառնալ այդ միջավայրը, արմատները սնուցող և ճյուղերին ու սաղարթների ավիշ հաղորդող այն հայկական հարթակը, ուր շաբաթը 1-2 անգամ կրասնոդարցի տասնյակ հայ երիտասարդներ և պատանիներ փորձում են՝ նախ վեհերոտ ու երկչոտ, հետզհետե ավելի հստակ ու համարձակ, իմաստավորել իրենց տեսակի խորհուրդը, հոգեկերտվածքի խոր և առինքնող ծալքերը։
Բազմաթիվ են այստեղ ծնվող գաղափարներն ու նախաձեռնությունները։ Նախ՝ հայ ժողովրդի պատմության և հայ գրականության բաց դասերի միտքը ծնվեց, հետո՝ երիտասարդական կազմակերպության, այնուհետև հայկական երգի և հայ ավանդական պարի երեկոների··· Անցած ուսումնական տարում «Հայաստան» հիմնադրամի համար էին գումար հանգանակել աշակերտները, այս տարվա ընթացքում ավագ խմբի ուսանողները իրենց թոշակներից և միջոցներից նվիրատվություններ էին կատարել՝ Հայաստանի սահմանամերձ գյուղերի երեխաներին օգնելու նպատակով···
Այս դպրոցը կամաց-կամաց դառնում է հայի տուն, օջախ, հոգիների մերձեցման և ընդհանուր կյանքով ապրելու խարիսխ։ Եզերք, որից սկսվում, տարածվում, ձգվում են շատ կարևոր հարցերի պատասխաններ որոնելու ճանապարհներ։ Այս ամառ բոլոր ճանապարհները տանում էին դեպի հայրենիք։ Որոշ աշակերտներ այնտեղ մեկնեցին «Նարեկ» խմբի կազմում՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական երկրորդ փառատոնին մասնակցելու համար, մյուսները՝ «Արի տուն» ծրագրով՝ հայրենիքին ծանոթանալու նպատակով, երրորդները՝ անձնական այցերով թարմացնելու հայաստանյան տպավորությունները։
Ամառը, բնականաբար, աշակերտի և ուսանողի համար տարվա ամենահրապուրիչ և կարևոր եղանակն է։ Ուսումնական ծանրաբեռնված հոգսերն ընդմիջելով կարելի է կշտանալ քնից, հանգստանալ ու խաղալ, դիտել բոլոր սպասված ֆիլմերն ու հաղորդումները, զրուցել և թափառել ընկերների հետ, մեկնել սիրած վայրեր··· Ա՛յս դպրոցի պարապմունքներից երեխաները չեն հոգնում։ Մայրենի լեզվի դասերը նրանց համար պարտադրված, ուրեմն նաև՝ ձանձրալի ուսումնական ծրագրեր չեն, այլ հաճույքի և ճանաչման հրճվանքի անբացատրելի մի միակցություն, որից չեն հագենում։ Այդ պատճառով էլ, երբ առաջարկվեց ուսումը շարունակել ՀՀ Սփյուռքի նախարարության կազմակերպած «Ամառային դպրոցում», բոլորը անխտիր պատրաստ էին մեկնել Երևան։ Ցանկացողները այնքան շատ էին, որ ուսուցիչները հարկադրված էին ընտրություն կատարել։ Նախապատվություն տրվեց ամենակարգապահներին և նրանց, ովքեր դեռևս հայրենիքում չէին եղել։ Ավագ խմբերի 12 սաներ չորս շաբաթ ապրեցին մայրաքաղաքի «Շիրակ» հյուրանոցում և մասնակցեցին Երևանի պետական համալսարանում կազմակերպված դասընթացներին։
Տպավորությունները անսահման են, գունագեղ ու պայծառ։ Դասերին զուգահեռ երջանիկ ընտրյալների համար կազմակերպվել են բազմաթիվ հետաքրքիր հանդիպումներ և էքսկուրսիաներ՝ դեպի վանքեր ու եկեղեցիներ, թանգարաններ ու հուշարձաններ։ Շատերը առաջին անգամ իրենց համար հայտնագործել են իրական Հայաստանը, որ վառ ու գունեղ է ամենաճշգրիտ ֆիլմերից, ամենահուզիչ երգերից և ամենապատկերավոր տեքստերից անգամ, հիացել, զարմացել, ըմբոշխնել··· Հայ ընկերների հետ երկու տարի անընդմեջ դպրոց հաճախող Յուլիա Մեժերիցկայան վերադարձել է մի անպատասխան հարցով՝ հայերը ինչպե՞ս են կարողանում ապրել Երևանից հեռու: Յանան ու Գայանեն վայելել են ամեն մի պահը, շրջել բոլոր տեսարժան վայրերում, Մարինեն ու Անին նկարվել են ամեն խաչքարի մոտ, ջուր խմել ամեն ցայտաղբյուրից, Արսենն ու Արշավիրը փորձում էին հայկական բոլոր խորտիկները և հյութերը, իսկ Կարինեն ու Մարիան որոշել էին դիտավորյալ ուշանալ ինքնաթիռից ու մնալ Երևանում··· Ավելի սթափ ընկերուհիները նրանց մի կերպ համոզեցին հիմարություններ չանել։ «Միասին» երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամներ Արևիկ Թամրազյանը, Սուսաննա Սահակյանը և Արմեն Գալստյանը սահմանամերձ Կոթի գյուղի քահանա Տ. Հրայրին փոխանցեցին դպրոցի հավաքած օգնությունը (1000 ամերիկյան դոլլար) և խնդրեցին դպրոցականների համար առնել անհրաժեշտ գրենական պիտույքներ։
Դպրոցի ուսուցիչների ամառային ճանապարհները ևս հայրենիքով անցան։ Երազիկ Կարապետյանը և Արշալույս Երեմյանը Աղվերանում մասնակցեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության կազմակերպած համահայկական կրթական 6-րդ խորհրդաժողովին, որտեղ ներկա էին 140 պատգամավորներ 19 երկրներից։ Բազմաթիվ հրաշալի զեկուցումների և նախանձախնդիր ելույթների շարքում Ե·Կարապետյանը ներկայացրեց ռուսախոս միջավայրի համար իր հեղինակած երկրորդ «Մեծ Մհեր» ուսումնական ձեռնարկը, որը երաշխավորվել է ՀՀ Կրթության ազգային ինստիտուտի կողմից և «Տաթև» գիտակրթական համալիրի պատվերով հրատարակվում է Երևանի «Զանգակ» հրատարակչությունում։ Խորհրդաժողովը ևս մի քայլ էր ազգային կուռ գաղափարախոսության ձևավորման և մեր ազգային նախաստեղծ՝ հայկյան, տիգրանյան և նժդեհյան հոգեկերտվածքի որոնման ճանապարհին։ Սփյուռքի տարբեր երկրներից ժամանած հայկական կրթության գործի ջատագով հրաշալի գիտնականներ իրենց անբասիր գործերով և աշխատություններով քայլ առ քայլ հղկում, շտկում, սրբագործում են հայ պատանու, երիտասարդի, մարդու տեսակը, որպեսզի սերունդները կարողանան մարմնավորել բաղձալի տեսլականը։
Ոմանց իրենց հոժար կամքով, մյուսներին՝ ակամա, ձգվող և ոլորվող ճանապարհները նորից վերադարձրին «Արմատ» դպրոց։ Դպրոց, որի հիմքը դրվել էր մի փոքրիկ, տաքուկ սենյակում, իսկ ուսումնական ութերորդ տարին բացվելու է մի հոյակերտ չորսհարկանի շենքում··· որի աշակերտների թիվը 7 տարվա ընթացքում 15-ից դարձել է 150, որի հայեցի տարեգրությունը լցրել է տեսանելի թղթապանակներն ու դարակները և հարյուրավոր անտեսանելի հոգիներ···
Բարի՛ վերադարձ բոլորին, հայրենիքը շարունակվում է այստեղ···
Երազիկ Հարությունյան