Երգում են Երևանն ու Հալեպը
Ինչպես արդեն հայտնի է, Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում՝ ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ՀԲԸՄ հովանավորությամբ տեղի կունենա բարեգործական համերգ՝ «Երգում են 70-ականների Երեւանը եւ Հալեպը» խորագրով: Համերգից ստացված ողջ հասույթը կուղղվի սիրիահայերի կարիքների ապահովմանը: Այս ինքնատիպ ու բացառիկ համերգի գեղարվեստական ղեկավարն է Վազգեն Ասատրյանը: Համերգը կվարեն Սուսաննա Շահինյանը եւ Ժան Վարդանը:
Ազգային էստրադային արվեստի նվիրյալ Վազգեն Ասատրյանը վաղուց է հիմնավորել ուշագրավ մի ավանդույթ՝ բեմ բերելով մեր մշակութային կյանքում կարևորագույն իրադարձություններով ու ձեռքբերումներով հագեցած 1970-ականների երգն ու երաժշտությունը՝ այսպես ձևավորելով ինքնատիպ կամուրջ ժամանակների միջև: Այդ համերգները հետաքրքրել ու հրապուրել են ունկնդիրներին, առիթ տվել լսելու Առնո Բաբաջանյանի, Կոնստանտին Օրբելյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, այլոց ստեղծագործությունները, որոնք երբեք չեն մոռացվում և չեն պատվում ժամանակի փոշով: Նախորդ համերգները վկայել են, որ ժամանակը չի հեռացել մեզանից, որ այն ապրում է մեր մեջ: Նույն այդ համերգներին իր մասնակցությունն է բերել սփյուռքի մեծանուն երգչուհի Ռոզի Արմենը, որի հայտնությունը բեմում տոն էր ու խնդություն:
Այս բացառիկ համերգը վարողներից մեկը՝ հալեպահայ անվանի երաժիշտ Ժան Վարդանը մեզ ասաց. «Շուրջ քառասուն տարվա պատմություն ուներ մեր բարեկամությունը Կոնստանտին Օրբելյանի հետ: Վաղուց էինք բարեկամացել, նրա ստեղծագործությունները մեզ համար ուղեկիցներ էին դարձել: Շատ հաճախ հանդիպում էինք, քննարկում մեր երգարվեստին նվիրված խնդիրներ: Եվ այսօրվա համերգն էլ յուրովի նվիրում ենք նաև մեծ երաժշտի հիշատակին, որը Սիրիա-Հայաստան երաժշտական կապերի ամրապնդման ճանապարհին մեծ դերակատարություն ունեցավ: Հենց Օրբելյանի ղեկավարած նվագախումբը մեզ համար օրինակելի դարձավ և միջոց տվեց, որ Հալեպում ունենանք մեր նվագախումբը, բացի դասական ստեղծագործություններից, հնչեցնենք ժամանակակից հանրամատչելի երգը… 70-ականների Երևան և Հալեպ հասկացությունները խորհրդանշական են, որովհետև հենց այդ ժամանակ ծնունդ առավ մեր մեծ բարեկամությունը: Բարեկամություն, որը երբեք չի մոռացվի… Սիրիայի պատերազմը ավերեց մեր չքնաղ Հալեպը, ողբերգական առիթ տվեց, որպեսզի շատերը հեռանան երբեմնի հայահոծ քաղաքից, աղավաղվի ազգային մշակութային կյանքը, սակայն այս համերգային հայտագիրը վկայությունն է այն բանի, որ մեր հանդեպ ուշադրությունը չի պակասում, որ ինչպես Սփյուռքի նախարարությունը, այնպես էլ մյուս պետական ու ազգային կառույցները մտահոգված են այն բանով, որ սիրիահայերն Հայաստանում զգան իրենց տանը, որ մեր հոգիները փառավորվեն»:
Ավելացնենք, որ համերգին ելույթ կունենան սիրիահայ արվեստագետներ Կարօ Տաղտեվիրենեանը, Րենա Տին, Ժան Վարդանը, Հովիկ Կարապետեանը, Լիլա ՎարդանյանՊօղոսեանը, Սարգիս Մաթոսեանը, եւ Հայաստանից՝ Էմմին, Վահագն Հայրապետյանը, Արամոն, Գայանե Հովհաննիսյանը, Ռադիկ Գաբրելյանը, Ռուբեն Ամիրբեկյանը, Արման Ջալալյանը, Կարո Սարաֆյանը, Արամ Կարապետյանը, Լեոնիդ Դավթեանը, Սամսոն Աբգարեանը, Սամվել Մկրտչյանը, Երվանդ Սարգսյանը, Դմիտրի Արզումանյանը, Իշխան Հարությունյանը, Վահրամ Դավթեանը: Նվագակցում է «70-ականների Երեւան» նվագախումբը, որի երաժիշտների հիմնական մասը Կոնստանտին Օրբելյանի՝ Հայաստանի պետական էստրադային նվագախմբի անդամներն են:
Խոստանում ենք մեր ընթերցողներին ներկայացնել համերգից ստացված տպավորությունները:
Լևոն Մութաֆյան