Արտգործնախարարն ընդունեց Լիտվայի խորհրդարանական պատվիրակությանը

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունեց Լիտվայի խորհրդարանական պատվիրակությանը` Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հետ Լիտվայի Սեյմասի բարեկամության խմբի նախագահ Դալիա Կուոդիտեի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը կարևորեց նրանց գործունեությունը` ուղղված հայ-լիտվական հարաբերությունների զարգացմանը, խորհրդարանական կապերի ամրապնդմանը։ Նախարարը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանը և Լիտվան հաջողությամբ փոխգործակցում են, հաճախակի են բարձրաստիճան փոխայցելությունները։
Էդվարդ Նալբանդյանը առանձնահատուկ ընդգծեց Լիտվայի խորհրդարանում ԼՂՀ Ազգային Ժողովի հետ բարեկամության խմբի գործունեության կարևորությունը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և գործունեության բարձր գնահատականի համար` լիտվացի խորհրդարանականները վստահեցրին, որ շարունակելու են հայ-լիտվական հարաբերությունների առավել ամրապնդմանն ուղղված իրենց գործունեությունը։
Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության, միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ։
Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը։