Հայոց հնագույն այբուբենը՝ հիքսոսյան այբուբենը, Մաշտոցյան գրերի հիմք

«Ազատ Ձայն» լրատվականն իր ընթերցողին է ներկայացնում, թե ինչպես է Մեսրոպ Մաշտոցը վերագտել հայոց գրերի նախահիմք հանդիսացող հիքսոսյան կամ հին հայկական այբուբենը: Այս երկու այբուբենների միջև ընկած ժամանակահատվածը շուրջ 20 դար է, սակայն ինչպես երևում է ժամանակը չի կարողացել ամբողջությամբ ջնջել մեր նախնիների ստեղծած ամենավաղագույն այբուբենը, որը հիմք է հանդիսացել հնդկական բրահմի այբուբենի, փյունիկյան, սեմական, Ասիայի բոլոր այբուբենների և Աֆրիկայի այբունների ստեղծման համար:

Ստորև ձեզ կներկայացնենք մեծ հայագետ Սուրեն Այվազյանի «Հնագույն Հայաստանի Մշակույթի Պատմություն» գրքից մի հատված՝ նվիրված հայոց գրերի ծագմանը:

«Վերջին տարիների ուսումնասիրություններն ամենայն որոշակիությամբ ցույց տվեցին, որ Հին Հայաստանում, իրոք, գոյություն են ունեցել մինչմաշտոցյան գրեր, և օրեցօր ավելանում են այն հաստատող ծանրակշիռ ապացույցները:

Հին հայկական այբուբենի մասին միանգամայն որոշակիորեն մատնանշում են IV-V դարերի հայ պատմիչները՝ Կորյունը, Ղազար Փարպեցին, Մովսես Խորենացին: Այն ժամանակներում, երբ եկեղեցին աստվածացրել էր Մաշտոցի անձը և օրհնանքներում նշում էր, որ այբուբենի ստեղծմանը մասնակցել են աստվածային ուժերը, այդ համեստ գիտնականները՝ Մաշտոսի աշակերտներն ու զինակիցները, ձգտեցին սերունդներին հասցնել Մաշտոցի սխրանքի իսկական էությունը:

Կորյունը գրում է, որ հին հայկական գրերը պատահաբար հայտանբերել է «ասորւոց» եպիսկոպոս Դանիելը հին ժողովուրդների գրերի ժողովածուում: Կորյունը միանգամայն որոշակիորեն  գտած այդ գրերը անվանում է «հայ այբուբենի գրեր»: Մեկ այլ պատմիչ՝ Ղազար Փարպեցին, նույնպես վկայում է, որ «բարեպաշտ այր Դանիել եպիսկոպոսի մոտ եղել հայկական գրեր»:

Մովսես Խորենացին հայտնում է, որ Վռամշապուհ թագավորի պատվիրակ Վահրիճը «ուղևորվեց Դանիելի մոտ և մանրամասնորեն ծանոթացավ հնագույն ժամանակներում հորինված գրերին»:

Ուշագրավ է միջնադարյան պատմիչ Վարդան Մեծի (XII-XIII դարեր) խիստ հետաքրքիր հաղորդումը, որն առաջինը հիմնվեց փաստական նյութի վրա, որպեսզի հերքի Մաշտոցի «ոչնչից» այբուբեն ստեղծելու մասին տարածված առասպելները: Ահա այդ հատվածը Վարդան Մեծի  «Տիեզերական Պատմություն»-ից: Հայ գրերի գոյությունը հնագույն ժամանակներում ապացուցվել է Լևոն թագավորի օրոք, երբ Կիլիկիայում գտան մի դրամ, որի վրա հայկական տառերով գրված էր «Հայկազունի հեթանոս թագավորի անունը: Հենց այս այբուբենի թերություններն է լրացրել վերականգնողը և կարգավորողը, այսինքն՝ Մեսրոպ Մաշտոցը»:

Պատահական չէ, որ Վարդան Մեծը Մաշտոցին անվանել է «վերականգնող և կարգավորող», քանի որ նա, իրոք, վերականգնել է հին այբուբենը, այն հիմք է ընդունել, ապա լրացրել ու կարգի բերել:

Բացի այդ, Մովսես Խորենացին հայտնում է, որ Դանիելի մոտից հայտնաբերված այբուբենը չէր կարող արտահայտել հայոց լեզվի կապակցող հնչյունները, այսինքն՝ չունեն ձայնավորներ, որի պատճառով այն միաժամանակ մոռացվեց:

Վարդան Մեծը վկայում է. «Հնագույն ժամանակներից տառերը, որ գտնվել են Դանիելի մոտ, անբավարար լինելով արտահայտելու մեր լեզվի հնչյունները, մոռացության տրվեցին և սկսեցին օգտագործվել հունական, սիրիական և պարսկական տառեր»:

Այսպիսով, Մաշտոցը վերցրեց հին հայկական գրերի թերությունը՝ ձայնավորների բացակայությունը: Բայց այստեղ էլ Մաշտոցը «ոչնչից» չհորինեց ձայնավորներ: Նա սկսեց որոնումները: Աhա թե ինչպես է նկարագրում Մովսես Խորենացին նրա ստեղծագործական պահը. «Եվ տեսնում է (Մաշտոցը) ոչ այն է երազում, ոչ այն է արթմնի իր սրտի խորքում, հոգու աչքերին հայտնվող աջը, որ գրում է քարի վրա Ա, Ե, Ի, Ո, Ու: Քանի որ քարի վրա, ինչպես ձյան վրա, երևում էին տառերի հետքերը»:

Հետաքրքիր է մի մանրամասն, որ հիշատակում է Խորենացին: Տառերը Մաշտոցին երևացել են քարի վրա գրված: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հատկապես նշելով Մաշտոցի ստեղծագործական միտքը, Խորենացին գիտակցորեն ուզում է ընթերցողին հասցնել այն գաղափարը, որ այբուբենի  ստեղծումը Մաշտոցի գործն է, որը քարի վրա հայտնաբերել է իրեն անհրաժեշտ տառերի ուրվագծերը: Եվ հենց այդ տառերն են՝ միայն ձայնավորները, որ պատմաբանները համարում են հայտնագործություն, այբուբենի ստեղծման պրոբլեմի լուծում:

Հենց այդ թերությունն էլ՝ ձայնավորների բացակայությունը ցույց է տալիս հին այբուբենի կապը հիքսոսյան կամ հին հայկական այբուբենի հետ, որին այնքան բնորոշ է ձայնավորների նկատմամբ անտարբերությունը և որի հիման վրա ստեղծվել են սեմական աշխարհի այբուբենները:

Դժվար է մարդկային պատմության մեջ գտնել առավել եզակի մի երևույթ, քան հիքսոսյան աշխարհը: Ապշեցուցիչ է այն պարգևը, որ մարդկությանը բերել է հիքսոսների ստեղծագործական հանճարը, աշխարհում առաջին այբուբենից մինչև առաջին մարտակառքը, երկաթի ձուլումից մինչև առաջին օրացույցը՝ կայուն տարով, համեմատած նրա կարճատև քաղաքական կյանքի հետ:

Հիքսոսները Եգիպտոսում հայտնվել են մ.թ.ա. մոտ 1710 թվականին Միջին և Նոր թագավորությունների միջև եղած ժամանակաշրջանում, և մնացել են մինչև մ.թ.ա. 1580 թվականը:

Գիտությանը միայն մի պատմիչ է հայտնի, ով նկարագրել է հիքսոսների՝ Հայկական լեռնաշխարհից Եգիպտոս կատարած արշավանքը: Նա առաջինն է, որ հայտնում է օտարերկրացիների անունը: Այդ պատմիչը եգիպտական քուրմ Մանեթոնն է (IV-III դար մ.թ.ա.): Հիքսոսների մասին ամենաստույգ աղբյուրը Եվսեբիոս Կեսարացու «Ժամանակագրության» հայերեն թարգմանությունն է: Կեսարացին միակ և վերջին պատմիչն է, որ հիքսոսների պատմությունը շարադրելիս անմիջապես օգտվել է Մանեթոնից: Հիքսոսների մասին մենք այստեղ մանրամասն չենք խոսի: Նշենք միայն, որ հիքսոս բառում աչքի է զարնում հայկական էթնիկական «հայ» տերմինը: Այդ ժամանակ Հայկական լեռնաշխարհում գոյություն է ունեցել Հայասա պետությունը՝ հայերի բնօրրանը, և հիքսոսները արշավել են հենց այդ խոշոր կենտրոնից, որտեղ մ.թ.ա. II հազարամյակի սկզբում հայտնագործվել է երկաթաձուլման պրոցեսը: Հիքսոսների ամենամեծ ծառայությունն այն է, որ նրանք առաջինն են այբուբեն հորինել:

Մեծամորի պեղումներից և այնտեղ գաղափարագրեր հայտնաբերելուց հետո, միանգամայն ակնհայտ է, որ հիքսոսներն իրենց հայրենիքում ունեցել են գաղափարագրեր և կարող էին հասնել այբուբենի գաղափարին ոչ թե Եգիպտոսում, այլ հենց իրենց հայրենիքում՝ Հայաստանում: Այսինքն, հայերը հանգել են այբուբենի գաղափարին՝ ելնելով հենց իրենց գաղափարագրերից և կատարել են այդ սխրանքը հենց Հայաստանում:

Այսպիսով, մ.թ.ա. XVIII դարը եղել է առաջին անձայնավոր այբուբենի ստեղծման դար, որը սկիզբ է դրել Ասիայի, Աֆրիկայի և Եգիպտոսի այբուբեններին: Հիքսոսյան այբուբենի, հին հայկական գաղափարագրերի ու Մեծամորում գտնված գաղափարագիր նշանների համեմատությունը ցույց է տալիս դրանց լիակատար նմանությունը, անտարակուսելի ծագումնաբանական կապը: Վերականգնվեց այն վճռորոշ փաստը, որը առաջնակարգ նշանակություն ունի հայկական այբուբենի ուղիների ուսումնասիրման համար:

Հայերի և հիքսոսների բառապաշարի նմանությունները, հիքսոսների Եգիպտոս տարած մարտակառքերը, որոնց նյութը ծնունդ էր առել Արարատ լեռան շրջակայքում, Նեղոսի ափին Ավարիս մայրաքաղաքի հիմնելը, հիքսոսների ծանոթ լինելը երկաթաձուլմանը, որն առաջին անգամ իրագործվել է Հայկական լեռնաշխարհի սահմաններում և, ի վերջո, այսպիսի փաստերի կողքին ամենակարևորը՝ հիքսոսների ու հայերի գաղափարագրային այբուբենի ծագումնաբանական կապը, թվում է՝ հաստատում են մեր կարծիքը:

1967թ. ապացուցվեց, որ հնդկական բրահմի այբուբենը (մ.թ.ա. XV դար) սկիզբ է առել հիքսոսյան այբուբենից և մի շարք նմանություններ ունի Մեծամորի գաղափարագրերի և հին հայկական ձեռագրերում հանդիպող գաղափարագրերի հետ:

Ինչպես հայտնի է, բրահմի այբուբենն իր ազդեցությունն է թողել հին արաբական թվականների ծագման վրա: Հստակորեն նշմարվում է նաև ծագումնաբանական կապը բրահմի այբուբենի թվականների և հիքսոսյան ու հին հայկական գաղփարագրերի միջև:

Հետաքրքիր է վեց ձայնավորների ու կիսաձայնավորների (որոնցով Մաշտոցը լրացրեց հին հայկական այբուբենը) համեմատությունը բաբելոնյան սեպագրերի հինգ ձայնավորների (ա, ե, ի, ու, ու) հետ: Մաշտոցի ձայնավորները գրեթե լիովին համընկնում են բաբելական սեպագրերի հետ: Հենց այդ քարի վրա դրոշմված բաբելական ձայնավոր սեպագրերն էին պակասում այբուբենին, որին և Մաշտոցը հնչեղություն տվեց:

Այսպիսով, Մաշտոցի ստեղծած նոր հայկական այբուբենի էությունը հանգում է այդ ձայնավորների հայտնագործմանը, որոնք համանման են բաբելական սեպագրերին, և ձայնավորների պակասը հին հայկական (հիքսոսյան) այբուբենում լրացնելուն: Ինչպես հայտնի է, ի տարբերություն բաբելական սեպագրերի՝ եգիպտական գաղափարագրերը (Ֆր. Շամպոլիոնի «գաղափարագիր այբուբենը») ձայնավորներ չունեն, որը հատուկ է եղել ձայնավորների նկատմամբ ունեցած անտարբերությունը և, Եգիպտական գաղափարագրերի հիման վրա հիքսոսների ստեղծած այբուբենում դրանք բնականաբար պետք է բացակայեին:

Փյունիկցիները կամ, թերևս հույները, առաջինը հիքսոսյան այբուբենի սկզբունքը միացրին բաբելոնյան հնչեղության սկզբունքի հետ, մինչդեռ բուն Հայաստանում այդ սկզբունքը ձայնարկության բացակայության պատճառով տեղը զիջեց սեպագրերին, իսկ հետո հունական, ասորական և այլ գրերի, որոնք միայն մի առավելություն ունեին՝ հնչեղություն և բազում թերություններ՝ կապված հայոց լեզվի արտահայտչական յուրահատկությունների հետ:

Այբուբենի սկզբունքը ձայնարկման սկզբունքին միացնելը հայերի մոտ ուշացավ: Հայկական տառերի հնամենի ձևը բացատրվում է այն բանով, որ նրա հիմքում ընկած է աշխարհի հնագույն այբուբենը՝ հիքսոսյան այբուբենի հետագա ձևը:

Հնագույն հայկական այբուբենի մոռացմանը նպաստել է քաղաքական իրադրությունը: Հայտնի է, որ հիքսոսները, նվաճելով Եգիպտոսը, այնտեղ մտցրին օրացույց, ստեղծեցին այբուբեն և, չնայած այն բանին, որ հիքսոսյան օրացույցն ու այբուբենն ակնհայտորեն առաջադիմական էին, եգիպտացիները հիքսոսների վտարումից հետո հրաժարվեցին դրանցից: Եգիպտացիների համար հին գրերին վերադառնալը նշանակում էր մշակութային զարգացման ազգային ձևերի վերականգնում, որպես երկրի ինքնուրույն քաղաքական զարգացման պայմաններից մեկը:

Ահա թե ինչու Մաշտոցի՝ հին հայկական այբուբենի վերադառնալը, այն ձայնավորելը և նոր, միանգամայն ամբողջական այբուբենի երևան գալը այդպիսի հսկայական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի կյանքում:

Այբուբենի հանտնագործությունը սերտորեն կապված է արտադրական ուժերի զարգացման հետ, որը հաջորդեց երկաթաձուլմանը: Այլ կերպ ասած, այբուբենը երևան եկավ երկաթի շնորհիվ, գրերի հսկայական պատկերագաղափարական՝ գաղափարագրային համակարգը պարզեցվեց, հարմարեցվեց գործնական պահանջներին:

Հայաստանում այբուբենն այդպես էլ անվանվեց՝ «երկաթե դարե գիր», երկաթագիր:

Հին հայկական գրերը, սակայն, իսպառ և ամենուրեք չէ, որ մոռացության տրվեցին: Դրանք զարգացան  առանձին հայկական հեթանոսական տաճարներում՝ Ասորիքում, Պաղեստինում, Եգիպտոսում, ուր չէին թափանցել քաղաքական հովերը, որ իշխում էին Հայաստանում:

Նշենք, որ ավելի քան 20 դար է ընկած հիքսոսյան և Մաշտոցյան այբուբենների միջև»:

armfvn.com

այբուբեն այբուբեն1 այբուբեն2

Scroll Up